Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրել է. «2020 թվի նոյեմբերի 9-ից որոշ ժամանակ անց շատերը գցեցին-բռնեցին ու կամաց-կամաց վերականգնեցին հարաբերությունները դավաճանների հետ:
Մեկը գրականության ոլորտում, մեկը՝ կինոյի, մեկը՝ թատրոնի, մեկը՝ բիզնեսի, մեկը՝ երաժշտության, մեկը՝ կրթության, մեկը՝ պրիստիժի խաթեր, մեկը՝ ծառայությունների մատուցման, մեկը հեռուստատեսություն բացելու, մեկը՝ լրագրության։
Արդյո՞ք, եթե դիմանային որոշ ժամանակ՝ երեք տարվա մեջ ինչ-որ ինտերվալ, անփող ու անգործ մնային, Արցախի ցեղասպանությունը չէր լինի»:
«ՉԻ». Սա հետաքրքիր թեմա է: Հազարավոր մարդիկ 2020-ի նոյեմբերի 9-ից համալրել են ընդդիմության շարքերը, սատարել ընդդիմության առաջնորդներին: Հանուն իշխանափոխության դիմացել են տարբեր դժվարությունների: Բայց հետո աստիճանաբար շատերը սկսել են համագործակցել իշխանությունների հետ:
Ու պատճառն այն չէ, որ դավաճան են կամ վախկոտ, կամ շահամոլ: Պարզապես ընդդիմության առաջորդներից հիասթափված են: Շատերն իրենց բիզնեսը, կարիերան, գործը մի կողմ դրեցին, միացան քաղաքական ընդդիմությանը, դիմացան բազմաթիվ զրկանքների, բայց զրո արդյունքի հասան: Այն սպասելիքները, որոնք ունեին ընդդիմության առաջնորդներից, չարդարացան:
Ավելին, շատերի մոտ այն զգացողությունն առաջացավ, որ ընդդիմության ղեկավարների համար իրենք ընդամենը «ռասխոդնի» մատերիալ են: Ընդամենը օգտագործում, հետո դեն են շպրտում: Շատերն իրենց քցված համարեցին, ոնց որ, օրինակ, Սյունիքի մարզի բազմաթիվ քաղաքապետեր ու համայնքապետեր:
Ամենաթարմ օրինակը. Արցախի լինել-չլինելու հարցն էր օրակարգում, ծայրահեղ բարդ իրավիճակ էր, հետո սկսվեց հայաթափումը, իսկ այդ ընթացքում Արցախի առաջին ղեկավար Ռոբերտ Քոչարյանը զբաղված էր որդուն պատգամավոր դարձնելով: Այսինքն՝ անձնական հարցերն էր կարգավորում:
Ստացվեց, որ բազմաթիվ մարդիկ, իրենց անձնականը թողած, ավելի կարևոր նպատակների են լծված, իսկ ընդդիմության ղեկավարներից մեկը, կարևոր նպատակները թողած, անձնականին է լծված:
Ու մարդիկ թքում են ամեն ինչի վրա, մտածում. դե որ նա իր անձնական կյանքն է դասավորում, մենք ումի՞ց ենք պակաս, հենա մենք էլ մեր անձնականով զբաղվենք: Իսկ դա անել առանց իշխանության հետ նորմալ հարաբերությունների գործնականում հնարավոր չէ:
Այնպես որ, նման մարդկանց պետք չէ դավաճան համարել, այլ նրանց, ովքեր այդ մարդկանց են դավաճանել: