...

Նախարար Արշակյանը բլդուղ է արել թերացած աշխատակցին

Նախարար Արշակյանը բլդուղ է արել թերացած աշխատակցին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ ավարտվել է IDEX 2021 ցուցահանդեսի ծառայողական քննությունը:

«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի փետրվարի 24-ի N 153-Ա հրամանով (այսուհետ՝ Հրաման) ծառայողական քննություն է նշանակվել՝ 2021 թվականի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով:

Հրամանի 2-րդ կետով սահմանված մեկամսյա ժամկետի ավարտին ծառայողական քննության շրջանակներում ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել հետևյալը.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա նշենք, որ դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:

2. Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում․ Նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»:

3. Այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների և ընկերությունների ներկայացուցիչների կողմից ձեռք են բերվել ավելի քան 150 գործնական կոնտակտներ, 50 նախնական պայմանավորվածություններ, հայկական տաղավար են այցելել մի քանի երկրների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում:

«ՉԻ». Մի քանի անգամ ստուգեցինք, ֆեյք լուր չէ: Իսկապես նախարարությունն է հեղինակել «ԱրմՔոմեդի» ծրագրին կամ «Լուրեր Դժոխքից» խմբին հարիր այս տեքստը: Մարդիկ մի ամիս հետաքննություն անցկացրեցին, որի արդյունքում երկնեցին այս հրաշալի հայտարարությունը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տիեզերական հեգնանքի կարժանանար այս տեքստը, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ ընդդիմադիր, իսկ նախարարը լիներ Չոռնի Գագոն:

Հակոբ Արշակյանին պետք էր հեռացնել հենց այս ձախողումից հետո, որպեսզի հանգիստ սուրճ խմելու ժամանակ ունենար, և ոչ մի լրագրող չկարողանար նրան հանդիմանել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճում:

Նորից վերադառնալով հայտարարության տեքստին. մեզ հաջողվեց պարզել, որ իրականում նախարարությունը համեստություն է արել և ամբողջովին չի ներկայացրել Դուբայում իր հաջողությունների ցանկը:

Եվ այսպես.

4. Նախարարության աշխատակիցներին հաջողվել է ցուցահանդեսի մնացած մասնակիցների հետ հավասար նախաճաշել, ճաշել ու ընթրել:

5. Նախարարության աշխատակիցներին հաջողվել է Դուբայում գտնել այն մոլը, որտեղ ամենաէժան այֆոններն են վաճառում:

6. Ցուցահանդեսի մասնակիցներից մեկը պատահաբար վայր է ընկել հայկական տաղավարի մոտակայքում և մոտ 15 րոպե ստիպված նայել է նախարարության աշխատակիցների կողմը:

7. Նախարարության աշխատակիցները սառնարանի մագնիս են բերել նախարարության ողջ աշխատակազմի համար: Սա աննախադեպ իրողություն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ, երբ գործուղման մեկնածները այս քանակի մագնիսներ են բերում:

8. Բացի նկատողությունից, նախարար Արշակյանը անձամբ նաև բլդուղ է արել թերացած աշխատակիցներից մեկին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   783 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ