...

Նիկոլ Փաշինյանի խաղադրույքը հազար անգամ տրորված նույն փոցխն է

Նիկոլ Փաշինյանի խաղադրույքը հազար անգամ տրորված նույն փոցխն է

Եկեք մի պահ ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ քայլեր անելուց առաջ նաև մտածում է հնարավոր հետևանքների մասին։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ «վեկտոր փոխելու» դեպքում ինչի՞ վրա է դրել հույսը, եթե Ադրբեջանը բացահայտորեն սպառնում է նոր պատերազմով, Ռուսաստանը սպառնում է, որ այդ դեպքում Հայաստանը կարող է կորցնել պետականությունը, Իրանն էլ զգուշացնում է, որ տարածաշրջանից դուրս անվտանգության երաշխիքներ փնտրելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ 

Ինչ-որ հաշվարկ, իհարկե, կա, և այդ հաշվարկն այն չէ, որ Հայաստանը կկարողանա մի քանի միավոր ֆրանսիական տեխնիկայով ապահովել սեփական անվտանգությունը։ Այդ հաշվարկի հիմքում հետևյալն է՝ Թուրքիան, որն այսօր աշխարհաքաղաքական առևտրի մեջ է միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի) հետ, ի վերջո նախապատվությունը կտա Արևմուտքին, Արևմուտքն էլ կհորդորի, որ Թուրքիան Ադրբեջանին ստիպի հրաժարվել Հայաստանի վրա հարձակվելու ծրագրերից ու մեղմել ախորժակը։ Արդյունքում՝ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում (ու ողջ Հարավային Կովկասում) ավելորդ կդառնա։ Հայաստանն էլ, հասկանալի է, դուրս կգա ՀԱՊԿ-ից ու իր տարածքից դուրս կբերի ռուսական ռազմաբազաները։ Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի խաղադրույքն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունները կվերադառնան «թշնամական հուն»։ 

Ուշադրություն դարձրեք՝ իրենից առաջ 20 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները ճիշտ նույն խաղադրույքն են կատարել։ «Հաշվարկել են», որ ռուս-թուրքական հարաբերությունները միշտ թշնամական են լինելու, հետևաբար՝ թշնամական են լինելու նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ուստի չարժե զգուշանալ նոր պատերազմից, որովհետև ռուսները դա թույլ չեն տա, պատերազմի դեպքում էլ կօգնեն մեզ։ Բայց այդ խաղադրույքը չաշխատեց։ Ռուսները նախ «ընդամենը որպես բիզնես» զինեցին Ադրբեջանին, իսկ հետո՝ երբ թուլացան ու ստիպված եղան գնալ «Էրդողանի դուռը», տեղի ունեցավ «համատեղ բարդ օպերացիա» անվանված 44-օրյա պատերազմը։ 

Հիմա է՛լ է Հայաստանի իշխանությունների խաղադրույքն այն, որ ռուս-թուրքական հարաբերություններն այնուամենայնիվ թշնամական են։ Պարզապես այն ժամանակ հաշվարկն այն էր, որ «թուրքերը չեն հարձակվի, որովհետև եթե հարձակվեն՝ ռուսները մեզ կպաշտպանեն, չէ՞ որ թուրքերը նաև իրենց թշնամիներն են», իսկ հիմա՝ այն է, որ «թուրքերը չեն հարձակվի, որպեսզի իրենց թշնամի ռուսներին մեզ պաշտպանելու առիթ չտան, ու նրանք ռադները քաշեն տարածաշրջանից»։ Եվ պատկերացրեք՝ այս անգամ նույնպես այդ խաղադրույքը կարող է չաշխատել։ Որովհետև ռուս-թուրքական դարավոր հարաբերություններում շատ բաներ փոխվում են, բայց մի սկզբունք մնում է անփոփոխ․ եթե պատերազմում են՝ ապա Հայաստանի տարածքում, եթե «բարիշում են»՝ ապա Հայաստանի հաշվին։

Ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կատարում այն նույն խաղադրույքը, որի պատճառով Հայաստանը մի անգամ արդեն կորցրել է երկրի կեսը։ Որովհետև իրեն ոչ այնքան Հայաստանի ճակատագիրն է հետաքրքրում, որքան անձամբ իր ապագան։ Իսկ այդ իմաստով նախկին 20 տարիների խաղադրույքը լավ էլ արդարացված էր։ Իրեն նախորդած երկու նախագահներն էլ հանգիստ վայելել են իշխանությունը, ահռելի հարստություն կուտակել, հիմա էլ հանգիստ ապրում են։ Դե հա, մեկ-մեկ թալանածի մի չնչին մասը «կճմտում են», մեկ-մեկ կանչում են դատարան, բայց մեծ հաշվով՝ որևէ մեկը պաշտոնապես նրանց չի մեղադրում սխալ խաղադրույք կատարելու համար։ Ինքն էլ մտածում է՝ եթե նրանց մոտ ստացվել է, ինչո՞ւ պիտի իր մոտ չստացվի։ 

Մանավանդ, որ ի տարբերություն նախորդների՝ ինքը «գլխանց» է զգուշացնում, որ ընդամենը խաղադրույք է կատարում, ու հաջողության որևէ երաշխիք չկա․ կամ կստացվի, կամ չի ստացվի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ