...

Պատերազմի ելքը՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում

Պատերազմի ելքը՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում

ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ

Ղարաբաղյան բանակցություններն առայժմ որևէ արդյունք չեն տալիս, և պատերազմը վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքներին առայժմ բնորոշ դիմախաղով պատասխանում են միայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ընդ որում՝ սա թերևս միակ դեպքն է, երբ նրանց պատասխանները ճիշտ են. հո չե՞ն կարող հայտարարել, թե իրենք վախենում են պատերազմից և պարտվելու են:

Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում հասարակությունը լավ չի պատկերացնում, թե ինչպիսին կարող է լինել նոր պատերազմը: Իսկ որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին՝ ակնհայտ է:

Այսպես, ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ նոր պատերազմին երկու կողմերից մասնակցելու է 250-300 հազար զինվոր (համեմատության համար նշենք, որ 92-94 թվականի պատերազմի ընթացքում ամենախոշոր ռազմական գործողությանը երկու կողմից մասնակցել է մոտ 5000 մարդ), մոտ 1000 միավոր զրահատեխնիկա, մոտ 100 ռազմական ինքնաթիռ և այլն: Ընդ որում, Հայաստանն այս անգամ ստիպված է լինելու պաշտոնապես մտնել պատերազմի մեջ:

Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանը պիտի ամեն գնով խուսափի պատերազմից: Ադրբեջանը մեզ համար անընդունելի պահանջներ է առաջ քաշում՝ դրանց չընդունելու դեպքում սպառնալով պատերազմով, և քանի որ այդ պահանջներն անընդունելի են, մենք ստիպված ենք լինելու պատերազմ մղել: Պարզապես մենք պիտի կարողանանք նախ՝ դասեր քաղել նախորդ պատերազմից (միայն անհաջողություններից չէ, որ պետք է դասեր քաղել), և երկրորդ՝ նախապատրաստվել որակապես միանգամայն այլ պատերազմի: Իսկ դրա համար առաջին հերթին պիտի կարողանանք հասկանալ, թե ինչի՞ հաշվին հաղթեցինք 92-94 թվականների պատերազմում:

Այդ հաղթանակն ուներ երկու կարևորագույն գործոն: Առաջին՝ Հայաստանին հաջողվեց անհամեմատ ավելի արագ ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգը: Երկրորդ՝ մենք ունեցանք փայլուն զորավարներ, որոնք ի վիճակի եղան բանակ ձևավորել և իրենց ետևից մարտի տանել զինվորներին (Ադրբեջանում այդպիսի զորավարներ չբացահայտվեցին):

Ցավոք, ներկայումս (հավանական պատերազմի վերսկսկման նախօրեին) Հայաստանում այդ երկու գործոններն էլ վերացել են: Պետական կառավարման համակարգը որպես այդպիսին իսպառ վերացել է և գրեթե ոչնչով չի տարբերվում շուկայում ռեկետ անող բանդաների գործելակերպից, իսկ զորավարները կամ «հանուն կայունության» սպանված են սեփական երկրի խորհրդարանում, կամ բանտերում են: Պատահաբար ողջ մնացածներին էլ ժամիշխաններն այնքան են ստորացրել, որ դժվար է պատկերացնել, թե պատերազմի վերսկսման դեպքում նրանցից որևէ մեկն ի վիճակի կլինի՞ գոնե դասակ ղեկավարել:

Մենք, իհարկե, հաղթելու ենք այս պատերազմում: Բայց դրա համար պետք է վերականգնել կորսված գործոններից գոնե մեկը (զորավարների կորուստը վերականգնել հնարավոր չէ): Պետք է գոնե վերականգնել պետական կառավարման արդյունավետ համակարգը: Իսկ դրա համար այս իշխանությունները պետք է պարզապես հեռանան: Եթե Քոչարյանը հեռանար գոնե մեկ տարի առաջ, Հայաստանը կարող էր խուսափել պատերազմից: Այսօր արդեն ուշ է: Բայց եթե հեռանա գոնե հիմա՝ Հայաստանը կարող է խուսափել պարտությունից: Քոչարյանի պաշտոնանկությունը նրա իսկ մեղքով անխուսափելի դարձած պատերազմում հաղթելու կարևորագույն նախապայմանն է:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 295, նոյեմբերի 13, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   485 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ