Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը հանդես է եկել հոդվածով՝ ներկայացնելով իր տեսակետն այն մասին, թե ինչ է եղել իրականում և ինչ կարելի է անել։
Կարճ ձևակերպենք հոդվածի՝ ի՞նչ է եղել իրականում հատվածը։ Ըստ հոդվածագրի՝ 44-օրյա պատերազմի ավարտին Ալիևը սեղանին է դրել իր առավելագույն պահանջները՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք և հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ։ «Իմ ենթադրությունն է, որ այդ երեք հարցերը դուրս են թողնվել զինադադարի գրավոր հայտարարությունից, բայց ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որի վկան, նաև՝ երաշխավորը, եղել է Պուտինը»,- նշել է Օսկանյանն՝ ընդգծելով, որ այս իրավիճակում Փաշինյանը չունի մանևրելու հնարավորություն, «իսկ Ռուսաստանի լռությունը դառնում է եթե ոչ արդարացված, ապա առնվազն՝ բացատրելի։ Պուտինի ձեռքերը կապված են ոչ միայն իր աշխարհաքաղաքական թուլացած դիրքով, այլև նոյեմբերի 9-ին տրված բանավոր խոստման վկան լինելով։ Հետևաբար, օրվա հրամայականն է դառնում նոր բանակցողի, իմա՝ երկրի նոր ղեկավարի հայտնվելը»։ Իսկ եթե այդպես չէ, ուրեմն՝ Փաշինյանը «կամ պետք է հերքի այս թեզը, ասի, որ ոչինչ չի խոստացել բանավոր, ու իր անմիջական քայլերով, այսինքն՝ կտրուկ փոխելով քաղաքականության տրամաբանությունը, ապացուցի դա, կամ հրաժարական ներկայացնի»,- հավելել է նախկին արտգործնախարարը։ Ըստ նրա՝ «նոր բանակցողի հայտնվելը ոչ միայն Հայաստանին կազատի այդ կապանքից (բանավոր խոստում․-խմբ), այլև կազատի Ռուսաստանի ձեռքերը՝ հապշտապ և ոչ շահեկան լուծումների փոխարեն նոր բանակցային փուլ սկսելու համար»։
Ինչ կարելի անել՝ «անհրաժեշտ է նոր բանակցող, որը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար կձևակերպի բանակցային նոր օրակարգ»։ Այ այստեղ Օսկանյանն առանձնապես չի խորանում մեխանիզմների մեջ՝ ինչպե՞ս ձևակերպել այդ օրակարգը։ Փոխլրացնող քաղաքականություն + ընդհանրապես չհրաժարվել պայմանագիր կնքելու հեռանկարից։ «Պարզապես անհրաժեշտ է փոխել դրա շուրջ ստեղծված և այլոց կողմից ընկալված առկա ենթատեքստը»,- առաջարկում է Օսկանյանը։
Անշուշտ, կարելի է համաձայնել-չհամաձայնել Օսկանյանի առաջարկներին կամ նրա ենթադրությունները փաստազուրկ համարել։ Բայց մյուս կողմից էլ այսօր անհրաժեշտ է լսել բոլորին, համադրել կրկնվող առաջարկները, դուրս բերել դրանք, դրանց շուրջ ձևավորել քաղաքական օրակարգ, միասնական դիրքորոշում և սկսել աշխատել։ Զինվորը աշխատում է սահմանին։ Նա կյանքի գնով ժամանակ է կորզում, որ քաղաքական ճակատն աշխատի։ Իսկ այստեղ միայն փլուզումներ ենք արձանագրում րոպեի արագությամբ։ Թիթեռի կյանք ունեցող ստատուսները, հանրահավաքի ֆորմատներում հնչող անեծք-հայհոյանք-հայրենիք փառաբանող ճառերը նույնքան վտանգավոր են, որքան Հայաստանի ինքնիշխան տարածքում հայտնված դիվերսիոն խմբերն ու առաջնագծում կանգնած գերզինված ադրբեջանցին։ Հիմա ժամանակը չէ շատ խելոք երևալու կամ ճիշտ դուրս գալու, որովհետև ամենախելոքներին ու ամենաճշմարիտներին անգամ պարտությունը կուլ է տալիս նույն արագությամբ, ինչ հիմարներին ու սխալականներին։
Գոհար Վեզիրյան