Հայաստանի ներկա իրողության ամբողջ ողբերգականությունը նրանում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու առավել մեծ շանսեր ունեն այն ուժերը, որոնք վաղուց պետք է մարգինալացված լինեին, իսկ նրանց առաջնորդների կողքին հարազատներից բացի ոչ ոք չլիներ։
Բայց՝ ոչ: Նրանք բոլորից ակտիվ են, բոլորից բարձր են խոսում, իսկ ընդդիմախոսների վրա էլ դեռ մի բան էլ հոխորտում են: Իսկ ժողովուրդը սրանց բերանները փակելու փոխարեն դեռ մի բան էլ քննարկում է, թե սրանցից որ մեկին վստահի երկրի հետագա ճակատագիրը: Ժողովուրդը քննարկում է, թե 3 ավտոբուսներից հատկապես որ մեկը նստի՝ լավ իմանալով, որ երեք վարորդներն էլ արդեն մեկ անգամ մեծ վթարի են ենթարկել մեքենաները: Մինչդեռ կա մեկ այլ վարորդ, որն ավելի վատ պայմաններում ուղևորներին բարեհաջող տեղ է հասցրել:
1998 թվականից հետո իրար հաջորդող երեք իշխանությունները հերթով երկիրը տարել են պատուհասած մեծ ողբերգությանը, բայց այսօր կարծես այնքան էլ բավարարված չլինելով արդյունքներից, ցանկանում են գործը ավարտին հասցնել:
Մաթեմատիկական հստակ հետազոտություն է անհրաժեշտ՝ պարզելու, թե նրանցից որը քանի տոկոս մեղավորություն ունի երկիրն այս հանգրվանին հասցնելու համար: Պետք է հասկանալ, թե ով է ավելի շատ մեղավոր, այն ուժը, որը 1998 թվականին խաբել է ժողովրդին և ժամանակ շահել սեփական իշխանությունը վայելելու համար, թե այն ուժը, որն, ստանձնելով իշխանությունը, պետք է հասկանար ուժերի բալանսը, սակայն, ցուցաբերելով թուլամորթություն, ընկավ արկածախնդրության գիրկը:
Ցինիզմի անսպառ պաշար պետք է ունենալ այսօր պնդելու համար, թե կարելի էր ևս 30 տարի բանակցել Ադրբեջանի հետ՝ ոչ մի բան չզիջելով: Պնդման հեղինակ Քոչարյանին թվում է, թե ինքը և Սարգսյանը կարողացել են խաբել Ադրբեջանին: Մինչդեռ Ադրբեջանը ցուցադրել է, թե հավատում է Հայաստանի ղեկավարների խոստումներին՝ ժամանակը ծառայեցնելով իր նպատակներին: Այն ժամանակ, երբ Հայաստանը դատարկվում էր, Ադրբեջանը գնում էր միլիարդավոր դոլարների զենք:
Կամ ի՞նչ է նշանակում ևս 30 տարի: Այսինքն՝ մենք իշխենք, ես իշխանությունը տամ Սերժին, Սերժը՝ Միշիկին, Միշիկը՝ Սեդրակին, իսկ հետո ինչ կլինի, մեզ այնքան էլ չի հետաքրքրում: Օրինակ՝ Քոչարյանի և Սարգսյանի շրջապատում գտնվող մեծատաղանդ վերլուծաբանները վերլուծե՞լ են, թե Ռուսաստանը 1998 թվականի՞ն ավելի շատ լծակ ուներ ազդելու Ադրբեջանի վրա, թե՞ կունենա 2050-ին: Իսկ վերլուծե՞լ են, թե 1998-ին Թուրքիան որքան ուժեղ էր և որքան կկազմի նրա ուժը 2050 թվականին: Միանշանակ է, որ 1998 թվականին Թուրքիան անհամեմատ ավելի թույլ երկիր էր, քան 2020-ին: Թեպետ քոչարյանական և սարգսյանական վերլուծագանգերը ի վիճակի են անգամ այս փաստը վիճարկել: Նրանց դեմագոգ կեցվածքը թույլ է տալիս պնդելու մածունի սև լինելու հանգամանքը:
Իսկ վերլուծե՞լ են, թե որքան է կազմելու Ադրբեջանի և Հայաստանի բնակչությունը 2050 թվականին, առանց հաշվի առնելու Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կենացները:
Ճակատագրական ընտրություններին մնացել է տասը օր: Հանրությունը դեռ ժամանակ ունի դուրս գալու ապատիայից, ուշադրություն չդարձնելու վերոհիշյալ երեք ուժերի մեդիատեռորին, անուշադրության մատնելու նրանց թվացյալ հզորության մասին բեմադրվող տեսարանները, վերլուծելու պահի ճակատագրական վիճակը և ճիշտ ընտրություն անելու:
Արիս Վաղարշակյան