...

Նիկոլը քիչ էր՝ ընդդիմությունն էլ մյուս կողմից է քանդում պետությունը

Նիկոլը քիչ էր՝ ընդդիմությունն էլ մյուս կողմից է քանդում պետությունը

Կարծես թե մոտենում ենք պետականության քայքայման վերջին փուլին։ Տեղից վեր կացողը բանակին կոչ է անում չենթարկվել Տավուշի ուղղությամբ զորքերը ետ քաշելու հրամանին, հայտարարում է, որ այդ հրամանը կատարելու դեպքում զինվորականները կդառնան շարքային դավաճաններ, և այլն։ Ու ընդդիմադիր դաշտից որևէ մեկը չի համարձակվում բարձրաձայն ասել, որ դա պարզապես կնշանակի վերջնականապես փլուզել այն, ինչը դեռ մնացել է պետություն ասվածից։ Չի համարձակվում, որովհետև ռազմահայրենասիրական խոսույթը վարկանիշի առումով ավելի շահեկան է, իսկ իրենց դա ավելի է հետաքրքրում, քան պետականության վերջին փշրանքները պահպանելը։

Հետաքրքիր է՝ նման «քաղաքական գործունեություն» ծավալող տարատեսակ իդիոտները հասկանո՞ւմ են, թե սովորաբար ինչ է տեղի ունենում, երբ բանակը հրաժարվում է կատարել քաղաքական իշխանությունների որոշումները։ Իսկ ի՞նչ կլինի, եթե, ասենք, բանակային կորպուսներից մեկ-երկուսը հրաժարվեն ենթարկվել հրամաններին, մյուսները՝ ոչ։ Եվ ընդհանրապես՝ բանակը, որպես միասնական կառույց (Հայաստանի դեպքում՝ գուցե դեռևս պահպանված վերջին կառույցը), պիտի ինչ-որ մեկին ենթարկվի՞, թե ոչ։ Ու եթե պիտի ենթարկվի, բայց ո՛չ իշխանություններին, ապա ո՞ւմ։ Հասկանալի է, չէ՞, որ եթե բանակը որևէ մեկին չի ենթարկվում ու գործում է ինքնուրույն, դրա արդյունքում ձևավորվում է ռազմական դիկտատուրա, իսկ եթե ենթարկվում է որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ դա նշանակում է բանակի ուղղակի ներգրավվածություն ներքաղաքական գործընթացներին, ինչն արգելված է օրենքով, ընդ որում՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Եվ այդ արգելքն արհամարհելը, որպես կանոն, աղետների է հանգեցնում։ Հայաստանում նման բան երկու անգամ է տեղի ունեցել։ 1998-ին՝ երբ բանակի ներգրավման անուղղակի սպառնալիքի ներքո պետական հեղաշրջում իրականացվեց, և 2008-ին, երբ բանակն արդեն ուղղակիորեն ներխուժեց Երևան։ Եվ ի՞նչ, արդյունքներից գո՞հ ենք։

Մեծ հաշվով՝ խնդիրը շատ պարզ է։ Բանակը բոլոր դեպքերում պիտի ենթարկվի քաղաքական իշխանությունների հրամաններին, իսկ եթե այդ հրամաններն ակնհայտորեն դեմ են երկրի պետական շահերին (մեր դեպքում դա ակնհայտ է), պետք է փոխել ոչ թե պետության կենսագործունեության սկզբունքները, այլ քաղաքական իշխանություններին։ Ի վերջո՝ եթե որևէ հիմնարկում աշխատակիցների 80 տոկոսը դեմ է տնօրենին, բայց դժգոհների լիդերները չեն կարողանում նրան փոխել, չի կարելի պայթեցնել հիմնարկը՝ այն հույսով, թե «զատո» տնօրենն է՛լ կմնա փլատակների տակ։ Նույն վիճակն այսօր Հայաստանում է։ Հասարակության առնվազն 80 տոկոսը որևէ չափով չի վստահում նիկոլական իշխանություններին ու նրանց դավաճան է համարում, բայց ընդդիմությունը, սեփական ապաշնորհության, տխմար ամբիցիաների կամ իդիոտության պատճառով, չի կարողանում համախմբել հասարակությանը։ Եվ, ավելի խելացի բան չմտածելով, կոչ է անում կազմաքանդել պետությունը՝ այն հույսով, որ կատաղած ու ռազմահայրենասիրական խալխի վերածված ժողովուրդը նիկոլական պատուհասներին ռադ կանի ու պետականության փլատակների վրա իշխանությունը կփոխանցի իրենց։

Կարող են, իհարկե, առարկություններ հնչել, թե «այդ ամենը ճիշտ է, բայց մենք այդքան ժամանակ չունենք, Նիկոլն այսօր-վաղը ինչ ասես զիջելու է»։ Միանգամից ասենք՝ դրա համար շատ ժամանակ պետք չէ։ Նույն Նիկոլը, չոմբախն առած, մի քանի հոգով Գյումրիից դուրս եկավ, ու 20 օր անց երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ։ Այնպես որ՝ խնդիրը ժամանակ չունենալը չէ, խնդիրը պետական մտածողություն չունենալն է։ Եվ համարձակության պակասը՝ էժան պոպուլիզմով ժողովրդին դուր գալու փոխարեն այդ նույն ժողովրդի հետ ազնվորեն խոսելու համար։

Այն ժողովրդի, որը, վստահաբար, գիտակցում է պետականության արժեքն ու այդ պատճառով էլ երես է թեքել և՛ պետականությունը մաս-մաս քանդող նիկոլական պատուհասներից, և՛ պետականության հիմքերը խարխլելու պատրաստ ընդդիմությունից։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ