Մի պահ ենթադրենք` ռևանշիստները հեղաշրջում չեն էլ նախապատրաստում, այլ սպասում են հերթական ընտրություններին: Կարելի է միայն վշտակցել իշխանությունների այն ներկայացուցիչներին, որոնք ստիպված կլինեն բանավիճել նրանց հետ:
Օրինակ, ինչպես են փաստարկելու, որ նախկին իշխանությունները հետ կանգնեցին Մաշտոցի պուրակը բետոնապատելու ծրագրերից, իսկ գործող իշխանությունը չկարողացավ դիմակայել սրճարանատիրոջ ֆանտաստիկ ներդրումային առաջարկին:
Կարելի է նախապես ցավակցել իշխանական պատգամավորներին ու նախարարներին, որոնք ստիպված են լինելու պատասխանել, թե ինչ տարբերություն իրենց ու նախկինների միջև՝ Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրը իրականացնելու համատեքստում: Վանեցյանի կակազելը փառք կթվա այդ տեսարանի դիմաց:
Պետության կողմից առողջարանի անվճար ուղեգիր պետք է ստանան իշխանության բոլոր այն ներկայացուցիչները, որոնք կկարողանան հոդաբաշխ բացատրել ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի և ներկայիս նախագահ Ռուբեն Վարդազարյանի տարբերությունները, կկարողանան ապացուցել, որ ԲԴԽ ներկայիս նախագահը ավելի մաքուր հետագիծ ունի, քան նախկինը:
Ռևանշիստներից առավել ցինիկները, ասենք՝ Աշոտյանը կամ Շարմազանովը, հարց կուղղեն՝ ի՞նչ տարբերություն ներկա ու նախկին իշխանությունների միջև Մարտի 1-ը բացահայտելու և մեղավորներին պատժելու առումով: Եթե զոհերի հարազատներին գումար հատկացնելու մեջ է, ապա մի բերան ասեիք՝ Սերժ Սարգսյանը ավելի առատաձեռն կգտնվեր, միայն թե փակեր ոճրագործության այդ էջը: Հատուկ շեշտենք, նախատինքը չի վերաբերում զոհերի հարազատների պայքարին: Մարդիկ իրենց տասնամյակից ավել պայքարով ապացուցել են, թե հանուն ինչի են պայքարում, անգամ այսօր՝ հեղափոխությունից հետո:
Ի՞նչ է պատասխանելու իշխանության իքս ներկայացուցիչը հարցին, թե ավելի մարդկային ու ըմբռնելի չէ՞ր արդյոք, որ Սերժ Սարգսյանը չէր կարողանում պատժել եղբոր որդիներին, քան Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանին:
Կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեղադրանքի համար դեռ պատիվ են պահանջելու: Օրինակ՝ շատ տրամաբանական կհնչի հարցը՝ եթե կոռումպացված էինք, չէինք կարող անտարբեր լինել Ամուլսարի նման մեծ կտորի հանդեպ: Այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա դրա վերաբերյալ հարուցված քրեական գործ անգամ չկա: Եթե կոռուպցիոն դրսևորումներ չեն եղել հարյուրավոր միլիոն դոլարանոց ծրագրերի հանդեպ, ինչպե՞ս կարող էր նման անբասիր իշխանությունը իրեն թույլ տար մտնել ավելի փոքր կոռուպցիոն ռիսկեր պարունակող ծրագրերի մեջ:
Թվարկվածը ամբողջական հարցաշարը չի, որ հոգեբանական անշրջելի հարվածներ կհասցնի իշխանության ներկայացուցիչներին: Քանի չի եկել բանավեճերի պահը, իշխանությունը ճիշտ կանի մտահոգվի իր շարքերի հոգեկան առողջությամբ, շտկի իրավիճակը, որ նման հարցեր հնչեցնելու առիթ չլինի:
Արիս Վաղարշակյան