...

Ո՞ւմ գլխին իջավ «պողպատե մանդատի» մուրճը

Ո՞ւմ գլխին իջավ «պողպատե մանդատի» մուրճը

Երբ 2021 թ․ արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին Նիկոլ Փաշինյանը գլխավերևում ճոճում էր Եռագույնով զարդարված մուրճը, քչերն էին ենթադրում, որ այդ մուրճն իջնելու է առաջին հերթին Արցախի գլխին, ՀՀ ինքնիշխան տարածքների գլխին, անկլավների գլխին, զոհվածների ծնողների գլխին, ՀՀ զինանշանի գլխին, քաղաքական ընդդիմախոսների գլխին, և այլն։ Իսկ զգուշացումները, որ նա «տեղով մեկ պատուհաս է, կեսը կործանել է, մյուս կեսն է՛լ կկործանի», այդպես էլ լուրջ չընկալվեցին։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը ստացավ մոտ 54 տոկոս, հետևողականորեն շարունակում է մյուս կեսը կործանելու իր քաղաքականությունը և որպես դա անելու լեգիտիմ իրավունք վկայակոչում է նույն այդ ընտրությունների արդյունքները։ Ասում է «դուք եք ինձ այդ իրավունքը տվել, լավ եմ արել՝ խաբել եմ, չխաբվեիք», և մեծ հաշվով՝ ճիշտ է ասում, որովհետև իր ստերին հավատացել է 54 տոկոսը, իսկ զգուշացումներին՝ 1,54 տոկոսը։

Իսկ հիմա պարզապես թվարկենք, թե ինչ է տեղի ունեցել 2021 թ․ հունիսի 20-ից հետո։

1․ Ադրբեջանցիները մի քանի ուղղություններով ներխուժել են ՀՀ տարածք և ամրապնդվել։

2․ Լաչինի միջանցքը վերացել է, Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի հայ բնակիչները տեղահանվել են։

3․ Սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում ունեցել ենք տարածքային լուրջ կորուստներ և 200-ից ավելի զոհ։

4․ Հայաստանի վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,8 հազար քկմ տարածքով, որի մեջ մտնում են նաև Արցախն ու անկլավները, մինչդեռ Ադրբեջանը ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քկմ տարածքով չի ճանաչում և փաստացի հրաժարվում է սահմանազատում իրականացնել խորհրդային քարտեզներով՝ փոխարենը խոսելով ինչ-որ «պատմական քարտեզների» և «այլ փաստաթղթերի» մասին։

5․ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, անցակետ է տեղադրել և արգելել անգամ հումանիտար բեռնափոխադրումները։ 

6․ Հայաստանը բացարձակապես որևէ դերակատարում չունի Արցախի անվտանգության հարցում և դրա լուծումը տեսնում է «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» տիրույթում, ինչը, եթե հաշվի առնենք Ադրբեջանի դիրքորոշումը, նշանակում է 120 հազար հայերի ապագան թողնել Ադրբեջանի ողորմածությանը։

7․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից համարյա բաց տեքստով խոսում է ՀՀ զինանշանից (Արարատ լեռան պատկերից) հրաժարվելու և մեր ինքնությունը փոխելու մասին՝ ակնհայտորեն Թուրքիայի պահանջով, ընդ որում՝ պահանջների ամբողջական ցանկը կարող է շատ ավելի մեծ լինել։

Սրանք, հիշեցնենք, այն հիմնական իրադարձություններն են, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարիներին՝ Նիկոլի իշխանության վերարտադրությունից հետո։ Իսկ այդ ընթացքում ինչո՞վ են զբաղվել խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը, որոնք միասին մոտ 26 տոկոս կամ 340 հազար ձայն են ստացել։ Թվարկենք։

1․ ԱԺ ամբիոնից սուր ելույթներ են ունեցել և մի քանի անգամ նույնիսկ ծեծկռտուքներում հայտնվել։

2․ Հանրահավաքային շարժումներ են կազմակերպել, հետո մարդկանց տուն ուղարկել։

3․ Ընդունել են մի քանի քաղաքական հայտարարություններ։ 

Վերջ, այսքանը։ Կշտամբելու համար չենք ասում, այդքանն են կարողացել կամ ցանկացել՝ այդքանն են արել։ Բայց մեծ հաշվով՝ իրենց ձախողումներով լեգիտիմացրել են Նիկոլի «չագուճը» ու հիմա էլ շարունակում են լեգիտիմացնել՝ մասնակցելով իշխանությունների կազմակերպած շոուներին ու այդպիսով Հայաստանում իբր առկա ներքաղաքական բուռն պայքարի տպավորություն ստեղծելով։ 

Ահա և 2021 թ․ հունիսի 20-ի ընտրությունների իրական հետևանքները։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ