Անցած շաբաթը նշանավորվեց ՀՀ անկախության տոնի նախօրյակին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի երկու որոշումներով, որ մեղադրյալ Քոչարյանը դարձյալ մնաց կալանքի տակ: Այսքան մեծ հնչեղություն ունեցող՝ հանրության և մեղադրյալի մեծաթիվ փաստաբանական խմբի ուշադրության կենտրոնում գտնվող գործով դատավոր Աննա Դանիբեկյանը պարզապես չէր կարող օրենքի տառին համապատասխան որոշում չկայացնել, ինչը հանրության կողմից միանշանակ ընդունվեց և սոցցանցերում շատերը շնորհավորում էին և հատուկ երախտագիտության խոսք էին ուղղում դատավոր Աննա Դանիբեկյանին:
Իսկ ահա մեղադրյալ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, հղում անելով վարչապետի նախկինում արված հայտարարությանը, թե կան դռների տակ վնգստացող, տերեր փնտրող դատավորներ՝ հարց է ուղղել դատավոր Դանիբեկյանին, թե դատավորը անձամբ դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞, թե՞ չկա, ինչը հանրության զայրույթն առաջացրեց և նույնպես մեծ արձագանք ունեցավ սոցցանցերում:
Մեզ համար հավասարապես անընդունելի է, թե նման բառապաշարով ով է ներկայանում հանրությանը՝ լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստաբան Հայկ Ալումյանը, թե՞ անգրագետ Պողոսը: Էս բառապաշարը մի քիչ նման է Քոչարյանի բառապաշարին: Հիշո՞ւմ եք: Պատգամավորների ականջից բռնել քաղմաս տանելու, բառաչող կովերի, վատ պարողին խանգարող հանգամանքներին և այսպես շարունակ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ Փաշինյանը և Քոչարյանը համեմատության եզր չունեն, բայց հեղափոխական իշխանությունը պիտի զերծ լինի նման բառապաշարից: Եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ վնգստացող և տեր փնտրող դատավորներ կան հեղափոխությունից մեկուկես տարի անց, ապա մեղքի մեծ բաժինն իրենն է, որ մինչև այսօր դատաիրավական համակարգում բարեփոխում չի իրականացրել: Հայտարարել է վեթինգի մասին, հայտարարել է անցումային արդարադատության մասին և հայտարարությունների մակարդակով էլ մնացել են, արդյունքում դատական իշխանությունը նույնն է մնացել:
Այսուհանդերձ, օրենքի տառը չխախտող, մասնագիտական պարտքը պատշաճ կատարող, արդար որոշում կայացնող դատավոր Աննա Դանիբեկյանին նման հարցով դիմելը դատարանին անհարգալից վերաբերմունք է նշանակում, իսկ եթե փաստաբանը շատ է ուզում վնգստացող և տեր փնտրող գտնել, ապա պիտի փնտրի դատարանի բակում պիցցա ուտողների մեջ: Ինչպես փաստաբանն է պարզաբանել, որ ինքը չի ասում վնգստացող, պարզապես հարցնում է: Մենք էլ չենք ասում, պարզապես հարցնում ենք: Փաստաբան Հայկ Ալումյանի դատավոր կինը էդ ցուցակում կա՞ թե չկա՞: Հարցը հռետորական է:
Ջավահիր Այվազյան