...

Հանգիստ թողնելո՞ւ եք Զինված ուժերին

Հանգիստ թողնելո՞ւ եք Զինված ուժերին

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված զարգացումները մի օրվա մեջ, նույնիսկ՝ մի քանի ժամվա կտրվածքով, այսպիսին են.

- Առավոտ կանուխ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ավետեց. «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»: Սա, իմիջիայլոց, շատ նման էր այն պատմությանը, երբ ՍԴ որոշ դատավորների լիազորությունների դադարեցման որոշման՝ ուժի մեջ մտնելու պահին էին սպասում: Րոպե-րոպե հաշվում էին, հենց օրը վերջացավ, Փաշինյանը գրեց, որ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված են: Դեժավյու էր մեզ մոտ:

- Հետո Օնիկ Գասպարյանը ուղերձ հրապարակեց. «10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»:

Օնիկ Գասպարյանի այս վերջին նախադասությունն ամենաինտրիգայինն էր: Ով, ոնց ուզում է, մեկնաբանում է: Թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը, պարզ չէ: Բայց հետաքրքիր է: Ընդդիմադիր որոշ դեմքեր էլ արդեն հասցրին իրեն հիասթափությունը հայտնել Օնիկ Գասպարյանից, որ վերջինս այնքան արժանապատիվ մարդ չէ, որ զորքերը չմտցրեց Երևան:

-  Այնուհետև հերթը հասավ Զինված ուժերի ղեկավար կազմին, որը հայտարարություն տարածեց, որը պակաս ինտրիգային չէ. ««ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։

Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»:

- Եվ վերջապես, օրվա պատկերն ամբողջացրեց նորից Նիկոլ Փաշինյանը, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակել Արտակ Դավթյանին, որին մի անգամ արդեն նշանակել և հանել էր այդ պաշտոնից: Հիմա նորից նշանակում են. թերևս այն պատճառով՝ պատերազմի ժամանակ Սյունիքում ոչնչով աչքի չընկավ և կազմակերպչական ունակություններ չդրսևորեց, բայց հաստատ հավատարիմ կլինի վարչապետին:

Ամփոփենք. մի տեսակ տուն-տունիկի հոտ է գալիս այս ամենից: Ոնց որ Զինված ուժերի հետ քարկտիկ խաղան: Ազատում, հանում, ազատում, հանում, արանքում կոչում տալիս, հետո նորից ազատում, նշանակում: Գուցե ժամանա՞կն է հասկանալ, որ Զինված ուժերին պետք է հանգիստ թողնել, թող զբաղվեն իրեն գործերով: Սա միայն Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, այլ նաև Բաղրամյան պողոտայում հավաքված ազգափրկիչներին և ռազմական հեղաշրջում երազող քյալլագյոզներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1025 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ