...

Նման արտահոսքերով Օնիկ Գասպարյանին եք վնասում

Նման արտահոսքերով Օնիկ Գասպարյանին եք վնասում

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ հայտնի շրջանակներին սպասարկող քարոզչամեքենայի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը: Օրինակ՝ որոշ հանրապետականներ ջանք չեն խնայում լավաշ վերլուծություններ գրելու, թե ժողովուրդը մեղավոր չէ, չի կարելի նրան վիրավորել, պարզապես խաբված է Փաշինյանի կողմից, բայց դրան հակառակ, իրենց ճամբարից շարունակում են նույն ժողովրդին անվանել դեգեներատ, ժեխ և բոմժ:

Հիմա էլ պարզվում է, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մակարյանը 60-ից ավել քանակությամբ զորքին պատերազմի ժամանակ կոնկրետ առաջադրանք է տվել, ինչի հետևանքով 60 հոգանոց զորքի զգալի մասը անհետ կորել է և մինչ օրս հայտնի չէ, թե ուր է, իսկ մի մասն էլ փախել է:

Ինֆորմացիոն գրոհի պատճառը մեկն է՝ Մակարյանը չի միացել իր գործընկերների հայտարարությանը:

Քարոզչամեքենան թերևս չի հասկանում, որ այս կարգի արտահոսքերով առաջնահերթ վնասում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Պատերազմից 4 ամիս է անցել. եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Օնիկ Գասպարյանը պետք է լիներ առաջինը, ով կպահանջեր Անդրանիկ Մակարյանի հրաժարականը: Եթե առաջադրանքը տակտիկական առումով սխալ էր ձևակերպված, ապա Օնիկ Գասպարյանը պետք է առաջինը շահագրգռված լիներ ազատվելու ոչ պրոֆեսիոնալ տեղակալից: Հակառակ պարագայում նա նույնպես ամբողջովին կիսում է սխալ առաջադրանքի պատասխանատվությունը: Թող պահանջեր Մակարյանի հրաժարականը, Փաշինյանն էլ ընթացք չտար, շատերի համար էլ պարզ դառնար, թե ինչպես են իշխանությունները հովանավորում սխալ որոշումներ կայացրած գեներալներին:

Հայտնի շրջանակները շատ են բողոքում, որ իշխանությունը փորձում է սևացնել և վարկաբեկել բանակը: Բայց նման արտահոսքերով իրենք անում են նույն բանը, ինչի մեջ մեղադրում են քաղաքական հակառակորդներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   885 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ