Եվ այսպես, երեկ Փաշինյանը մոդելավորեց և դասակարգեց հեղափոխությունից բոլոր հիասթափվածներին: Անշուշտ ծավալուն աշխատանք էր կատարվել, և եթե տասը բալային համակարգով գնահատենք, բավական բարձր միավորներ կստանար: Բայց նա ավելի մեծ պոտենցիալ ունի և կարող էր ավելի ամբողջական աշխատանք ներկայացնել:
Նախ ցուցակն ամբողջական չէ, ունի վիճահարույց կետեր ու ընդհանրապես՝ նշված հիասթափվածները վաղուց էին հիասթափվել և երկու տարվա հետևանք չեն:
Առաջին. ոչ բոլոր օլիգարխներն են հիասթափված: Այո, Ռուբեն Հայրապետյանը կամ Քեթրինի Միհրանը դժգոհ են, բայց ինչո՞ւ պետք է դժգոհ լինի Սամվել Ալեքսանյանը: Այստեղ հակասություն կա. չէ՞ որ նույն Փաշինյանը պնդում էր, որ օլիգարխները ճամպրուկներով փող էին տանում Բաղրամյան 26: Հաստատ Ալեքսանյանի համար բացառություն չէին անի. այնքան փոքր ֆիգուր չէր, որ մոռանային: Քանի որ այդ արատավոր պրակտիկան այլևս չկա՝ Ալեքսանյանը չի կարող հիասթափված լինել: Ինչ վերաբերում է կորտեժով երթևեկելու օլիգարխների սովորույթին, ապա Ալեքսանյանը շարունակում է մի քանի մեքենայով երթևեկել: Այնպես որ՝ օլիգարխների մասում կա բաց՝ ոչ բոլորն են հիասթափված: Հակառակը, Ալեքսանյանը պետք է մի բան էլ ոգևորված լինի հեղափոխությունից:
Երկրորդ. հոգևորականների մասով վերլուծությունը շատ մակերեսային էր: Հիասթափված են բարձրաստիճան հոգևորականները, քանի որ լուրջ կապեր ունեին նախկին ռեժիմի հետ, այդ թվում՝ գործարար: Ցածրաստիճան հոգևորականները ձայն չեն հանում, որովհետև բարձրաստիճանների կողմից կենթարկվեն հետապնդումների, իսկ պետությունը նրանց պաշտպանելու որևէ լծակ չունի: Այնպես որ՝ սխալ է պնդելը, թե բոլոր հոգևորականները հիասթափված են:
Երրորդ. Փաշինյանի նշած ցանկն ամբողջական չէ: Եթե միայն իր նշած խմբերը լինեին հիասթափված, ապա իշխանության այսօրվա վարկանիշը կլիներ 80 տոկոսից ավելի: Բայց այդքան չէ, որովհետև իր նշած հիասթափվածները այնքան էլ հիասթափված չեն: Եվ Փաշինյանի ցանկում չներառված խմբերը հիասթափված են, որ նա չի կարողացել տեղը տեղին հիասթափեցնել, օրինակ, նախկին իշխանություններին: Հիասթափված են, որ մերժված Սերժ Սարգսյանը դեռ ազատության մեջ է, իսկ նրա արբանյակները հոխորտում են: Ցանկում չներառված խմբերը հիասթափված են, որ հեղափոխությունից երկու տարի անց չի վերականգնվել իշխանության ամենակարևոր ճյուղերից մեկի՝ արդարադատության բնականոն և օրենքի պահանջին համապատասխան աշխատանքը: Հիասթափված են, որ երկու տարի անց հանուն Հայաստանի Հանրապետության վճիռներ են կայացնում դատավորներ, որոնք վաղուց պետք է լինեին դատապարտյալ: Ցանկում ներառված չեն նրանք, ովքեր հիասթափված են կադրային քաղաքականությունից և այդ հարցում շտկումներ անելու համար անհրաժեշտ կամքի բացակայությունից: Ցանկում ներառված չեն նրանք, ովքեր հիասթափված են Արցախի այդ որակի ընտրությունների քաղաքական հովանավորումից:
Եվ ընդհանրապես, ամենամեծ հիասթափվածների խումբը նրանք են, ովքեր գտնում են, որ իշխանությունները չեն արել համակարգային և բովանդակային այնպիսի բարեփոխումներ, որ Փաշինյանի նշած հիասթափվածները ընդմիշտ մնան հիասթափված, և վերադարձ անցյալին երբեք տեղի չունենա:
Արիս Վաղարշակյան