Այսօր Մոսկվայում տեղի կունենա Պուտին, Փաշինյան և Ալիև եռակողմ հանդիպումը: Հայկական և ադրբեջանական կողմերը տարբեր օրակարգերով են մեկնում Մոսկվա: Եթե հայկական կողմի համար առաջնայինը գերիների հարցն է, ապա ադրբեջանական կողմի համար՝ Նախջևանից Ադրբեջան ազատ մուտք գործելու հնարավորություն ստանալու առաջնահերթությունը:
Փաշինյանը երեք օր առաջ գրառում արեց հանդիպման օրակարգի վերաբերյալ և անցած օրերին հարկ չհամարեց անդրադառնալ թեմային: Պաշտոնական լրահոսում նաև չեք հանդիպի հաղորդագրության, որ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այսինքն՝ լրիվ հնարավոր է, որ վաղը շատ պաշտոնյաներ հայտարարեն, թե մամուլից են իմացել՝ ինչ է քննարկվել կամ ստորագրվել Մոսկվայում:
Իշխանության գալուց հետո Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ ցանկացած համաձայնություն ստորագրելուց առաջ դիմելու է ժողովրդին և իմանալու է նրա վերաբերմունքը:
Եթե անգամ ընդունենք, որ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը ստորագրվել է շատ հապճեպ, և Փաշինյանը հնարավորություն չի ունեցել դիմելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու ընդհանրապես հանրությանը, ապա նույնը չի կարելի ասել այսօրվա հանդիպման մասին:
Նման կարևոր և ճակատագրական հանդիպումից առաջ Անվտանգության խորհրդի նիստ չանցկացնելը պարզ հեգնանք է պետականության և նրա ինստիտուտների հանդեպ: Խորհրդարանական երկրում այսպիսի հանդիպումից առաջ նաև պետք էր ԱԺ փակ նիստ կամ գոնե հանդիպում խորհրդարանական ընդդիմության ղեկավարության հետ:
Դրա փոխարեն, աստված մի արասցե, մենք ժամանակ հետո կընթերցենք Փաշինյանի հերթական հոդվածը՝ «Իմ մեղքը 2» գլխագրով:
Արիս Վաղարշակյան
Հ.Գ. Պարզապես տխուր է լրահոսում կարդալ, որ մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինը անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որն ամբողջովին նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին: Համենայնդեպս Կրեմլը այդպես է վերնագրել նիստը: Փաստորեն կոնֆլիկտի երրորդ կողմը իր ուժային և հատուկ ծառայությունների, արտաքին գերատեսչության կոնսուլտացիաների կարիքն ունի, իսկ հայկական կողմը նման ձևականությունների կարիք չունի: Նիկոլը ամեն ինչ գիտի, ամեն ինչից տեղյակ է, և որևէ մեկը որևէ նորություն կամ խորհուրդ նրան չի կարող տալ: