...

Մոլորվել ենք մեր իսկ հորինած «խաղաղության խաչմերուկում»

Մոլորվել ենք մեր իսկ հորինած «խաղաղության խաչմերուկում»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն ցանկանում է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները՝ հույս ունենալով ստանալ Հայաստանի «կադաստրի թուղթն» ու ժողովրդին խոստանալով երկիրը դարձնել «խաղաղության խաչմերուկ»։ Այդ «խաչմերուկ» կոչվածն առայժմ ընդամենը գունավոր պրինտերով տպված ինչ-որ քարտեզ-սխեմա է, ժողովուրդն էլ մեկ այդ թղթին է նայում, մեկ՝ ադրբեջանական հարթակներում գովազդվող լուսանկարներին, որտեղ, օրինակ, Հաղպատի վանքն է՝ «ալբանական եկեղեցի Արևմտյան Ադրբեջանում» գրությամբ, ու չի կողմնորոշվում՝ հավատա՞լ «խաղաղության խաչմերուկին», թե՞ ոչ։ 

Չի կողմնորոշվում նաև ընդդիմության դիրքորոշման պատճառով։ Որովհետև ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, օրինակ, հայտարարում է, թե Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն համաձայնվի, որ Հայաստանը դառնա խաչմերուկ, որովհետև չեն ցանկանա Հայաստանի զարգացումը, մի ուրիշն էլ ասում է՝ այդ դեպքում Հայաստանը կդառնա ոչ թե «խաղաղության խաչմերուկ», այլ «պռախադնոյ դվոռ», ժողովուրդը՝ թուրք-ադրբեջանական հաղորդակցությունները սպասարկող անձնակազմ, ու կարճ ժամանակ անց երկիրը կամ կդատարկվի, կամ կդառնա թուրքական վիլայեթ։ Ու այս իրարամերժ պնդումները լսողներն այդպես էլ չեն հասկանում՝ «խաչմերուկ» դառնալուց հետո Հայաստանը կզարգանա՞, թե՞ կդառնա վիլայեթ։ Տարակուսանքի պատճառը պարզ է․ եթե կզարգանա՝ ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ, եթե վիլայեթ կդառնա՝ ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանը դեմ։

Նիկոլ Փաշինյանի պահվածքն էլ է տարօրինակ։ Նա, օրինակ, հայտարարում է, թե «ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը», ու ակնհայտորեն նկատի ունի բոլոր ոլորտները, այդ թվում՝ արտաքին կողմնորոշումը։ Բայց այդ նույն «տնտեսական տրամաբանությունը» հուշում է, որ Հայաստանի համար լավագույն կառույցը ԵԱՏՄ-ն է՝ էժան էներգակիրներ ենք ստանում, Ռուսաստանն էլ հայկական ապրանքների համար հարմարավետ շուկա է։ Մինչդեռ Եվրոպան, օրինակ, «ամեն ինչի հիմքում միայն տնտեսական տրամաբանությունը» չի տեսնում, դրա համար էլ հրաժարվեց ռուսական էժան էներգակիրներից՝ վտանգի տակ դնելով սեփական տնտեսությունը։ Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Առաջնորդվելով «տնտեսական տրամաբանությամբ»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց անգամ չի քննարկում, իսկ ահա արտաքին-քաղաքական և անվտանգության ոլորտներում դուրս է մղում Ռուսաստանին ու թեքվում դեպի Արևմուտք։ Հարց՝ որքանո՞վ է դա իրատեսական, դեռ որքա՞ն ժամանակ Ռուսաստանն ու Արևմուտքը կհանդուրժեն «միաժամանակ երկու աթոռի նստելու» այս փորձերը (երկու կողմից էլ վերջնականապես կողմնորոշվելու կոչեր են հնչում), ու ինչո՞վ կավարտվի այս ամենը։ 

Սերժ Սարգսյանի համանման փորձերը հեչ լավ ավարտ չունեցան։ Հայաստանը երկար տարիներ «եվրոասոցացվում էր», հետո մի գիշերում մտավ Մաքսային միություն, բայց արդեն ուշ էր՝ Ադրբեջանը հասցրել էր մի քանի միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն գնել, Հայաստանն էլ դրանից հետո չկարողացավ (ու առ այսօր չի կարողացել) վերականգնել հուսալի գործընկերոջ իր իմիջը ո՛չ Արևմուտքում, ո՛չ Ռուսաստանում։ Այլ հարց է, որ այն ժամանակ խաղասեղանին միայն Ղարաբաղն էր, իսկ հիմա՝ նաև Սյունիքը (եթե ոչ ամբողջ Հայաստանը)։ Ու եթե այն ժամանակ ընդամենը 800 հեկտար կորցրեցինք ու «Լավրովի պլան» ստացանք, հիմա կարող ենք 2 միլիոն հեկտար կորցնել (1,2 միլիոնն արդեն կորցրել ենք) ու նոր «Ալեքսանդրապոլի պայմանագիր» ստանալ։ 

Հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանն այս ամենը, գիտակցո՞ւմ է, որ չի կարողանալու միաժամանակ երկու աթոռի նստել, թե՞ նրան հետաքրքրում է միայն իր աթոռը՝ բառիս բուն իմաստով։ Գուցե ժամանա՞կն է, որ հասարակությանը հստակ ասի, թե ինչ ճանապարհով է պատրաստվում տանել երկիրը, որպեսզի հասարակությունն էլ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու (ընդունելու կամ մերժելու) ժամանակ ունենա։ Եվ ոչ թե «առավոտյան արթնանա» ու պարզի, որ վերջ, ամեն ինչ որոշված է, փաստաթուղթը՝ ստորագրված, «գլխներիս գալիքը»՝ ինչպես միշտ, անորոշ։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ