...

Նախկինները երազ չեն, որ պատմես ջրին ու մոռանաս

Նախկինները երազ չեն, որ պատմես ջրին ու մոռանաս

Երկու տարի է, ինչ կարելի է լսել նույն զավեշտալի պնդումը՝ մոռացեք նախկիններին: Կարծես վատ երազ է, գնաս պատմես ջրին, և նրանք ինքնըստինքյան կվերանան:

Հեղափոխություններից հետո դեռ երկար ժամանակ նախկինները մնում են քաղաքական գործընթացի բաղկացուցիչ մաս: Դա օրինաչափություն է: Ֆրանսիական հեղափոխությունից հետո դեռ երկար ժամանակ ռոյալիստները քաղաքական գործոն էին: Դրան չխանգարեց անգամ թագավորի և թագուհու գլխատումը:

Խորհրդային պետությունը տասնամյակներ շարունակ իր երկրի հաջողությունները համեմատում էր ցարական Ռուսաստանի վերջին ոչ պատերազմական՝ 1913 թվականի հետ: Ինչու չէին մոռանում գնդակահարված ցարին, դժվար է ասել:

Շատերը պնդում են, որ եթե արդեն Քոչարյանը և Սարգսյանը կրեին իրենց պատիժը՝ այսպիսի քաղաքական խճանկար չէինք ունենա: Սա շատ վիճարկելի և խոցելի փաստարկ է: Նույն Քոչարյանը շուրջ մեկ տարի կալանավորված էր, չկա՞ր նրա կողմից գործողությունների այն ցանկը, որ անում է հիմա: Կալանավորված ժամանակ էլ առատորեն ֆինանսավորում էր լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու և հակաքարոզչություն իրականացնելու համար: Կալանավորված ժամանակ էլ էր փորձում կոնսոլիդացնել մեծ ու փոքր կուսակցությունների, որոնց հետ քաղաքական առևտրի պատմություն ունի:

Մեկ փաստի հետ պետք է հաշվի նստել: Նախկին ռեժիմի տապալումից 6 ամիս անց, չնայած դեռ հեղափոխական էյֆորիային և նախկինների նկատմամբ չտեսնված ատելությանը, նախկին համակարգի կորիզը կազմող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին ստացել են ՀՀ շուրջ 200 հազար քաղաքացիների քվեները: Փոքր ազգաբնակչություն ունեցող երկրի համար դա չափազանց մեծ թիվ է: Կարելի է տարբեր պատճառներ բերել, թե ինչպես է դա ստացվել, բայց դրանից իրողությունը չի փոխվի և այդ փաստի հետ պետք է հաշվի նստել:

Առնվազն 20 տարի Հայաստանում փոքրամասնությունը իր կամքն է պարտադրել մեծամասնությանը: Հեղափոխությունից հետո հստակեցվեց, թե թվային պատկերով որքան է այդ փոքրամասնության ֆիզիկական կազմը: Շուրջ 16-17 տոկոս: Երկու տարիների ընթացքում այդ թիվը չէր կարող նահանջել, հակառակը աճել է հիասթափվածների և տոտալ հակաքարոզչության հետևանքով: Բայց որքան էլ աճի, չի կարող գերազանցել 20-25 տոկոսը, քանի որ մարդիկ դեռ երկար են հիշելու նախկինների ավերածությունները:

Խնդիրն ուրիշ տեղ է. կկարողանա՞ արդյոք գործող իշխանությունը ճիշտ կոնսոլիդացնել հասարակությանը, ավելի մատչելի բացատրել իր բարեփոխումների նպատակները և էությունը, չի անի այնպիսի սխալներ, որոնք հեշտորեն կշահարկվեն ռևանշիստների կողմից: Ահա այստեղ է խնդիրը: Իսկ խնդրի պատասխանը կտեսնենք առաջիկա օրերին և ամիսներին, երբ իշխանությունը կսկսի դիմագրավել փոքրամասնության՝ կրկին իշխանությունը հետ նվաճելու փորձերին:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   936 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ