...

Նախկինները փորձում են արհեստական լարվածություն առաջացնել վարչապետի և ուժայինների միջև

Նախկինները փորձում են արհեստական լարվածություն առաջացնել վարչապետի և ուժայինների միջև

Հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների հսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն, իրենց կարծիքով, մի հետաքրքիր ձեռագիր են որդեգրել: Քննադատել կառավարությանը, վարչապետին և այդ ֆոնին առաձնացնել ԱԱԾ պետին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին: Հրապարակվում են ինչ-որ տնայնագործական պայմաններում կատարված հարցումներ, թե, իբր, այդ գործիչներն ունեն շատ բարձր վարկանիշ: Իսկ եթե հոդվածագրերի տրամադրությունը լինում է սովորականից բարձր, ապա գրում են, որ վերոհիշյալ պաշտոնյաների վարկանիշը բարձր է անգամ Փաշինյանի վարկանիշից:

Երեկ ավելի հեռուն գնացին: Սեփական աղբյուրներին հղում տալով՝ ավետեցին, թե, իբր, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԱԾ պետը: Պատճառը էլ ավելի զավեշտալի էր: Համաձայն չէ Քոչարյանի գործի իրավական որակումներին: Հերքումը չուշացավ: Սակայն դա երբ է կանգնեցրել պատվեր կատարողներին: Տեսնելով դիտումների քանակը, էլ ավելի զարգացրեցին թեման: Բոլոր նախարարները, փոխվարչապետները և քաղաքապետները շաբաթը մի քանի անգամ դիմում են գրում, բայց հետո դրանց ընթացք չի տրվում:

Անցնում են տասնամյակներ, փոխվում են քաղաքական պայքարի տեխնոլոգիաները, սակայն չի փոխվում իշխանությունը պալատական հեղաշրջման միջոցով զավթելու մեծ ստաժ ունեցողների ձեռագիրը: Նրանք փորձում են արհեստական լարվածություն ստեղծել պետության ղեկավարի և ուժային կառույցների ղեկավարների միջև: Ուժային կառույցների ղեկավարներին ներշնչել, թե իրենք առանձին միավոր են և վայելում են ժողովրդի համակրանքը՝ անկախ վարչապետի և կառավարության կամքից ու աշխատանքի արդյունքից: Երբեմն գնում են էլ ավելի առաջ՝ համոզմունք հայտնելով, որ եթե չլինի վարչապետի գործոնը, ապա նրանց վարկանիշն է՛լ ավելի կաճի:

Սա արվում է հետևյալի համար. երբ նախկինները կորոշեն անցնել վճռական հակագրոհի, ունենան հնարավորություն բանակցելու այդ պաշտոնյաների հետ: Հեղաշրջման փորձի ժամանակ նրանց պետք կգա այդ գործիչների անունները՝ մի կողմից չեզոքացնելու իրավապահ մարմինների հակաազդեցությունը, մյուս կողմից՝ մեղմելու հասարակական ընդվզումը:

Հայաստանն այս սցենարի պրակտիկ գործածումն արդեն մեկ անգամ տեսել է: Գիտի նաև դրա կործանարար հետևանքները ժողովրդավարության և պետականության համար: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ պատմությունը չի կարող կրկնվել, այս անգամ ֆարսի տեսքով: Մենք` հայերս, և առավելապես Հայաստան պետությունը, պարբերաբար հայտնվում ենք պատմության կրկնության փակ շղթայում, և ոչ մի կերպ չենք կարողանում և չենք ցանկանում ճեղքել այդ շղթան և կերտել մեր պատմությունը, այլ ոչ թե ֆարսն արձանագրել և հետո զղջալ։

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6021 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ