Գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բարբաջանքները վրդովմունքի այնպիսի ալիք բարձրացրեցին, կարծես այդ մարդը մինչև հիմա իրեն նորմալ էր պահում ու հանկարծ մի օրում փոխվեց։ Իրականում մեր առջև նույն Նիկոլն է, այս ընթացքում ոչ ինքն է փոխվել, ոչ իր հնարքները։ Նրա ցանկացած ախմախության հետևանքներն իրեն հետաքրքրում են ընդամենը մի տեսանկյունից՝ կարողանալո՞ւ է մեղքը բարդել ուրիշների վրա, թե՞ ոչ։ Եթե կարողանալու է՝ պրոբլեմ չկա, ու հետևանքներն իրեն բացարձակապես չեն հուզում։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ողջ գործունեությունը հիմնված է երկու կետերի վրա։ Առաջին՝ «ես գալիս եմ ձեզ փրկելու, որովհետև սրանք թալանում են երկիրը» (մինչև հեղափոխությունը), և երկրորդ՝ «ես չեմ կարող ձեզ փրկել, որովհետև սրանք թալանել են երկիրը» (իշխանության գալուց հետո)։ Այս երկրորդ կետի դրսևորումները բոլորս ենք տեսել։ Սկզբում թալանածը վերադարձնելու էր, ու բոլորը լավ էին ապրելու, հետո պարզվեց, որ դա տեղի չի ունենում, որովհետև վատ ապրողներն իրենք են մեղավոր՝ «աղքատությունը նրանց գլուխներում է»։ Սկզբում ասում էր՝ ներդրումներ չեն լինում, որովհետև ինքը խորհրդարանում մեծամասնություն չունի, զոռբայությամբ հասավ արտահերթ ընտրությունների, հետո պարզվեց՝ «մեղավորը» Սահմանադրական դատարանն է, դա էլ վերցրեց, հետո նախկինների թալանածը չվերադարձնելու մեղքը բարդեց «վնգստացող դատավորների» վրա, և այլն։ Հետո կորոնավիրուսային խայտառակ վիճակի մեղքը բարդեց ժողովրդի վրա՝ «դիմակ չեն դնում, ճիշտ չեն լվացվում», հետո փորձեց 44-օրյա պատերազմի մեղքը բարդել ում վրա ասես՝ «դավաճան գեներալներից» սկսած մինչև Ծառուկյանի թիկնապահներ (իսկ ինքն ընդամենը մոդերատոր էր), հետո՝ ինչ-որ պահի զգալով, որ կարող է համաժողովրդական ցասման ալիքի տակ հայտնվել «գնդակահարության պատի տակ», հայտարարեց, թե պատրաստ է իր որդուն փոխանակել գերիների հետ, մի երկու օր առաջ էլ հայտարարեց, թե գերիներն իրենք են մեղավոր, դեռ պետք է հանգամանքները պարզել (փաստորեն իր տղային պոտենցիալ հանցագործների հետ էր փոխանակում)։
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանին պետության ճակատագիրը բացարձակապես չի հետաքրքրում, նրան միայն ի՛ր ճակատագիրն է հետաքրքրում՝ կկարողանա՞ չոր դուրս գալ իր իսկ բերած հերթական աղետից, թե ոչ։ Բայց ցավալին այն է, որ հասարակության մի մեծ մասին նույնպես ոչ այնքան երկրի ապագան է հետաքրքրում, որքան Նիկոլի հետագա ճակատագիրը։ Մարդկանց զգացմունքայնությունն, իհարկե, հասկանալի է, բայց պետության ապագայի տեսանկյունից ի՞նչ տարբերություն՝ նա իր մահկանացուն կկնքի «գնդակահարության պատի տա՞կ», հանկարծ կգիտակցի իր արածներն ու կորոնավիրուսի բուժման համար պահած տնական արաղին ինքնակամ թո՞ւյն կխառնի, թե՞, ասենք, մի գեղեցիկ օր կանհետանա ու դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո կվայելի Աթաթուրքի անվան պետական մրցանակն ու Կիպրոսի թուրքական հատվածում նվեր ստանալիք առանձնատունը։ Կարևորն այն է, որ բարդագույն այս իրավիճակում երկիրն իշխանություններ ունենա, հետևաբար հասարակության և դեռևս մնացած (եթե մնացել են) պետական կառույցների խնդիրը պիտի լինի հնարավորինս անցնցում նորմալ իշխանություններ ձևավորելը։ Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ ուրեմն Նիկոլ Փաշինյանը բոլոր հիմքերն ունի ժողովրդին մեղադրելու։ Կասի՝ «ձեր ընտրությունն է, վայելեք, չէիք ուզում՝ չընտրեիք, իսկ եթե ինձ ծաղրածուի պես եմ պահում, ուրեմն կրկեսը ձեր ուղեղներում է»։
Մարկ Նշանյան