...

Նիկոլին մի խանգարեք, «ինչ որ պետք ա՝ էն էլ հանձնում ա»

Նիկոլին մի խանգարեք, «ինչ որ պետք ա՝ էն էլ հանձնում ա»

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Արցախի շուրջ (լիակատար շրջափակում, սողացող ագրեսիա, առևանգումներ և այլն) ու վաղը-մյուս օրը, անկասկած, կատարվելու է Հայաստանի հետ, այն գինն է, որն Ադրբեջանը պահանջում է «խաղաղության դարաշրջանի» դիմաց, և որը Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է վճարել։ Օրումեջ շոկի մեջ ընկնելն անիմաստ է։ Եթե հարբած «տանտերը» խաղատանը տանուլ է տվել ամեն ինչ՝ չարժե ամեն անգամ «հարկադիր կատարողներին» տեսնելիս ուշաթափության աստիճանի հիստերիայի մեջ ընկնել, թե «սեղանը տարան», հաջորդ օրը՝ թե «աթոռներն էլ տարան», երրորդ օրը՝ թե «արդեն տնից դուրս են անում»․․․ Հասկացեք, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է տանուլ տվել, ամեն ի՛նչ։ Ու եթե նրան հանդուրժում ենք՝ ուրեմն նաև նրա բերած աղետի հետևանքներն ենք հանդուրժում, և ռազմահայրենասիրական ողբ ու կականի կարիք չկա։ 

Այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալը, թե կոնկրետ ի՞նչ գին է համաձայնվել վճարել Նիկոլ Փաշինյանը, և այդ գինը հասարակությանը ներկայացնել կետ առ կետ՝ առանց ավելորդ հուզականության և դատարկ հույսերի, թե գուցե այնուամենայնիվ մեզ կխղճան ու չեն պահանջի վճարել մինչև վերջին լուման։ Իսկ այդ գինը շատ հստակ է։

1․ Արցախում ընդհանրապես որևէ հայ չպետք է ապրի, ընդ որում՝ Ադրբեջանն ինքը պիտի որոշի, թե ում է թույլ տալիս արտագաղթել, և ում պիտի դատի «ռազմական հանցագործությունների համար» և տարիներով խոշտանգի Բաքվի բանտերում՝ հետագայում պատահաբար ողջ մնացածներին «մեծահոգաբար համաներելու» աղոտ հեռանկարով։

2․ Հայ-ադրբեջանական սահմանը պիտի որոշվի ոչ թե ինչ-որ կոնկրետ քարտեզի հիման վրա, այլ այնպես, ինչպես հարմար կգտնի Ադրբեջանը։

3․ Հայաստանը պիտի պարտավորվի ապահովել մի քանի հարյուր հազար ադրբեջանցի «փախստականների» վերադարձը Սյունիք, Վայք, Սևանի ավազան, Արարատյան դաշտ, Շիրակ, Կոտայք և այլն, ընդ որում՝ նրանց անվտանգության նկատմամբ որևէ «ոտնձգության» դեպքում Ադրբեջանը պիտի իրավունք ստանա «ապահովել իր հայրենակիցների անվտանգությունը»։

4․ Հայաստանը պիտի հրաժարվի «ռևանշիստական որևէ քայլից», իսկ ավելի կոնկրետ՝ բանակը վերականգնելու փորձերից, ու պիտի ունենա սահմանափակ թվակազմով զինված ուժեր։

5․ Հայաստանը պիտի ահռելի ռազմատուգանք վճարի Ադրբեջանին, իսկ ի վիճակի չլինելու դեպքում՝ երկարաժամկետ վարձակալության տրամադրի իր տարածքներն ու հանքավայրերը։

6․ Հայաստանը պիտի հանձնի «ղարաբաղյան առաջին պատերազմի ռազմական հանցագործներին»։

7․ Հայաստանը պիտի պարտավորվի բարենպաստ պայմաններ ստեղծել ադրբեջանական և թուրքական ներդրումների համար՝ «տնտեսական կապերի վերականգնման շրջանակներում»։ 

Ցանկը կարելի է շարունակել, բայց հիմնական կետերը սրանք են։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր այս կետերին համաձայնվել է։ Պարզապես կամաց-կամաց է բացահայտում, որպեսզի շոկն անկանխատեսելի հետևանքներ չունենա։ Ու հիմա հարցը հետևյալն է՝ մենք պատրա՞ստ ենք վճարել այս գինը, թե՞ ոչ։ Սա, ի դեպ, հռետորական հարց չէ, որովհետև հաստատ բազմաթիվ մարդիկ կգտնվեն, որոնք պատրաստ կլինեն և պատրաստ են վճարել անգամ ա՛յդ գինը։

Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Ի՞նչ կաներ հանուն «խաղաղության դարաշրջանի» նման գին վճարելն անընդունելի համարող հասարակությունը։ Դուրս կգար փողոց և օր առաջ կքշեր իշխանություններին։ Իսկ ի՞նչ կաներ այդ գինը վճարելու պատրաստ հասարակությունը։ Կշարունակեր ապրել բնականոն կյանքով, բայց ժամանակ առ ժամանակ աշխարհով մեկ աղմուկ կբարձրացներ, թե «հա, հասկացանք, բայց էս ի՞նչ ձև ա», «խիղճն է՛լ լավ բան ա», «բայց արդար չի», «բա մենք մեղք չե՞նք», և այլն։ 

Այնպես որ, պետք չէ ձևացնել՝ իբր չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում, ինչ տրամաբանությամբ և ում մեղքով, ու օրումեջ արտիստիկ շոկ բեմադրել։ Կամ հանդուրժում ենք, կամ չենք հանդուրժում։ Միջանկյալ տարբերակ չկա։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ