Ռևանշիստների սանձազերծած մեդիա տեռորը, այնուամենայնիվ, տալիս է որոշ արդյունքներ: Հայաստանի մասշտաբների և իշխանության սխալների առումով անհամաչափ ֆինանսների ներարկումը մեդիա դաշտ և մասայական փսիխոզի աննախադեպ տարածումը տվել են իրենց առաջին պտուղները:
Բայց հաջողությունները դեռ լոկալ են: Ռևանշիստների կեղծիքներին միայն տարածողներն ու այդ աշխատանքներում ներգրավվածներն են լուրջ վերաբերվում: Իսկապես, տարածողները այնպիսի մոլեռանդությամբ են պաշտպանում կեղծիքը, որ մնում է միայն հավատալ՝ իրենք էլ են սկսել լուրջ ընդունել իրենց կողմից տարածվող կեղծիքը: Ընդհանրապես հոգեբանության մեջ կա այդպիսի դրսևորում: Երբ անձը շատ երկար է կրկնում որևէ սուտ, ի վերջո, ինքն էլ է սկսում հավատալ այդ ստին:
Գրում և տարածում են ապատեղեկատվությունը, ատելության խոսքը հասցնում են աննախադեպ մակարդակի, շփվում են միայն նեղ շրջանակներում, այդ ընթացքում վերընթերցում են հենց իրենց կազմած մանիպուլյացիաները և գալիս են համոզման, որ վերջ, արդեն ժամանակն է տապալել իշխանությանը:
Բայց եթե մի քիչ լայնախոհ լինեին, կհասկանային, որ իրենց ժամանակը դեռ չի եկել: Դեռ շատ քիչ ժամանակ է անցել, որ հանրությունը մոռանա իրենց իշխանության արհավիրքները: Իշխանությունը չի կատարել այնպիսի ճակատագրական սխալ, որ հանրության աչքին չերևան նախկինների դավաճանությունը և թալանը: Դեռ իրենք չունեն լիդեր, որ կունենա անբասիր կենսագրություն և կլինի անխոցելի իշխանության և հասարակության քննադատության համար: Ի վերջո, մի բան է, երբ ասում են՝ պետք չէ ջրի երես հանել 40 տարվա պատմությունը, մեկ այլ բան, որ նման կենսագրություն ունեցողը հավակնի վարչապետի պաշտոնին: Մեկ բան է Փաշինյանին քննադատել և ասել՝ ինչպես կարելի էր Վանեցյանին նշանակել ԱԱԾ պետ, մեկ այլ իրողություն է, որ վերջինը հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին՝ հաշվի առնելով նրա մտավոր և մարդկային հատկությունները:
Փոքր ինչ վերլուծական կարողությունների, հասարակության իրական տրամադրությունների շոշափման դեպքում, ռևանշիստները կհետաձգեին վերջնական գրոհի ժամկետը: Բայց, ինչպես երևում է, նրանց իրական պատվիրատուները նույնպես աչքի չեն ընկնում վերլուծելու կարողությամբ: Նրանց ամեն գնով, հիմա և այստեղ անհրաժեշտ է ճակատամարտ, անգամ եթե դրա հետևանքով զոհեն Ծառուկյանի ու Վանեցյանի «դիվիզիաները»:
Իշխանությունները նույնպես պետք է ձգտեն, որ հանգուցալուծումը լինի առաջիկա շաբաթների ընթացքում: Քանի դեռ ուժերի հարաբերակցությունը իրենց կողմն է, պետք է օգտվել ռևանշիստների շտապողականությունից և սխալ հաշվարկից և նրանց վերջնականապես հեռացնել քաղաքական թատերաբեմից:
Արիս Վաղարշակյան