...

Մի՛ շտապիր, միշտ կա երրորդ ճանապարհ

Մի՛ շտապիր, միշտ կա երրորդ ճանապարհ

«Ես կարծում եմ, որ հետընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր ուժերն իրենց առջև դնելու են մեկ խնդիր՝ ազատվել այս իշխանությունից և ձևավորել համազգային համախոհության կառավարություն: Այսինքն՝ դա չի լինելու մեկ անձի կամ մեկ ուժի կառավարություն, այլ ազգային համերաշխության կառավարություն: Հիմա այս կառավարության մեջ՝ ո՛չ ազգայինի իմաստով, և ո՛չ էլ համերաշխության, Փաշինյանը չկա և չի կարող լինել: Այսինքն՝ որևէ ուժ, որն առնչություն կունենա և կփորձի վերարտադրել Փաշինյանին, ուրեմն նա նպաստում է ապազգայինին և համերաշխության խաթարմանը»:

Սա հատված էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի՝ 168.am կայքին տված հարցազրույցից:

«ՉԻ». Դե ինչ, սա չափազանց խիզախ հայտարարություն ու կանխատեսում է: Այսինքն՝ Խաժակյանը համոզված է, որ «Լուսավոր Հայաստանը» հայտնվելու է հաջորդ խորհրդարանում և նաև միանշանակ խոստանում է, որ որևէ պարագայում չեն համագործակցի ներկայիս իշխանությունների հետ:

Ըստ բոլոր հարցումների, այդ թվում՝ ԱՄՆ Հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումների, «Լուսավոր Հայաստանը» անցողիկ շեմի հետ կապված մեծ խնդիր ունի: Այնպես որ՝ սկզբի համար պետք է կրկին հայտնվել խորհրդարանում:

Հարց է առաջանում. եթե պատրաստ եք բոլորի հետ համագործակցել՝ հանուն Նիկոլ Փաշինյանի հեռացման, ինչո՞ւ 5 ամիս ոչինչ չարեցիք այդ ուղղությամբ, ինչո՞ւ չմիացաք Հայրենիքի փրկության շարժմանը:

Բացի դրանից, վերջին 3 տարում «Լուսավոր Հայաստանը» այս կամ այն հարցի հետ կապված մի քանի անգամ 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը: Օրինակ՝ հեղափոխությունից առաջ «Լուսավորը» հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկիրը տանում է բախումների: Ընդամենը մեկ ամիս անց «Լուսավորը» մաս կազմեց նոր կառավարությանը:

Կամ բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչպես էր Էդմոն Մարուքյանը անցած տարվա սեպտեմբերի 27-ին պաշտպանում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, որ պետք է ընդունել մարտը և մինչև վերջ պայքարել: Իսկ թե ինչ են ասում հիմա, բոլորը գիտեն:

Այնպես որ՝ Խաժակյանի «Լուսավոր Հայաստանի» ավագ գործընկերները ճիշտ կանեն խորհուրդ տան, որ երիտասարդ գործիչն ավելի զուսպ լինի իր կանխատեսումների ու խոստումների մեջ: Միշտ կա երրորդ ճանապարհ: Ի՞նչ իմանաս, կարող է ընտրությունների արդյունքով Մարուքյանը համաձայնի փոխնախարարների մի քանի պաշտոն վերցնել: Ի վերջո, Նիկոլը հո Սերժից այդքան վատը չէ՞:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ