Խորհրդային մի հայտնի մուլտֆիլմ կա, որի հերոսներին փող է պետք լինում, նրանք էլ որոշում են գանձ գտնել։ Ու բնականաբար՝ անմիջապես գնում ու գտնում են այդ գանձը։ Հասկանալի է, որ նման բան հնարավոր է միայն մուլտֆիլմերում, առավել ևս՝ որ երեք հերոսներից մեկը երեխա է, մյուս երկուսը՝ ընտանի կենդանիներ։ Բայց Հայաստանի իշխանությունները մեր արտաքին քաղաքականությունն ու անվտանգության համակարգը ճիշտ այդ տրամաբանությամբ են կառուցում։ Հայտարարում են, որ մեզ խաղաղություն է պետք, թղթի վրա ինչ-որ քարտեզ են նկարում, անունը դնում «խաղաղության խաչմերուկ» ու գնում այդ խաղաղությունը փնտրելու։ Եվ պատկերացրեք՝ համարյա գտնում են։ Ճիշտ և ճիշտ անեկդոտի այն հերոսի նման, որը համարյա մեքենայի տեր էր դարձել, պարզապես հարևանը, չգիտես ինչու, հրաժարվեց իր մեքենան տալ նրան։
Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի է խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին, ու հանկարծ նրա արտգործնախարարը թուրքական «Անադոլու» գործակալությանը հարցազրույց է տալիս և հայտարարում, թե բա չեք ասի՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, պարզապես երկու կարևոր հարցի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության չենք եկել։ Առաջինն այն է, որ Ադրբեջանը չի համաձայնվում սահմանազատում իրականացնել Ալմաթիի հռչակագրի շրջանակներում, այսինքն՝ չի ուզում ճանաչել Խորհրդային Հայաստանի սահմանները։ Երկրորդը՝ Ադրբեջանը համաձայն չէ, որ տրանսպորտային հաղորդակցության ուղիները լինեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ գտնվում են, և գործեն հավասարության ու փոխադարձության սկզբունքով։ Բա եթե այս երկու հարցերում համաձայնություն չկա, տակը ի՞նչ մնաց։
Փաստացի սա նշանակում է, որ Ադրբեջանը ձևականորեն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց պնդում է, որ ի՛նքը պիտի որոշի, թե հատկապես ինչ սահմաններով է ճանաչում։ Ավելին․ պնդում է, որ Հայաստանի՝ իր որոշելիք տարածքով անցնող միջպետական հաղորդակցության ուղիների վերահսկողության հետ Հայաստանը պիտի գործ չունենա։ Սա, եթե մի կողմ թողնենք դիվանագիտական գեղեցիկ ձևակերպումները, նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանին խոստանում է «բարձր ինքնավարություն» իր կազմում։ «Անվտանգության երաշխիքներով», «սեփական լեզվով կրթություն ստանալու իրավունքով», «կրոնական ազատություններով» և այլն։ Նույնիսկ «սոցիալական երաշխիքներ» է տալիս՝ խոստանալով, որ այդ «խաղաղության» արդյունքում Հայաստանը տնտեսական լուրջ օգուտներ կստանա։
Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարծես թե ձևականորեն դեմ է այս մոդելին և ինչ-որ «կարմիր գծերի» մասին է խոսում, բայց գործնականում ինտենսիվ քարոզչությամբ հանրային կարծիքը ձևավորում է հենց այդ մոդելին համապատասխան։ Ո՞րն է, ի վերջո, այդ քարոզչության մեխը։ Որ մեզ համար, իհարկե, կարևոր է անկախ պետականություն ունենալը՝ զինանշանով, օրհներգով, կառավարությունով, վարչապետով-բանով, բայց շատ ավելի կարևոր է ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, բարեկեցությունը, աշխատելն ու ստեղծագործելը, սիրելն ու սիրվելը, մի խոսքով՝ «երջանիկ լինելը»։ Եվ պատկերացրեք՝ «խաղաղության» իր մոդելով Ադրբեջանը պատրաստ է երաշխավորել այդ ամենը։
Մնում է, որ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները» որոշեն՝ համաձա՞յն են «խաղաղության» այդ մոդելին, թե՞ այնուամենայնիվ պետք է հեռացնել այս իշխանություններին ու բերել նրանց, ովքեր հպարտությունն ու երջանկությունը փոքր-ինչ այլ ձևով են պատկերացնում։
Մարկ Նշանյան