...

Նախկինների ամենամեծ դավաճանությունը

Նախկինների ամենամեծ դավաճանությունը

Նախորդ իշխանությունը չափազանց վատ որակի իշխանություն էր, դրա համար էլ ի վերջո մերժվեց: Բայց կյանքը ցույց տվեց, որ նրանք դեռևս չէին բացահայտել իրենց ամբողջ պոտենցիալը: Ընդդիմության կարգավիճակում նրանց գործունեությունը թերևս ավելի խայտառակ է, քան անգամ ձախողված իշխանության կարգավիճակում:

Միայն արտաքին քաղաքականության և մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում նախկին իշխանությունների գործունեությունը գալիս է հաստատելու այդ գնահատականը: Ընդդիմության հացն է քննադատելը: Ցանկացած մեղադրվողի իրավունքն է պաշտպանվելը, բայց ռևանշիստները երկու տարի է, ինչ նպատակաուղղված հարվածներ են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին:

Նրանք չեն խորշում գնել ռուսական մեդիաների հրապարակումներ, այդ երկրի փորձագիտական ներկայացուցիչների, որոնք հանդես կգան Հայաստանի դեմ: Եվ քանի որ ոչ մի գործ որակով չեն կարողանում անել, այդ արշավների ընթացքում հարվածում են ոչ միայն գործող իշխանություններին, այլ նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին:

Ռևանշիստներն օգտվում են վարձկանների ծառայություններից, իսկ ինչպես հայտնի է՝ վարձկանների միջոցով դժվար է մեծ արդյունքներ գրանցել: Պատմությունից հայտնի է, որ վարձկաններին օգտագործելու դեպքում պետք չէ մեծ արդյունքներ ակնկալել:

Հիմա, երբ Մարգարիտա Սիմոնյանը վիրավորանքներ հնչեցրեց Հայաստանի իշխանությունների հասցեին, ո՞վ ավելի շատ տուժեց՝ իշխանություննե՞րը, թե՞ Հայաստանը: Հանրությունը համախմբվեց և արժանի հակահարված տվեց տիկնոջը: Իհարկե, այդ ընթացքում գնահատականներ հնչեցնելով Ռուսաստանի և նրա ղեկավարի վերաբերյալ:

Ինչ ունենք չոր մնացորդում: Հանրությունը համախմբվեց իշխանության շուրջ, բայց հայ-ռուսական հարաբերությունները հաստատ ավելի ցածր նշաձող գրանցեցին:

Երեկվանից էլ ռևանշիստների մամուլը քննադատում է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական RBC լրատվամիջոցին: Նրանց հատկապես նյարդայնացրել է վարչապետի այն միտքը, որ ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Սարգսյանը և ո՛չ էլ Քոչարյանն են Ռուսաստանի դաշնակիցները, այլ հայ ժողովուրդը: Չէ՞ որ դա վերջին կարգավիճակն է, որ կարող է ապահովել նրանց ներկայությունը քաղաքական դաշտում: Եթե պարզվում է, որ նրանք հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում մենաշնորհ չունեն, ապա զրկվում են վերջին կռվանից, և նրանց ներկայությունը քաղաքական լանդշաֆտում դառնում է լրիվ անիմաստ:

30 տարվա ընթացքում Հայաստանի ոչ մի իշխանություն, ոչ մի ընդդիմություն այնքան վնաս չի հասցրել հայ-ռուսական հարաբերություններին, որքան Քոչարյանը և Սարգսյանը վերջին երկու տարիների ընթացքում: Իսկ դա, ելնելով ներկայիս տարածաշրջանային զարգացումներից, դավաճանությունից բացի ուրիշ գնահատականի դժվար է արժանացնել:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ