...

«Ոչմիթիզական» Ադրբեջանը կարող է կանգնել նույն փոցխի վրա

«Ոչմիթիզական» Ադրբեջանը կարող է կանգնել նույն փոցխի վրա

Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ Ռուսաստանի կոչին ու հայտարարել, թե իրենք իրենց քաղաքականությունն իրականացնում են ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ սեփական ազգային շահերից ելնելով, և վստահ են, որ այդ քաղաքականությունը դրական արդյունք է ունենալու։ Այս պատասխանը, բնականաբար, ուղղված է ոչ միայն Ռուսաստանին, այլև բոլոր այն երկրներին ու միջազգային կառույցներին, որոնք Ադրբեջանին դիմում են Լաչինի միջանցքը բացելու կոչով, իսկ թարգմանաբար՝ նշանակում է հետևյալը․ «այո, մենք Հայաստանն ու Ղարաբաղը խեղդում ենք, բայց դուք մեզ մի խանգարեք, որովհետև դա լավ էլ արդյունք է տալիս»։ 

Եվ այնուամենայնիվ շատ ավելի կարևոր է Ադրբեջանի արտգործնախարարի հաջորդ միտքն այն մասին, որ իրենց առաջնահերթությունը «հաղթանակն իրավական և դիվանագիտական մակարդակով ամրագրելն է» և այն, որ դա համաշխարհային հանրությունն ընդունի։ Այսինքն՝ Ադրբեջանի խնդիրը միայն սպառնալիքներով ու ահաբեկչությամբ Հայաստանի իշխանություններին «խաղաղության համաձայնագիր» պարտադրելը չէ, պիտի այնպես անել, որ աշխարհն ընդունի այդ թուղթը։ 

Ուշադրություն դարձրեք՝ սա ճիշտ և ճիշտ այն նույն խնդիրն է, որը պիտի լուծեր Հայաստանը 1994-ի մայիսի 9-ից հետո, բայց չկարողացավ։ Ընդ որում՝ 1997-ին Ադրբեջանը պատրաստ էր «իրավական և դիվանագիտական մակարդակով ամրագրել իր պարտությունը» (փուլային տարբերակը հենց մեր հաղթանակի փաստացի ամրագրումն էր), աշխարհն էլ պատրաստ էր ընդունել դա և ողջունել, բայց Հայաստանում և Արցախում գտնվեցին ուժեր, որոնք համարեցին, որ աշխարհի համար կարգավորման տարբերակի ընդունելի լինելը պարտադիր պայման չէ, և եթե կարգավորման մեր պատկերացումները միջազգային հանրության պատկերացումների հետ չեն համընկնում՝ պետք է ոչ թե մեր պատկերացումները փոխել, այլ միջազգային հանրության։ Հետագայում ակնհայտ դարձավ, որ դա կոպտագույն սխալ էր, հայր Ալիևն էլ օգտվեց այդ սխալից, սկսեց ժամանակ ձգել և ուժ հավաքել, որդին շարունակեց, ու․․․ մնացածը գիտեք։ Հասկանալի է, չէ՞, որ եթե 1997-ին Հայաստանում չգտնվեին ուժեր, որոնք կհամարեին, որ «չարժե բանի տեղ դնել աշխարհի կարծիքը, մենք մեր հարցը լուծել-պրծել ենք», իսկ Ադրբեջանում էլ իշխանության լիներ որևէ պայմանական Փիկոլ Նաշինով, որը կհայտարարեր, թե Ղարաբաղը Հայաստան է, Ադրբեջանն էլ «կադաստրի թուղթ չունի», հարցը շատ արագ կլուծվեր։ 

Հիմա հարցը հետևյալն է՝ կկրկնի՞ Ադրբեջանն այն սխալը, որը Հայաստանը թույլ տվեց 1997-ին, թե՞ ոչ։ Պարզ ասած՝ իրենք կհամաձայնվե՞ն իրենց հաղթանակը «իրավական և դիվանագիտական մակարդակով ամրագրել» այնպես, որ աշխարհի համար դա ընդունելի լինի (այսինքն՝ ամրագրված լինի և՛ երկու երկրների տարածքային ամբողջականությունը՝ առանց ավելորդ սողանցքների, և՛ Արցախի իրավունքների միջազգային երաշխիքների մեխանիզմը), թե՞ այնուամենայնիվ կվարվեն հայ «ոչմիթիզականների» նման ու կհամարեն, որ կարելի է թքած ունենալ միջազգային հանրության կարծիքի վրա ու ոչ մի համաձայնագիր էլ չստորագրել՝ ուժով վերցնելով այնքան, ինչքան ատամները կտրի։ Առայժմ կարծես թե հակված են կրկնել մեր սխալն ու երկրորդ տարբերակն ընտրել, ընդ որում՝ առայժմ ստացվում է, որովհետև մեր պայմանական «Փիկոլ Նաշինովը» հեշտությամբ տեղի է տալիս ճնշումներին։ 

Բայց իրենց այդ սխալը մեզ նաև հնարավորություն է տալիս՝ ուշքի գալ և փորձել շտկել իրավիճակը։ Ուրիշ բան, որ դրա համար միայն ժամանակը քիչ է, անհրաժեշտ է նաև այդ ժամանակն արդյունավետ օգտագործելու ունակ իշխանություն։ Իսկ եթե դա չկա՝ անգամ Ադրբեջանի կոպտագույն սխալներն ու միջազգային հանրության վրա թքած ունենալու ամբարտավան պահվածքը մեզ չեն օգնի։ Առավել ևս, որ ամեն անգամ նրանք իրենց այդ պահվածքը «հիմնավորում են» Նիկոլ Փաշինյանից մեջբերումներ անելով։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   782 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ