...

Ովքե՞ր են «իրական Հայաստանի» կոնցեպտի ռեալ շահառուները

Ովքե՞ր են «իրական Հայաստանի» կոնցեպտի ռեալ շահառուները

Նիկոլ Փաշինյանի՝ «պատմական հայրենիքն» ու «իրական Հայաստանը» միմյանց հակադրելու քարոզչական տրյուկը մեզանում առավելապես զգացմունքային հակազդեցություն առաջացրեց, իսկ ամենամեղմ գնահատականները մոտավորապես սրանք էին՝ «հրաժարում պատմությունից», «անցյալի ուրացում», «ազգային ինքնության ոչնչացում» և այլն։ Հասկանալի է, որ այդ ուրացումը թուրք-ադրբեջանական պարտադրանք էր, ընդ որում՝ ոչ թե զգացմունքային, այլ շատ կոնկրետ, պրագմատիկ նպատակներով, բայց Հայաստանի իշխանություններին ձեռնտու էր, որ մեզանում այդ ամենը քննարկվի զուտ ոգեղեն, արժեհամակարգային տիրույթում, որպեսզի իրենք ներկայանան որպես «պետականակենտրոն պրագմատիկներ», իսկ ընդդիմացողները՝ «արկածախնդիր ռոմանտիկներ», ու մեծ հաշվով՝ այդպես էլ եղավ։

Իսկ ինչո՞ւ ենք պնդում, որ «սին պատմությունը մոռանալու» թուրք-ադրբեջանական պարտադրանքը շատ կոնկրետ, այժմեական քաղաքական նպատակներ է հետապնդում։ 

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը խոսել է «Ադրբեջանի դեմ իրականացված անարդարության» մասին ու հայտարարել, թե «Հայաստանը գիտակցել է իր պատասխանատվությունն ու շարժվում է ճիշտ ուղղությամբ»։ Սա նորություն չէ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցածը միշտ ներկայացրել են որպես «Ադրբեջանի դեմ իրականացված անարդարություն», և այն, ինչ տեղի է ունեցել 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմում, ու շարունակվում է առ այսօր, համարում են «արդարության վերականգնում»։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ, Արցախից հրաժարվելով, Արցախի հայաթափումը կանխելու համար մատը մատին չխփելով ու այսօր էլ Տավուշի ուղղությամբ զորքերը ետ քաշելով, փաստացի ընդունել է, որ այո, 1991 թվականից հետո իսկապես էլ Ադրբեջանի նկատմամբ «անարդարություններ» ենք թույլ տվել, որոնք հիմա պիտի շտկենք։ 

Ցանկացած ողջամիտ մարդ, իհարկե, կարող է տասնյակ հակափաստարկներ բերել։ Որ իրականում թուրքե՛րն են անցած դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ ահավոր անարդարություն իրականացրել, մե՛նք ենք հայրենազրկվել ու կորցրել մեր կենսատարածքի համարյա 90 տոկոսը, որ Ադրբեջա՛նն է Բաքվի ու Սումգայիթի ջարդեր կազմակերպել, Ադրբեջա՛նն է շարունակել անցած դարասկզբին թուրքերի սկսածն ու հայաթափել Արցախը, և այլն։ Բայց ուշադրություն դարձրեք՝ Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» ֆորմալ տրամաբանության առումով բոլոր այդ ոճրագործություններն իրականացվել են հայ ժողովրդի, և ոչ թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ 1915-ին անկախ Հայաստանի Հանրապետություն չկար, Բաքվի, Սումգայիթի ու Կիրովաբադի հայկական ջարդերի ժամանակ՝ նույնպես, Արցախի հայաթափումն էլ, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, Հայաստանի հետ կապ չունի, որովհետև «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» է տեղի ունեցել։ 

Այլ կերպ ասած՝ եթե որպես ելակետ ենք ընդունում «27,743 հազար քկմ տարածքով իրական Հայաստանից» դուրս որևէ շահ չունենալը, ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ոչ մի անարդարություն էլ չեն արել, այդ Հայաստա՛նն է նրանց նկատմամբ անարդար վարվել (աշխարհով մեկ «խայտառակ արել» Թուրքիային՝ Ցեղասպանության համար, «30-ամյա օկուպացիայի ենթարկել Ադրբեջանը»), ու Հայաստանն էլ պիտի մեղա գա ու փոխհատուցի այդ «անարդարությունների» համար։

Իսկ տավուշյան նահանջն ընդամենը Նիկոլ Փաշինյանի «մեղայականի» ու «փոխհատուցման» երկրորդ դրվագն է՝ Արցախի էջը փակելուց հետո։ Դրա համար էլ Անկարայից ու Բաքվից նրա հասցեին հնչող գովեստների պակաս չկա։ Որովհետև իրենց տեսանկյունից՝ Հայաստանն իսկապես «շարժվում է ճիշտ ուղղությամբ»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ