...

Պատերա՞զմ, թե՞ պատերազմ․ չլրջանալու հետևանքները

Պատերա՞զմ, թե՞ պատերազմ․ չլրջանալու հետևանքները

Հիմա արդեն գրեթե բոլորի համար է ակնհայտ, որ պատերազմի և խաղաղության միջև ընտրություն կատարելու ամենապատեհ հնարավորությունը Հայաստանն ու Արցախը բաց են թողել 1997-ին։ Դրանից հետո ընտրության հնարավորություններ, իհարկե, էլի են եղել, բնականաբար՝ ավելի անբարենպաստ պայմաններով, բայց քանի որ 1998-ի հեղաշրջմամբ «սկզբունքային ընտրությունն» արդեն ամրագրված էր՝ հետագա հնարավորությունները կարգին չեն էլ քննարկվել։ Փոխարենը՝ քննարկվել են կարգավորման բացակայության մեղքը դիմացինի վրա բարդելու դիվանագիտական հնարքները, ու քանի որ դիմացինն էլ, հասկանալով, որ 1998-ից հետո ժամանակն իր օգտին է աշխատում, նույնպես դեմ էր կարգավորմանը՝ որոշ դեպքերում մեր դիվանագիտական հնարքներն աշխատել են։ 

Արդյունքը 44-օրյա պատերազմն էր ու այսօրվա վիճակը։ Եվ՝ այն, որ պատերազմի ու խաղաղության միջև սխալ ընտրություն կատարելու արդյունքում այսօր Հայաստանի ու Արցախի քաղաքական դաշտը դարձյալ բաժանված է երկու մասի, բայց՝  ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ պատերազմի և․․․ պատերազմի կողմնակիցների միջև։ Այո, և՛ նիկոլական իշխանությունները, և՛ պայմանական «նախկինները» երկիրը տանում են նոր պատերազմի, բայց կողմերից յուրաքանչյուրը ձգտում է երկիրը ներքաշել ի՛ր պատկերացրած պատերազմի մեջ։

Ինչպե՞ս են պատկերացնում պայմանական «նախկինները» (որոնք Հայաստանում «ինստիտուցիոնալ ընդդիմություն» են, իսկ Արցախում՝ իշխանություններ) իրադարձությունների հետագա զարգացումը։ Խոսենք պարզ և առանց ավելորդ ձևականությունների։ Նրանց «տեսլականը» մոտավորապես սա է․ Արցախը մերժում է Ադրբեջանի հետ որևէ երկխոսություն՝ վերջինիս օրակարգով, դիմադրում է մինչև վերջ, այդ թվում՝ ռազմական ճանապարհով, որի արդյունքում արցախահայությունը կամ ռուսների միջոցով համեմատաբար նվազ կորուստներով բռնագաղթում է Հայաստան ու «տեղում» իրենց ղեկավարությամբ իշխանափոխություն իրականացնում, կամ Հայաստանը ստիպված է լինում միջամտել, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ է սկսվում՝ տասնյակ հազարավոր զոհերով, Ռուսաստանն էլ, ինչպես միշտ՝ ուշացումով, միջամտում է, տապալում Նիկոլի իշխանությունը, իրենց կարգում Հայաստանի «գուբերնատոր» ու կանգնեցնում պատերազմը՝ իր պայմաններով։ Սա ընդամենը ենթադրություն չէ, այս հավանական սցենարի մասին հուշում են Արցախի խորհրդարանում հաստատված «համախոհությունն» ու Ստեփանակերտից հնչող հայտարարությունները։

Իսկ Նիկոլ Փաշինյանը երկիրն ա՛յլ պատերազմի է տանում։ Կտրուկ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ ու դրանով իսկ Ադրբեջանին «հասկացնում», որ Հայաստանի վրա հարձակվելու պահը շատ հարմար է՝ «Զանգեզուրի միջանցքը» չտալու պատրվակով, որովհետև այս իրավիճակում ոչ Ռուսաստանը մատը մատին կխփի, ոչ Արևմուտքը, ինքն էլ հնարավորություն կունենա հայտարարել, թե «ես չէի ուզում հանձնել, ուժով վերցրեցին», ու մեղադրել միաժամանակ և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին։ Ադրբեջանն էլ, իր տրամաբանությամբ, ուժով կվերցնի այն, ինչը թղթով չի կարողանում վերցնել (Սյունիքը, Սևանի ավազանի մի մասը և այլն), այդպիսով «ռազմատուգանքների հարցը» մեջտեղից դուրս կգա, Հայաստանն էլ (կամ՝ այն, ինչ կմնա Հայաստանից) խաղաղության համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, դուրս կգա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից (եթե մինչ այդ դուրս եկած չլինի), ինքն էլ հետո մի հարմար առիթով լացակումած կասի «ես կարող էի առանց պատերազմի է՛լ տալ այդ ամենը, ու արդյունքը նույնը կլիներ, իհարկե՝ առանց 20-30 հազար զոհերի, բայց այդ դեպքում ինձ դավաճան կանվանեին»։ 

Ու պատահական չէ, որ իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են երկիրը նոր պատերազմի տանելու մեջ։ Երկուսն էլ ճիշտ են։ Եվ թող որևէ մեկը խաղաղությունից չխոսի, մենք այդ հնարավորությունը վաղուց ենք բաց թողել։ Հիմա մեր ընտրությունն ընդամենը տարբեր սցենարներով պատերազմների միջև է։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   678 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ