...

Նիկոլ Փաշինյանն ու պարտությունն ի սկզբանե նույնական են

Նիկոլ Փաշինյանն ու պարտությունն ի սկզբանե նույնական են

Պարտության հետ համակերպվելը մի՛ բան է, պարտության հիմնական մեղավորի հետագա պաշտոնավարման հետ համակերպվելը՝ բոլորովին այլ բան։ Ի վերջո՝ մարդասպանության զոհի ծնողներն է՛լ կարող են համակերպվել իրենց կորստի հետ, բայց դա չի նշանակում, թե կհամակերպվեն նաև մարդասպանի՝ ազատ «ֆռֆռալու» և նոր սպանություններ կատարելու բացահայտ սպառնալիքների հետ։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի հաշվարկը հենց դա է, ու նրա քարոզչամեքենան հենց դա էլ ներարկում է հանրային գիտակցության մեջ․ «եթե պարտության հետ համակերպվել եք՝ ուրեմն սուսուփուս համակերպվեք նաև իմ հետագա վարչապետության հետ, առավել ևս, որ պարտության համար մեղավոր են բոլորը՝ ինձանից բացի, իսկ ես ընդամենը սխալվել եմ, բավականաչափ համարձակություն չեմ ունեցել, լավ չեմ հասկացել, վախեցել եմ, որ ինձ դավաճան կասեք, և այլն»։ 

Իսկ ի՞նչ է նշանակում «համակերպվել պարտության հետ»։ Ի վերջո պետություններն իրենց պատմության ընթացքում բազմաթիվ պատերազմներ են ունենում, հաղթում է՛լ են, պարտվում է՛լ են, հետևաբար՝ պարտության հետ համակերպվելը ոչ թե «ընդմիշտ է», այլ ընդամենը նշանակում է տվյալ ժամանակահատվածում ընդունել տվյալ պատերազմի արդյունքները, փորձել այդ վիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով և հզորանալ՝ հետագայում նախորդ պատերազմի արդյունքները խմբագրելու հեռանկարով։ Սրանում որևէ արտառոց բան չկա, աշխարհի բոլոր նորմալ երկրներն այդպես են վարվում։

Բայց Հայաստանը նաև այս առումով է բացառիկ։ Մեզանում միջանկյալ տարբերակները մերժվում են։ Եթե հաղթանակ է՝ միայն «ծովից ծով Հայաստան» արդյունքով, եթե պարտություն է՝ միայն պետականության լիակատար ջախջախմամբ ու ցեղասպանությամբ։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն ասում է «և՛ ընդմիշտ պարտության հետ համակերպվեք, և՛ իմ իշխանության», «ռազմահայրենասիրական» ընդդիմությունն էլ ասում է «ոչ պարտության հետ ենք համակերպվում, ոչ քո գոյության»։ 

Իսկ ինչո՞ւ է այդպես։ Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն ինչ պարզ է, որովհետև նրա իշխանությունն ու պարտությունը փաստացի նույնական են, նա ի սկզբանե իր իշխանության նպատակը հենց պարտությունն է համարել։ Որովհետև երբ նրա իշխանությունը հայտարարում է, թե միայն Արցախի ամբողջական կորստից հետո հնարավոր դարձավ Հայաստանի իրական անկախությունը՝ դա նշանակում է, որ 2020-ի հոկտեմբերի 19-ին նա հրաժարվել է պատերազմը կանգնեցնել ոչ թե դավաճանի պիտակից վախենալով, այլ որովհետև այդ դեպքում Արցախը հայկական կմնար, այսինքն՝ «Հայաստանի իրական անկախացման» գործընթացը կիսատ կմնար։ 

Ինչ վերաբերում է «ռազմահայրենասիրական» (տիտղոսակիր) ընդդիմությանը, ապա նրանք ձևացնում են, թե պարտության հետ չեն համակերպվում, որովհետև եթե համակերպվեն՝ դա դեմ կլինի իրենց «ռազմահայրենասիրական իմիջին» ու ժողովրդին դուր չի գա, բացի այդ էլ՝ ստիպված կլինեն ընդունել նաև այդ պարտության համար մեղքի իրենց բաժինը։ Այն է՝ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև դրանից 23 տարի առաջ իրենք առաջնորդվել են «էլ ի՞նչ հաղթանակ, եթե Հայաստանը ծովից ծով չի» սկզբունքով ու հրաժարվել են ֆիքսել Արցախի՝ փաստացի անկախ ու երաշխավորված հայկական պետականությունը։

Եվ հիմա չարժե զարմանալ, որ «հանրային դիսկուրսն» ընդամենը երկու հարց է քննարկում․ կամ բնաջնջվում ենք, կամ կորցնում ինքնիշխանությունը։ Խորհրդարանի կազմը նայեք․ Նիկոլ Փաշինյանն է՝ իր «ուսապարկերով», Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու դաշնակները։ Այսինքն՝ կամ բնաջնջման կողմնակիցներն են, կամ ինքնիշխանության կորստի։ Իսկ ողջամտության կողմնակիցներն անգամ 44-օրյա պատերազմից հետո են մերժվել։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   661 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ