...

Պանրի շուկայում խարդախ մրցակցություն է

Պանրի շուկայում խարդախ մրցակցություն է

«ՉԻ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝   կաթնամթերքի, պանրի շուկայում 2019թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1, 7 %, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0,1 % գնանկում:

Գիգոյանի խոսքով՝ գների նվազումը դեռ անցյալ տարվանից է արձանագրվել: Արժեքի վրա մի քանի գործոն է ազդել: Առաջարկն ավելի շատ է եղել, քան պահանջարկը: Միության նախագահը նաև նկատում է, որ նոր տեխնոլոգիաները ևս իրենց գործն են արել այս հարցում:

«Դա պայմանավորված է նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Դու կարող ես վերականգնված կաթով, այսինքն՝ կաթի փոշիով և բուսական ծագում ունեցող ճարպով, որը կենդանական ճարպից շատ էժան է, ստանալ պանրամթերք: Սովորական գնորդը չի կարողանում  տարբերել այդ պանիրն արհեստական  փոխարինիչո՞վ է պատրաստված, թե՞ բնական կաթով»,- նշեց նա:

Անառողջ մրցակցության այս փաստի վրա էլ  փորձագետը հրավիրում է պատկան կառույցների ուշադրությունը: Արտադրողը սպառողին մոլորեցնում է, քանի որ արտադրանքի վրա չկա մակնշում, թե ինչ ծագումնաբանություն ունի այն: Նա առաջարկում է առողջ մրցակցություն ձևավորելու համար քայլեր ձեռնարկել:

«Փաթեթավորման ոլորտը պետք է փոխվի: Կաթնամթերքի, առավել ևս պանրի մակնշման վրա, պետք է հստակ, սպառողի համար տեսանելի գրված լինի, թե ինչից է պատրաստված: Պիտակի վրա այսօր ոչ մի տեղեկություն չկա գրված: Խանութներում ևս պետք է սպառողին իրազեկեն, օրինակ, պանրի տեղադրման մասում  աջ կողմում տեղադրեն կաթով պատրաստվածը, ձախում՝ պանրամթերքը»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Այս ամսվա ընթացքում պանիրը գործարաններից խանութ է հասել 50 դրամի տարբերությամբ:  Ըստ պանրագործների միության նախագահի՝   պանրի արժեքը փոքր-ինչ սկսել է կարգավորվել:

«Գինը հիմա ցածր է: Պետք է արժեքը 300-400 դրամով փոփոխվի, որ գնի բարձրացում համարենք»,- ասաց նա:

Կաթի շուկայում նույնպես գնանկում է եղել: Գիգոյանը փաստեց, որ  արտադրության ծավալներից ելնելով, գինը պետք է բարձրանար, սակայն դա տեղի չի ունեցել:

«Երբ պանրի գներն անառողջ մրցակցությամբ են գոյանում, ապա կաթի գները չեն փոխվում: Հայաստանում կաթի գին որոշողը ոչ թե խոշոր կաթ մթերողներն են, իհարկե, դրանք մեծ դերակատարում  ունեն շուկայում, այլ փոքր և միջին պանիր արտադրողները: Երբ պանրագործը չի կարողանում բարձր գին տալ կաթին, գները դեռ լինելու են այդպիսին»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի

ՎԱՐԿԱՆԻՇ

   3729 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ