...

Նիկոլի «վրացական երազանքը»՝ Հայաստանի «աջարացման» հեռանկարով

Նիկոլի «վրացական երազանքը»՝ Հայաստանի «աջարացման» հեռանկարով

Ինչպես հայտնի է՝ մի երկու օր առաջ Ալիևը հայտարարել էր, թե ադրբեջանցիները «վերադառնալու են Զանգեզուր, բայց ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով»։ Եվ ահա մեր խորհրդարանի ՔՊ-ական «ուսապարկերից» մեկը՝ մի գրոտեսկային կերպար, որը, չեք հավատա, բայց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է աշխատում, ի պատասխան հայտարարեց, թե «մենք էլ մարդատար մեքենաներով Ադրբեջան մտնելու մասին ենք խոսում», որովհետև ապաշրջափակման օրակարգը հենց նրա մասին է, որ մենք մարդատար ու բեռնատար մեքենաներով անցնենք Ադրբեջանի տարածքով, իրենք էլ՝ մեր տարածքով։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե արտառոց ոչինչ չկա, պարզապես մարդը ՔՊ-ական է, հետևաբար՝ առանձնապես չի փայլում ինտելեկտով և կարող է չհասկանալ ադրբեջանցիների՝ «Զանգեզուրով անցնելու» և «Զանգեզուր վերադառնալու» տարբերությունը։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Ի վերջո՝ ոզնուն էլ հասկանալի է, որ Ալիևը ոչ թե ապաշրջափակման մասին է խոսում, այլ խաղաղ ճանապարհով Սյունիքն ադրբեջանաբնակ դարձնելու ծրագրի մասին, ու քանի որ ՔՊ-ական այդ ջահելի ինտելեկտն այնուամենայնիվ փոքր-ինչ բարձր է միջին վիճակագրական ոզնու ինտելեկտից, մեծ հավանականությամբ՝ նա նույնպես հասկանում է դա։ Ուրեմն ինչո՞ւ է Ալիևի՝ Սյունիքն ադրբեջանաբնակ դարձնելու ակնհայտ ծրագիրը ներկայացնում որպես «ապաշրջափակման օրակարգ»։ 

Պատասխանն ակնհայտ է․ որովհետև ապաշրջափակումը հնարավոր կլինի միայն «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո, ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ համաձայնագրում անպայման ներառվի նաև իրենց փախստականների՝ Հայաստան և առաջին հերթին Սյունիք վերադառնալու իրավունքը (անգամ կոնկրետ թվեր են նշում), Նիկոլ Փաշինյանն էլ ակնհայտորեն համաձայնվել է՝ պայմանով, իհարկե, որ դրանից հետո Սյունիքը գոնե «թղթերով» շարունակի Հայաստան համարվել։ Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքսը հենց դա է՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորել Վրաստանի օրինակով։ Եթե պետք է՝ դրա համար վճարելով տարածքներով (այնպես, ինչպես Վրաստանը կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան), հանելով ռուսական ռազմաբազան, դուրս գալով ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, տնտեսությունը զարգացնելով թուրք-ադրբեջանական ներդրումներով ու կոմունիկացիաները սպասարկելով, և այլն։ Բայց «վրացական մոդելն» այլ առանձնահատկություններ էլ ունի, որոնք նույնպես ընդունելի են Նիկոլ Փաշինյանի համար։ Ի՞նչ է պատահել, եթե համարյա ամբողջ Քվեմո-Քարթլին ադրբեջանաբնակ է, Թբիլիսիի կենտրոնում էլ մի ամբողջ ադրբեջանական թաղամաս կա, ինչո՞ւ նույնը չի կարող լինել Հայաստանի դեպքում։ Թող գան, Սյունիքում է՛լ ապրեն, Սևանի ավազանում էլ, Արարատյան դաշտում էլ։ Բայց՝ «թղթերով» ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կամաց-կամաց ահա այս հեռանկարին է նախապատրաստում հասարակությանը, և Ստրասբուրգում նրա արտասանած ելույթն էլ, մեծ հաշվով, նաև սրա մասին էր։ Ադրբեջանն էլ, չնայած դժգոհ փնթփնթոցներին, կարծես թե առանձնապես դեմ չէ դրան՝ որպես պահեստային տարբերակի։ Այսինքն՝ եթե հարմար պահ գտնի, կգերադասի հարձակվել, բայց եթե խանգարող հանգամանքներ լինեն՝ որպես պահեստային տարբերակ «մարդատար մեքենաներով վերադառնալը» կա ու կա։ Պարզապես հարկ կլինի պատշաճ փաթեթավորել այդ տարբերակը, որպեսզի այնպես չստացվի, որ Ադրբեջանում ոչ մի հայ չի ապրում, իսկ 100-150 հազար ադրբեջանցիներ «վերադառնում են Հայաստան»։ Դրա համար էլ, ի դեպ, նրանք առայժմ համարյա ձեռք չեն տալիս Ստեփանակերտին ու զանգվածային թալան թույլ չեն տալիս։ Որովհետև դեմ չէին լինի, որ մի քանի հազար հայեր վերադառնան՝ թեկուզ սկզբնական շրջանում միջազգային վերահսկողության ներքո (մինչև իրենք դա թմբկահարելով գլուխ բերեն «մարդատար ավտոմեքենաներով» Սյունիք լցվելու գործը)։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Նկատե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանն ինչի մասին ասես խոսում է, բայց Ադրբեջանի հիմնական պահանջի՝ «ՀՀ տարածք փախստականների վերադարձի» մասին երբևէ բառ չի ասել։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3133 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ