...

Պոպուլիստ «խաղաղասերներն» ու պոպուլիստ «ռազմահայրենասերները»

Պոպուլիստ «խաղաղասերներն» ու պոպուլիստ «ռազմահայրենասերները»

Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական հակապետական կամ բացառապես Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է անում, ու թվում է, թե վերջ՝ այս անգամ հաստատ «չի պլստա», արմատական ընդդիմությունը հաջողացնում է այնպիսի հակափաստարկներ բերել, որ իրենց համեմատ իշխանությունների պահվածքն ավելի ողջամիտ է թվում։ 

Ամենաթարմ օրինակը Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի ուղղությամբ 4 անկլավային գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամությունն է։ Ինչպիսի՞ն պիտի լիներ ադեկվատ և իսկապես պետական շահերով մտահոգ ընդդիմության արձագանքը։ Պիտի լիներ մոտավորապես այսպիսին․ «Այո, ցավոք՝ այդ 4 գյուղերը խորհրդային Հայաստանի տարածքում չեն գտնվել, ժամանակին ինչ-ինչ մեքենայությունների արդյունքում դուրս են բերվել ՀԽՍՀ տարածքից, և եթե հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան իրականացվի խորհրդային սահմաններով՝ մենք ստիպված ենք լինելու վերադարձնել այդ տարածքները։ Բայց նույն այդ խորհրդային սահմաններն Ադրբեջանը չի ճանաչում, բազմաթիվ հատվածներում ներխուժել է ՀՀ տարածք և օկուպացրել մոտ 200 քկմ տարածք, հետևաբար՝ Տավուշի 4 գյուղերը վերադարձնել կարելի է միայն ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը զուգահեռ։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները մտադիր են այդ 4 գյուղերը վերադարձնել միակողմանիորեն՝ դա արդեն բխում է բացառապես Ադրբեջանի շահերից և ՀՀ պետական շահերի ակնհայտ ոտնահարում է, այսինքն՝ պետական դավաճանություն»։ Սա կլիներ նորմալ քաղաքական խոսույթ և ցույց կտար, որ ընդդիմությունն է՛լ է կողմ խաղաղության, բայց՝ արժանապատիվ և միջազգային նորմերի վրա հիմնված խաղաղության, և ոչ թե հակառակորդի «մեծահոգությանն» ապավինած ստորաքարշ գոյության։

Մինչդեռ ընդդիմությունն այլ բան է ասում․ մոտավորապես՝ «ոչ մի դեպքում չի կարելի այդ 4 գյուղերը տալ, որովհետև դրանք մեզ համար շատ կարևոր են, ռազմավարական նշանակություն ունեն, «ջանդամը», թե «սովետի վախտ» Ադրբեջանինը չեն եղել, եթե տանք՝ ահագին տարածք կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ», և այլն։ Ոչ մի քաղաքական միտք, ոչ մի իրավական հիմնավորում, պարզապես «չպիտի տանք, որովհետև դրանք մեզ պետք են»։ Իհարկե պետք են, շա՛տ են պետք, բայց այդ տրամաբանությամբ՝ Ջերմուկի սարերն էլ Ադրբեջանին են պետք, բա հետո՞։ Մենք այս իրավիճակը հաղթահարելու ենք «վիզ պետք ա» սկզբունքո՞վ (ինչը նշանակում է, որ ում ինչ պետք է՝ կարող է ուժով վերցնել կամ պահել, ընդ որում՝ այն հիմնավորմամբ, որ դա իրեն ավելի է պետք), թե՞ միջազգային նորմերով։ Ընդդիմությունը գոնե հասկանո՞ւմ է, որ իր այս խոսույթի արդյունքում Նիկոլ Փաշինյանի դիրքերն է ամրապնդում, ընդ որում՝ նաև միջազգային հանրության աչքում։ Իհարկե հասկանում է, պարզապես «ռազմահայրենասիրական հռետորաբանությունը» քարոզչական տեսանկյունից ավելի շահեկան է համարում։

Մեծ հաշվով՝ խնդիրը հանգում է հետևյալին։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջումներ անել, ինչը ոչ միայն անտրամաբանական է, այլև ակնհայտորեն հակապետական, որովհետև ուղղակի հարվածում է մեր պետական շահերին։ Ընդդիմությունն էլ, փոխանակ պահանջի, որ այդ զիջումները լինեն միայն փոխադարձ և առնվազն միաժամանակյա (ինչը լիովին համապատասխանում է միջազգային նորմերին), պահանջում է ընդհանրապես ոչինչ չզիջել, այլ կերպ ասած՝ պահանջում է, որ Հայաստանը խորհրդային սահմանները չճանաչի, իսկ Ադրբեջանը՝ ճանաչի, ինչը նույնպես անտրամաբանական է։ 

Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք․ պոպուլիստական «խաղաղասիրություն» և պոպուլիստական «ռազմահայրենասիրություն»։ Իսկ առողջ տրամաբանությունը ոչ մեկին պետք չէ։ Դրանից «քյար» չկա, ներքաղաքական առևտրում դա ամենավատ վաճառվող ապրանքն է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ