Հայաստանի այսօրվա իշխանությունների պահվածքում որևէ նոր բան չկա, այս ամենը մենք մի քանի անգամ արդեն տեսել ենք։ Ուրեմն 1991 թե 92 թվականն էր, Հայաստանը նոր-նոր անկախացել էր, բայց Գերագույն խորհրդի գրեթե կեսը նախկին խորհրդային կոմունիստ-չինովնիկներն էին։ Եվ ահա նիստերից մեկի ընդմիջման ժամանակ նրանք ԳԽ բուֆետում սուրճ են խմում, ու այդ պահին ներս է մտնում Խաչիկ Ստամբոլցյանը՝ նոփ-նոր և այն տարիների համար բավականին թանկարժեք կոստյումով։ Նկատելով կոմունիստների ժպիտները՝ սա արդարանում է․ «ե՛ս չեմ առել, նվեր եմ ստացել»։ Նրանցից մեկն էլ քմծիծաղ է տալիս՝ «բա քեզ թվում ա մենք կաշառք էի՞նք վերցնում, մեզ է՛լ էին նվեր տալիս»։
Այսօրվա իշխանություններն, իհարկե, կարող են «Ֆիզգարադոկում» ոստիկանական բռնություններն արդարացնել նրանով, թե իբր «տարածքի օրինական սեփականատիրոջ իրավունքներն են պաշտպանում», կանաչ տարածքների հաշվին աջուձախ շռայլվող շինթույլտվությունները ներկայացնել այնպես, թե իրենց նպատակը շինարարության ծավալների կտրուկ աճն է, իսկ շինարարությունը «համակարգաստեղծ ոլորտ է», բյուջեից ահռելի պարգևավճարներ քերելը ներկայացնել որպես կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքար և այլն։ Բայց նախկիններն էլ էին ճիշտ այդպես վարվում։ Հո չէի՞ն ասում, որ ամեն ընտրությունից հետո ցուցարարներին ջարդում են իրենց իշխանությունը պահպանելու համար։ Ասում էին, որ դա անում են հանուն ներքաղաքական կայունության, որովհետև թշնամին սահմաններին պատրաստ սպասում է։ Հո չէի՞ն ասում, որ Հյուսիսային պողոտայի կամ Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրերի նպատակը մի հարվածով մի քանի հարյուր միլիոն դոլար վաստակելն է։ Ասում էին, որ դա արվում է հանուն պետության զարգացման ռազմավարության։ Երբևէ լսե՞լ եք, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը հայտարարեն, թե իրենց հարազատներն ու մտերիմները բարձր պաշտոններ են ստացել կամ հսկայական բիզնեսներ ստեղծել անձնական կապերի շնորհիվ։ Իհարկե ոչ, հակառակը՝ միշտ ասվել է, որ նրանք այդ ամենին հասել են բացառապես իրենց գիտելիքների կամ «կոմերցիոն տաղանդի» շնորհիվ։ Ճիշտ այդպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորներն են վարվում։ Եվ այդ ամենը, հասկանալի է, «հանուն պետության և ժողովրդի»։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի՝ «բոլորին սիրելու և բոլորով հպարտանալու» մասին հայտարարությունները հայտնի անեկդոտն են հիշեցնում։ Մեկն ասում է «ախր ես սիրում եմ իմ ժողովրդին, ուզում եմ բոլորին ջերմություն պարգևել», ընկերն ասում է «ախպոր նման, էդ բենզինի կանիստրը տեղը դիր»։ Բայց մեր դեպքում հորդորները հազիվ թե օգնեն։ Նիկոլ Փաշինյանը մինչև բոլորիս «ջերմություն չպարգևի»՝ չի հանգստանալու։ Իսկ հասարակությունը սրա դեմն առնելու հավաքական իմունիտետ չունի։ Եթե ունենար՝ այսօր այլ որակի պետություն կունենայինք։ Հիշո՞ւմ եք՝ Քոչարյանի թիկնապահներն «Առագաստ» սրճարանում ծեծելով մարդ սպանեցին, և դրանից հետո սրճարանի այցելուների թիվը չպակասեց։ Գործարարները կաշառքով-բանով Երևանի կանաչ տարածքները փրթում ու տեղը խանութներ կամ սրճարաններ են բացում, մարդիկ մի քանի օր դժգոհում են, բայց բացվելուն պես այդ խանութներում կամ սրճարաններում տեղ ու դադար չկա։ Նման բան չէր լինի, եթե գործարարներն իմանային, որ իրենց հանցանքը չի ներվելու, և իրենց «քամբախները» դատարկ են մնալու։
«Օբյեկտների» տերերը կհամարձակվեի՞ն դեռ պատերազմի զոհերի աճյունները չթաղած՝ տոնական հրավառություններ անել, եթե իմանային, որ արդյունքում այցելուների 90 տոկոսից զրկվելու են։ Բայց գիտեն, որ նման բան չի լինելու, ու հենց սա է հավաքական իմունիտետի բացակայությունը։
Բայց ի՞նչ իմունիտետ մի երկրում, որտեղ մարդիկ իրար չեն հարցնում «որտե՞ղ ես ապրում», հարցնում են՝ «որտե՞ղ ես մնում»։ Իսկ սովորաբար ինչ-որ տեղ մնում են մինչև այլ տեղ գնալը։
Մարկ Նշանյան