...

Ներքաղաքական խոսույթը և պատերազմը

Ներքաղաքական խոսույթը և պատերազմը

Արցախյան խնդիրն ունի մի քանի բաղադրիչ, որոնցից մեկը վերաբերում է ներքին քաղաքականությանը: Հայտնի է, որ 1998 թվականի պալատական հեղաշրջման քարոզչական հիմնական հաղթաթուղթը «ոչ մի թիզ հողն» էր, այսինքն՝ արժանապատիվ խաղաղության հասնելու այդ ժամանակվա հնարավորությունը մերժելը: Պարզ ասած՝ իսկապես հաղթեց պատերազմի կուսակցությունը, թեպետ աղետը պայթեց 22 տարի անց՝ այլ իշխանության օրոք: 

Արցախյան խնդիրը դարձավ ներքին քաղաքականության գործիքներից հիմնականը ոչ թե որպես լուրջ քննարկումների առիթ, այլ հասարակությանը որոշակի վախեր ներշնչելու միջոց: 

1998-ից մինչ օրս այն ժամանակ հեղաշրջում իրականացրած ուժերը խոսում են փուլային տարբերակի անընդունելիության մասին (տե՛ս Էդ. Շարմազանովի ելույթները), մյուսների խոսքն էլ է այդ «ծիրին» մեջ: 
Լավ, ասենք ազգի մեծամասնությունն ընտրել էր պաշարված ամրոցում ապրելու հեռանկարը, իշխանությունն էլ պնդում էր, որ Հայաստանը շրջափակման մեջ կարող է ապրել և զարգանալ 100 տարի: Ի՞նչ արեցինք, որ մեր ամրոցն իսկապես ամուր լինի: Գրեթե ոչինչ: Հասկացա՞նք, որ միայն ազգասիրական ճառերով մարդիկ չեն կարող ո՛չ ապրել, ո՛չ զարգանալ: Հիմա՛ ենք տեսնում գիտության ոլորտին չհատկացված գումարների պատճառով առաջացած աղետալի իրավիճակը: Հիմա՛ ենք տեսնում դիվանագիտության կոպիտ բացթողումները: Ահա դրանցից մեկը, որն առնչվում է նաև ներքին քաղաքական կյանքին և Սփյուռքին: Մոտ 20 տարի՝ 98-ից հետո, մեր պետության արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրը դարձել էր Ցեղասպանության ճանաչումը աշխարհի տարբեր երկրներում, Սփյուռքի կառույցները վաղուց էին այդ ճանապարհին և Հայաստանից ազդակ ստանալով՝ առավելաբար զբաղված էին դրանով: Արցախի ճանաչումը, Արցախին սատարելը երկրորդական էր: Ինչո՞ւ: 

Պաշարված ամրոցում տնտեսությունն առանձնապես զարգացնել չես կարող, սակայն կարող ես ժողովրդին կերակրել զանազան առասպելներով՝  համաշխարհային ազգ, Սևրի դաշնագիր և այլն: Կարող ես հայրենասիրական բոցաշունչ ելույթներ ունենալ և թալանել պետական սուղ միջոցները: Կարող ես ընդդիմության բերանը փակել Արցախյան խնդրով և պատերազմի վտանգով, բայց գրեթե ոչինչ չանել պատերազմին պատրաստվելու համար՝ հույսը դնելով ազգային ոգու և հայ զինվորի անձնազոհության վրա: Այնինչ պատերազմը նետ ու աղեղով չէր լինելու:

Հիմա էլ՝ այս ծանր պահին, լրջանալու միտումներ չենք տեսնում: Թեպետ պատերազմի ժամանակ քարոզչությունն իր օրենքներն ունի, կուսակցական զանազան խմբեր առաջ են մղում սեփական տնաբույծ վերլուծությունները: Երկու հիմնական ուղղություն կա, որոնք շատ կետերում, սակայն նույնանում են: Երկուսն էլ շարունակում են պաշարված ամրոցի գաղափարը: Այնուամենայնիվ, փորձենք տեսնել, թե ինչ աբսուրդի կարող են հասնել: Նախկին իշխանության սպասարկուներն ամեն ինչ անում են՝ պատերազմի մեղքը 2018-ից իշխանության եկածների վրա գցելու համար, նորերն էլ ջանք չեն խնայում՝ աղետի անխուսափելիությունն ապացուցելով (Բարեկամական խորհուրդ տանք: Մի՛ արեք: Ինքնարդարացման է նման): Նախկիններին սատարող վերլուծաբաններից մեկը, օրինակ, պնդում է, որ Թուրքիան անդադար տարբեր միջոցներով խառնվել է ՀՀ ներքին կյանքին: Չենք բացառում: Բայց պարզվում է, որ թե՛ 2008-ի, թե՛ 2018-ի ներքին ընդվզումները ձեռնտու էին թշնամուն: Ըստ այս «տրամաբանության» Հայաստանին և Արցախին բնավ ձեռնտու չէ ժողովրդավարությունը, հակառակը՝ օգտակար են կոռուպցիան և ներքին բռնաճնշումները: Բուռն ծափահարություններ: Ներկաները պատերազմի անխուսափելիությունն ապացուցելու համար հիշում են նախկիններին, հաճախ իրավացիորեն պնդում, որ Հայաստանը ավելի ուժեղ կլիներ, եթե չթալանվեր: 

Ցավալի է, բայց ոչ ոք չի ուզում խոսել, թե ինչպես պետք է զարգանար Հայաստանի տնտեսությունը շրջափակման պայմաններում, նույնիսկ եթե չթալանվեր: Ոչ ոք չի ուզում խոստովանել, որ եթե 90-ականներին կարգավորման տարբերակը չմերժվեր, երկիրը շնչելու հնարավորություն կունենար և, այո՛, այսօր ուժեղ կլիներ: Եթե... Սա մեղադրանք չէ: Սա մտածելու և գործելու հորդոր է: Անցյալը չես վերադարձնի, բայց անցյալից կարելի է սովորել: Եվ բնավ պարտադիր չէ տեղափոխվել մ.թ.ա. առաջին կամ մ.թ. 10-րդ դար... Բնավ պարտադիր չէ սպասել պատերազմի ավարտին ներքաղաքական խոսույթում ռացիոնալ մտքեր զարգացնելու համար: 

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ