...

Օրենքի կիրառումից է կախված իշխանությունների ապագան

Օրենքի կիրառումից է կախված իշխանությունների ապագան

Այն, ինչպես ռևանշիստների մեդիաներն են ներկայացնում երկրի վիճակը, իհարկե որևէ կապ չունի իրականության հետ: Եթե չընտրված, վերից վար կոռումպացված և սեփական քաղաքացիներին գնդակահարած իշխանության օրոք չկործանվեցինք, հիմա հաստատ չենք կործանվի:

Սակայն, չափազանց մեծ անհեռատեսություն կլինի, եթե իշխանությունը չգիտակցի, որ կա նաև մեծ հիասթափություն: Եվ դա տնտեսական և սոցիալական վիճակով չէ պայմանավորված: Հայաստանում չի վերականգնվել արդարությունը: Իհարկե, այն շատ փիլիսոփայական կատեգորիա է, և շատերն այն կարող են յուրովի մեկնաբանել: Կգտնվեն մարդիկ, որոնք արդարության վերականգնումը կպայմանավորեն իրենց հարևաններով: Եթե նախկինների օրոք ծառայել է նրանց, կատարել ապօրինություններ, դրանից ստացած եկամուտներով վայելել կյանքը, ինչու հիմա ոչ միայն չենթարկվեց պատասխանատվության, այլև շարունակում է աշխատել պետական համակարգում և մի հատ էլ պարգևավճար է ստանում:

Բայց գլոբալ առումով արդարության վերականգնում կհամարվեր, եթե արդեն պատիժ կրելուց լինեին նախկին իշխանության երկու պարագլուխները և գոնե առանցքային մի 4-5 հոգի: Մնացածի մասով իշխանությունը կունենար արդարացում. փոքր երկիր ենք, չենք կարող բոլորին պատժել և դատապարտել:

Եթե աշնանը չլինի կորոնավիրուսի երկրորդ գրոհը, ապա իսկապես շատ լուրջ սրացումներ են սպասվում: Այս ամիսների ընթացքում ռևանշիստները գույքագրել են բոլոր դժգոհներին, որոնք 2018 թվականի արդյունքում կորցրել են թալանելու, հովանավորվելու և յուրացնելու միջոցով եկամուտներ ստանալը: Գույքագրվել են նաև նրանք, որոնք հեղափոխության արդյունքում չեն ստացել անձնական առավելություններ, չեն ստացել ակնկալվող պաշտոնները:

Մյուս կողմից, արդարությունը չվերականգնելու, արդարադատություն չիրականացնելու, խոստումների մի մասը մոռանալու, լրջագույն հակաքարոզչության պատճառով է մեծացել է ժողովրդի ապատիան: Այսինքն՝ չկա կրիտիկական այն զանգվածի աջակցությունը, որ ռևանշիստներին կանգնեցնում էր վճռական քայլեր կատարելուց: Կամ էլ առնվազն շատ սահմանային վիճակում է:

Իշխանությունների համար այս պահին կարող է փրկօղակ դառնալ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի վճռական և արագ կիրառումը: Եթե օրենքը սեպտեմբերից սկսեց աշխատել և մարդիկ տեսան, որ կան կոնկրետ արդյունքներ, ապա իշխանությունները կրկին կվերականգնեն դիրքային առավելությունը: Հասարակությունը կտեսնի, որ իշխանությունը վերջապես կամք է դրսևորում, իսկ նախկինների հիստերիան կապված է հարստությունը կորցնելու հանգամանքով:

Եթե կրկնվեն վեթինգի կամ սահմանադրական դատարանի էպոպեայի պատմությունները, ապա իշխանությունների բանը իսկապես բուրդ կդառնա:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   720 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ