...

Պետք է զարգացնել հաջողությունը

Պետք է զարգացնել հաջողությունը

Այս պահին նախաձեռնությանը կրկին տիրապետում է իշխանությունը: Սահմանադրական դատարանի ճգնաժամը բավական գրագետ հանգուցալուծելով՝ իշխանությունն ապացուցեց, որ ունի հաստատակամություն և գիտակցություն՝ մի կողմից նախկիններին զրկելու իրավական աճպարարության միջոցով քաղաքական գործընթացների վրա ազդելու ռեսուրսից, մյուս կողմից հակամարտության մեջ չմտնելով Հայաստանի միջազգային գործընկերների հետ: Այս վերջին հանգամանքը հատկապես ջղագրգիռ է դարձրել ռևանշիստներին, քանի որ նրանք հույս ունեին իրենց աղքատիկ փաստարկների մեջ թագուհի կարգել Վենետիկի հանձնաժողովի և եվրոպական կառույցների գնահատականները:

Բայց ստացված առավելությունը պետք է շատ արագ զարգացնել, քանի որ միայն ՍԴ-ով բավարարվելը կլինի ընդամենը պյուռոսյան հաղթանակ: Այն ճանապարհով, ինչ լուծվեց ՍԴ-ի ճգնաժամը, նույնքան արագ, թիրախային ու աշխատող մեխանիզմներով պետք է լուծել դատական և իրավապահ համակարգի խնդիրները:

Մի կողմից պետք է այնպես անել, որ դատական համակարգում կոլափս չառաջանա, մյուս կողմից այն պետք է մաքրվի ապօրինի հարստացածներից, նախկին իշխանության կամակատարներից ու բոլոր նրանցից, որոնք արդեն վարկաբեկել են դատավորի բարձր կոչումը:

Պետական համակարգը շատ զգայուն օրգանիզմ է, առաջին իսկ թիրախային և գրագետ քայլերի դեպքում շատ դատավորներ կզգաստատան և կհասկանան, որ իրենց հետ խաղ չեն անում: Մեկ տարուց ավել է ՍԴ-ի նախկին կազմը փորձում էր համոզել, որ իրենք միահամուռ են և ցանկացած գնով կպաշտպանեն միմյանց: Արդեն երեկ հրապարակված հայտարարության տեքստին չեն միանում ՍԴ այն անդամները, որոնք այսօրվանից այլևս դատավոր են, բացառությամբ իհարկե Հրայր Թովմասյանի, որը, այնուամենայնիվ, կորցրեց ՍԴ նախագահի պաշտոնը: Իսկ մինչ հրապարակված հայտարարությանը չէր միացել ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը, որը մինչ այս փոփոխությունների ի հայտ գալը մշտապես գործում էր նույն դաշտում, ինչ Թովմասյանը և կոմպանիան:

Այս օրինակով պետք է վերակառուցել ու բարեփոխել ամբողջ դատական և իրավապահ համակարգը, ինչու չէ նաև պետական ապարատը:

Նախկիններին պետք է զրկել դիմադրության բոլոր օջախներից, որ նրանք պահպանում են պետական համակարգում: Որևէ դեպքում չի կարելի կանգ առնել և բավարարվել որոշ դատավորների կամ դատարանների նախագահների բանավոր խոստումներով, որ այսուհետ լոյալ կլինեն և նախկին իշխանությունների հետ ստվերային հարաբերությունների մեջ չեն մտնի: Մեկ տարի առաջ իշխանությունը բավարարվեց այդպիսի խոստումներով և այժմ տեսնում ենք արդյունքը:

Առաջիկայում պարզ կդառնա՝ սա հստակ մշակված ռազմավարության արդյունքում ձեռք բերված հաջողությո՞ւն էր, թե՞ մեկանգամյա բոնուս, որ չի դառնա իրավիճակը շտկելու գրավական:

Արիս Վաղարշակյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1055 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ