...

5. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ համատարած սուտ

5. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ համատարած սուտ

Լավ, ենթադրենք՝ 2018-ին Հայաստանում իսկապես առկա էին «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» բոլոր նախադրյալները։ Ե՛վ մթնոլորտն էր գաղջ, և՛ քաղաքական դաշտն էր ապականված, և՛ ուժային բևեռներն էին երես թեքել օրվա իշխանություններից, և՛ հանրության մեծ մասն էր նվաստացած վիճակում՝ նեղվելով ընտրակեղծիքների համարյա լեգիտիմացված համակարգի դեմ սեփական անզորությունից, կոռուպցիայից ու «բեսպրեդելից», և համոզված լինելով, որ իրենից համարյա ոչինչ կախված չէ՝ Հայաստանում հնարավոր չէ օրինական ճանապարհով ինչ-որ բան փոխել․․․

Բայց ինչո՞ւ այնպես ստացվեց, որ այդ իրավիճակում ժողովրդի մեծ մասը գնաց ու «նախրի մեջ էշի ճակատը պաչեց»։ Ինչպե՞ս պատահեց, որ ժողովրդի մեծ մասն առանց երկմտելու համաձայնվեց սեփական երկիրը վստահել մեկին, ով ոչ բարձրագույն կրթություն ուներ, ոչ բանակում էր ծառայել, ոչ պետության համար կարևորագույն խնդրի՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որևէ ծրագիր էր ներկայացնում, չորսբոլորն էլ հավաքել էր ինչ-որ էկզոտիկ դեմքերի, որոնց մասին մինչ այդ որևէ մեկը որևէ բան չէր լսել։ Պարզ ասած՝ ինչո՞ւ հասարակության մեծ մասը նման պատուհասի դեմ իմունիտետ չուներ։

Չուներ, որովհետև «թավշյա, ոչ բռնի» խեղկատակությանը նախորդած քսանամյա ժամանակահատվածում այդ իմունիտետը հետևողականորեն ոչնչացվել էր։ Քսան տարի շարունակ ամեն ինչ արվել էր, որպեսզի հայ հասարակության արժեհամակարգը հիմնովին խեղաթյուրվի, առողջ բանականությունը մղվի հետին պլան, և երկրում իշխի համատարած կեղծիքը։ 

Օրինակ՝ ինչո՞ւ պիտի ժողովուրդը կարևորեր պետության ապագա ղեկավարի կրթությունը, եթե տարիներ շարունակ պետական քարոզչամիջոցներով ու ռեսուրսներով ծաղրում էին առաջին նախագահի «տասը լեզու իմանալը», նրանից իշխանությունը խլած նախկին պարտկոմն էլ պարծենում էր, թե ինքը գիրք կարդացող տղա չի, ու պետական մտածողության հարգն իմացող որևէ մտավորական չէր ընդվզում դրա դեմ։ Ինչո՞ւ պիտի ժողովուրդը կարևորեր պետության ապագա ղեկավարի՝ բանակում ծառայած չլինելը կամ ղարաբաղյան կարգավորման հարցում որևէ դիրքորոշում չունենալը, եթե երկար տարիներ հասարակությանը համոզում էին, թե Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն վաղուց լուծված է, առաջին պատերազմում էլ հաղթել ենք ոչ թե պետական հմուտ ղեկավարման ու հազարավոր հերոսների շնորհիվ, այլ որովհետև կարողացել ենք «տեղը տեղին պատիվ տալ» ռուս գեներալներին։ Դե եթե կեղծիքն այնքան էր արմատավորվել, որ հերոս էր հռչակվում որևէ պայմանական «Շմայս», իսկ իշխանական փափկասուն տիկնայք լուսանկարվում էին կամուֆլյաժներով, ինչո՞վ էր նրանցից տարբերվում ապրիլյանից հետո ճիշտ նույնպիսի կամուֆլյաժով լուսանկարված ժպտադեմ Նիկոլը, կամ մի՞թե «Էրատո» ջոկատի ապագա մարտիկները պակաս գեղանի ու փափկասուն էին։ Ինչ վերաբերում է «քաղաքական թիմին», ապա մի՞թե հասկանալի չէ, որ եթե սկզբունքայնությունն ի սկզբանե բացառված էր, և հասարակությունը պիտի ընտրություն կատարեր թաղային հեղինակությունների ու փաբերում թրև եկող, բայց անգլերեն բլբլացող ջահելների միջև, ապա նախապատվությունը տրվելու է երկրորդներին։ Բա ուրիշ ո՞րը պիտի լիներ երկու տասնամյակ շարունակ հանրային գիտակցության մեջ «եռագույն բազեների» ու «սաքուլիկների» պաշտամունքի ձևավորման հետևանքը․ ճիշտ է, հասարակությունը պիտի սուսուփուս ընդուներ զանազան «Ալենչոներին», «Դիջեյ Էդոներին», «Շիշ բռնողներին» և այլն։

Այնպես որ՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» պատուհասը մենք ինքներս ենք բերել մեր գլխին, որովհետև քսան տարի շարունակ համակերպվել ենք համատարած կեղծիքի հետ՝ առանց մտածելու հետևանքների մասին։ Ու հիմա էլ փորձում ենք պայքարել այդ հետևանքների դեմ՝ միամտաբար կարծելով, որ եթե սեպը սեպով են հանում, ուրեմն կեղծիքի դեմ էլ կարելի է կեղծիքով պայքարել։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ