...

Օրհնանքի և անեծքի «ծիրին մեջ»

Օրհնանքի և անեծքի «ծիրին մեջ»

Հայաստանը փրկարարական ջոկատ է ուղարկել Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին օգնելու նպատակով, ու դա ներհասարակական բուռն քննարկումների պատճառ է դարձել։ Ընդ որում՝ երկրաշարժի և հազարավոր զոհերի մասին լուրն առաջին իսկ րոպեներից հակասական մեկնաբանությունների արժանացավ՝ է՛լ «երկնային պատիժ», է՛լ «դրանց հասնում ա», ու այդ ֆոնին, բնականաբար, Էրդողանի հետ հեռախոսազրույցն ու Թուրքիա փրկարարներ ուղարկելը նույնպես պիտի քննարկվեր այդ «ծիրին մեջ»։

Մինչդեռ ընտրությունը, եթե այդպիսին ընդհանրապես կար, շատ պարզ էր՝ Հայաստանը պիտի իրեն դրսևորեր կամ որպես ՄԱԿ անդամ պետություն, կամ որպես, ասենք, ինչ-որ ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածք։ Այսինքն՝ այստեղ քննարկելու բան է՛լ չկար․ եթե Հայաստանը պետություն է՝ պիտի վարվեր այնպես, ինչպես վարվեց։ Այո, խոսքը թշնամական պետության մասին է, խոսքն այն պետության մասին է, որի անթաքույց թշնամական գործողությունների արդյունքում պարտվեցինք վերջին պատերազմում, որն այսօր էլ փակ է պահում Հայաստանի հետ սահմանն ու այն բացելու դիմաց ծանրագույն նախապայմաններ առաջ քաշում, բայց այսպես թե այնպես՝ եթե այդ հարցերը երբևէ կարգավորվեն, պիտի կարգավորվեն պետությունների՛ միջև։ Այնպես որ՝ անկախ ուղարկված օգնության ծավալներից, սա առաջին հերթին քաղաքական հարց է։ Ուրիշ բան, եթե Երևանում «օգնության կետեր» բացվեին, և հազարավոր մարդիկ տներից տաք հագուստ կամ պահածոներ բերեին՝ «եղբայրական թուրք ժողովրդին» ուղարկելու համար։ Այդ դեպքում քննարկումները գուցե տեղին կլինեին։

Բայց կարևոր է նաև քաղաքակրթական բաղադրիչը, ու պատահական չէ, որ այսօր շատերն են հիշեցնում, ասենք, ադրբեջանցիների պահվածքը Սպիտակի ավերիչ երկրաշարժին հաջորդած օրերին։ Հիշեցնելու կարիք չկա, դա մոռանալու բան չէ։ Որպես օգնություն Հայաստան ուղարկվող թալանված գնացքներն էլ ենք հիշում, վագոնների վրայի «շնորհավորական» գրություններն էլ։ Բայց այդ երբվանի՞ց է մի քանի հազարամյա քաղաքակրթություն կրող հայ ժողովրդի համար էտալոնային դարձել ադրբեջանցիների պահվածքը։ Այսպիսի մի պատմություն կա․ անգլիացի լորդն ամեն առավոտ գրասենյակ մտնելիս ձեռքով բարևում է դռնապանին, օգնականն էլ մի օր չի դիմանում ու հարցնում է՝ «Լորդերի պալատում շատերը կերազեին թեկուզ հեռվից բարևել Ձեզ, ինչո՞ւ եք ամեն օր դռնապանին ձեռքով բարևում», նա էլ պատասխանում է՝ «բարևում եմ ոչ թե նրա համար, որ նա դռնապան է, այլ որովհետև ե՛ս եմ ազնվական»։ Ու սա, ի դեպ, ոչ թե սնապարծություն է, այլ կոնկրետ մեր դեպքում՝ պրագմատիկ պահվածք, որը քաղաքականության մեջ կարելի է «կապիտալիզացնել»։ 

Միայն մի օրինակ բերենք։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին անդրադառնալով՝ Հայաստանի պետական կառույցները պարբերաբար տեղեկացնում են, թե զոհերի և վիրավորների շրջանում քանի հայ կա։ Այլ պետություններ սովորաբար նշում են ոչ թե ազգությունը, այլ իրենց քաղաքացիների թիվը, բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Հասկանալի է, որ ազգությամբ հայ ցանկացած զոհ կամ տուժած մեզ համար ծանր կորուստ է, ու դա պիտի թելադրեր շատ պրագմատիկ պահվածք։ Այն է՝ կազմակերպել հանգանակություն, այդ միջոցներն ուղղել երկրաշարժից վնասված հայկական եկեղեցիների և կրթական հաստատությունների վերականգնմանը և միաժամանակ դա ներկայացնել որպես երկրաշարժից տուժած երկրներին ցուցաբերված նյութական աջակցություն։ Համաձայնվեք՝ միջազգային արձագանքները շատ դրական կլինեին։ Պետությունները հենց այդպիսի քայլերով են բարձրացնում իրենց միջազգային հեղինակությունը։

Բայց մենք կարծես թե օրհնանքի ու անեծքի «ծիրից» դուրս չենք գալիս։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ