...

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու «հիմար կկվի» սինդրոմը

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու «հիմար կկվի» սինդրոմը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները միանգամայն կանխատեսելիորեն բուռն արձագանքների արժանացան ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Նա հրապարակավ հայտարարեց, որ Լաչինի միջանցքը փակելով՝ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ, որպեսզի մեզ ստիպի մտնել Միութենական պետություն, ու նաև արտատարածքային միջանցք է ուզում։ Ավելին՝ պրն Գրիգորյանը համարյա բաց տեքստով Ռուսաստանին մեղադրեց նաև սեպտեմբերի 13-ի ագրեսիայի մեջ։ 

Խնդիրը նույնիսկ այն չէ՝ ճի՞շտ է ասում Արմեն Գրիգորյանը, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ՝ ճիշտ է ասում, բայց արդյո՞ք ամեն ճիշտ բան կարելի է ասել պետական բարձր մակարդակով։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը․ կին դատավորը վկային հարցնում է՝ «երդվո՞ւմ ես ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ՝ ճշմարտությունից բացի», նա էլ պատասխանում է՝ «երդվում եմ, բեղիկներով պառավ կնիկ»։ Հիմա խնդիրն այն է, թե ինչո՞ւ հանկարծ ՀՀ ԱԽՔ-ը որոշեց անկեղծանալ։ Միայն թե չասեք, թե իշխանությունները որոշեցին ազնվորեն ներկայացնել վիճակը, որովհետև սեփական ժողովրդից թաքցնելու բան չունեն։ Ի վերջո խոսքն այն իշխանությունների մասին է, որոնք անգամ վարչապետի կեցավայրի «ռեմոնտի» ու ընտանիքի անդամներին սպասարկող մեքենաների բենզինի ծախսն են «պետական գաղտնիք» համարում։ 

Ըստ երևույթին այս «մանկամիտ անկեղծացումը» սեփական աղետաբեր սխալներն արդարացնելու քարոզչական քաղաքականության շարունակությունն է։ Սկզբում՝ «Շուշին տվեցինք, որպեսզի Ստեփանակերտը փրկենք», «կապիտուլյացիան ստորագրեցինք, որպեսզի 30-35 հազար զինվորներին փրկենք», «Սև լիճը տվեցինք, որպեսզի մեր զինվորների կյանքերը փրկենք», հիմա էլ՝ «Արցախի հայաթափմանը համաձայնվում ենք, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը փրկենք»։ Համաձայնվեք՝ եթե հարցն այսպես է դրվում, Հայաստանում կգտնվեն (և գտնվում են) հասարակության ամբողջ շերտեր, որոնք կասեն «դե հա, Ղարաբաղն ափսոս է, բայց Նիկոլը ճիշտ է, եթե ինքնիշխանության պահպանման գինը դա է՝ ուրեմն պիտի վճարենք»։ Բայց խնդիրն այն է, որ դա սխալ հարցադրում է, ընդ որում՝ այդ սխալը միտումնավոր է արվում։ Դա հասկանալու համար ընդամենը պետք է ինքներս մեզ հարցնենք՝ ենթադրենք, Արցախի հայաթափման հետ համակերպվեցինք, այնտեղ ոչ մի հայ չմնաց, Սյունիքով էլ արտատարածքային միջանցք տվեցինք, դրանով ամեն ինչ ավարտվելո՞ւ է, Ադրբեջանն ուրիշ ոչինչ չի՞ պահանջելու։ Լավ, ենթադրենք՝ նրանց պահանջած 8 գյուղն է՛լ տվեցինք։ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվելո՞ւ է, թե՞ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշելու՝ «փախստականների վերադարձ» Սյունիք, Սևանի ավազան, Արարատյան դաշտ, Շիրակի մարզ, Հանքավան, Ջերմուկ․․․ և բոլոր այդ տարածքներում «ադրբեջանական ինքնավարություններ»՝ սեփական ոստիկանական «ներքին զորքերով», «ռազմատուգանքի» դիմաց՝ Հայաստանի բոլոր հանքավայրերի շահագործման իրավունք․․․ Թե՞ Նիկոլի իշխանությունն ամեն անգամ նույն տրյուկն է օգտագործելու՝ «միջանցքը տվեցինք, որ Սյունիքը պահենք», «Սյունիքը տվեցինք, որ Արարատյան դաշտը պահենք», «հանքավայրերը տվեցինք, որ ռազմատուգանքից խուսափենք», և այլն։ 

Մեր հանրությանը ներարկվող ամենավտանգավոր քարոզչական թմրանյութն այն է, թե իբր մենք պատերազմի և խաղաղության միջև ընտրության հնարավորություն ունենք։ Սա հայտնի առակի կկվի սինդրոմն է, որին ամեն անգամ թվում էր, թե ձագերից մեկին տալով՝ մյուսներին փրկելու է։ Իրականում մենք այդ ընտրության հնարավորությունը վաղուց ենք կորցրել և պատերազմից խուսափելու ոչ մի շանս չունենք։ Այլ հարց է, որ մեր «կկուն» իրականում հիմար չէ։ Պարզապես ամեն անգամ հերթական «ձագին» հանձնելով՝ երկարաձգում է սեփական իշխանությունը։ Պատերազմից հետո այդ հնարքով արդեն երկու տարի երկարաձգել է, ու երևի մտածում է՝ եթե մինչև հիմա ստացվել է, ինչո՞ւ այսուհետ ևս չի ստացվի։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   858 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ