...

Ո՞վ օրակարգ չունի

Ո՞վ օրակարգ չունի

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին հոդված է հրապարակել։ Դրանից առանձնացնենք որոշ ձևակերպումներ․ 

    Հետպատերազմյան շրջանում հայկական կողմի «խաղաղության» կոչերն ու քայլերը մեծ ակնկալիքներ են առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում, և ձգձգումը կամ դրանցից հրաժարումը անպայմանորեն կհանգեցնի պատերազմի։

    Ակնհայտ է, որ Հայաստանի ազգային որևէ կառավարություն չի կարող բավարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահանջը։ Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը, որ Հայաստանը վաղուց արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհասկանալի և անընդունելի է թե՛ Ադրբեջանի, թե՛ հայ ժողովրդի համար։ Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Արցախի ճակատագիրը կանխորոշված է:

    Հատկանշական է, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ նախապայմաններում, ինչքան ինձ է հասանելի, չի հիշատակվում «միջանցք» բառը։ Զուգահեռաբար, Ադրբեջանն արդեն Իրանի տարածքով սկսել է երկաթգծի և ճանապարհների շինարարություն՝ Նախիջևանի հետ ցամաքային կապը ապահովելու համար։ Ադրբեջանը, հետապնդելով Սյունիքով միջանցք ստանալու խնդիրը, առաջին օրվանից էլ ցանկանում էր դրա համար ամրագրել Լաչինի միջանցքի հայելային կարգավիճակը։ Եթե, սակայն, Ադրբեջանն այսօր ընտրություն ունենա Սյունիքով միջանցք ստանալու և Լաչինի միջանցքն իր տնօրինության տակ վերցնելու միջև, կընտրի վերջինը։

    Հայկական կողմի խնդիրն այն է, որ չունի հստակ օրակարգ։ Ոչ ոք չգիտի, թե մենք ինչ ենք ուզում, ինչ խնդիրներ ենք դնում սեղանին։ Խաղաղության ձգտումը օրակարգ չէ, եթե դրա տակ չկա հստակ ազգային ճանապարհային քարտեզ։

    Որքան շուտ հայկական կողմը ձևավորի և հրապարակայնացնի իր օրակարգը, այնքան նվազ կլինի պատերազմի հնարավորությունն ապագայում։ Այդ օրակարգում հայկական կողմն իր համար պետք է ամրագրի երկու կարևորագույն սկզբունք․ ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Գեղեցիկ է հնչում։ Ափսոս, որ լսող, առավել ևս իրականացնող չի գտնվելու։ Հայկական կողմը ոչ թե չի ուզում, այլ ավելի շուտ չի կարողանում ձևավորել իր օրակարգը։ Ինչո՞ւ, որովհետև Փաշինյանի կառավարությունը զբաղված է ներքին լսարանի ականջները շոյող ռեֆորմներով։ Այսօր է խոսել մեծ ռեֆորմների մասին հենց կառավարության նիստում։ Ծխախոտի արգելքը համարել է մեծ ռեֆորմ, ընդ որում՝ քաղաքակրթական։ Աղի ռեֆորմի մասին հաջորդ նիստին է խոսելու։ Հիմա, եթե ձևավորելիք չունի, ուրեմն՝ հրապարակայնացնելու խնդիրն էլ ավտոմատ փակվում է։ Երկրորդ՝ հստակ օրակարգ չունենալն օրակարգ է համարում։ Օսկանյանն ասում է՝ ոչ ոք չգիտի՝ ի՞նչ ենք ուզում։ Կարևորը ինքը գիտի, թե ինքն ինչ է ուզում։ Գիտի նաև, որ օժտված է բոլորիս փոխարեն որոշում կայացնելու մանդատով, որ Հայաստանը ժողովրդավարության բարձրագույն լիգայում է, որին կատարյալ երջանկության համար խաղաղության դարաշրջանն է պակասում։ Հիմա Օսկանյանն ու մնացածները ինչքան ուզում է գրեն, զգուշացնեն, ահազանգեն, մեկ է՝ անելու է այն, ինչ ինքն է մտածել։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ