...

«Փրկիչների» նոր եթերաշրջանի քասթինգը սկսված է

«Փրկիչների» նոր եթերաշրջանի քասթինգը սկսված է

Այնպես է ստացվել, որ Հայաստանում և՛ իշխանություններն են ձախողվել, և՛ ընդդիմությունը։ Իշխանությունները ձախողել են հնարավոր ամեն ինչ ու կործանման եզրին հասցրել պետությունը, ընդդիմությունն էլ իր հերթին ձախողել է ամեն ինչ ձախողած իշխանություններին քշելու գործը։ Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ ակնհայտ է, որ գործող իշխանությունները պիտի օր առաջ հեռանան, բայց անգամ տիտղոսակիր ընդդիմության կարկառուն դեմքերն են ընդունում, որ իրենց լիդերների հետ հույսեր կապել չարժե, իսկ վակուումը լցնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր ծրագրեր և ցանկալի է՝ նոր դեմքեր։

Եվ առաջին հայտը ներկայացնում է․․․ Վազգեն Մանուկյանը։ Ծավալուն հոդվածով փորձում է հիմնավորել, որ հայերը համաշխարհային ազգ դառնալու բոլոր հնարավորություններն ունեն, այժմ չպետք է որևէ փաստաթուղթ ստորագրելով սահմանափակել այդ հնարավորությունները, և ընդհանրապես՝ «Այս տարածքում փոքր խնդիր դնել և գոյատևել անհնարին է», «Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի, մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն»։ Դե մարդը ճիշտ է ասում, եթե մեր առջև փոքր նպատակ ենք դնում ու չենք կարողանում հասնել, պետք է ավելի մե՛ծ նպատակ դնել։ Այո, փիղ բռնելը բարդ գործ է, բայց չէ՞ որ անգամ երեխաները գիտեն, թե ինչպես կարելի է անել դա․ երկուսին բռնում ես, հետո մեկին բաց թողնում։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա պրն Մանուկյանը, իհարկե, ոչ միայն մեծ նպատակն է ցույց տալիս, այլև դրան հասնելու ճանապարհի առաջին քայլերը։ Նախ՝ պետք չէ որևէ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի, Թուրքիայի կամ մեկ այլ երկրի հետ, որից հետո «պետք է արագորեն կարողանալ արդիականացնել և նորից մարտունակ դարձնել մեր բանակը, առողջացնել հասարակությունը, պետական ինստիտուտները և հատկապես կրթական համակարգը»։ Առանցքայինն այստեղ «արագորեն» բառն է, բայց չէինք ցանկանա հեգնել ու հարցնել, օրինակ, թե քանի՞ աշխատանքային օրվա ընթացքում է հնարավոր արդիականացնել բանակն ու առողջացնել հասարակությունը։ Հիմա հեգնանքի ժամանակը չէ։ Եվ ի վերջո մարդն անցած ճանապարհ ունի, կենսափորձ ունի, հիմա ինչ-որ բան է առաջարկում, ու հասարակության խնդիրն է հասկանալ՝ խելքին մո՞տ բան է ասում, թե՞ ոչ։ Պարզ ասած՝ իրատեսակա՞ն է, թե՞ ոչ։ Որովհետև եթե իրատեսական չէ՝ վերջ, թեման փակվում է, ու որևէ նշանակություն չունի՝ գեղեցի՞կ է շարադրված գաղափարը, թե՞ ոչ, բարձրացնո՞ւմ է մեր ինքնագնահատականը, թե՞ ընդամենը մեր ինքնասիրությունն է շոյում, և այլն։

Եվ այսպես, հնարավո՞ր է արդյոք «արագորեն արդիականացնել և նորից մարտունակ դարձնել բանակը»։ Ցավոք՝ եթե 500 տարի առաջ հայ վաճառականները Ֆիլիպիններում առևտրի մենաշնորհ ունեին, դա ինքնաբերաբար չի նշանակում, որ կարճ ժամանակում հնարավոր է Եղվարդում ժամանակակից հրթիռային համակարգեր արտադրել։ Ընդ որում՝ առանց «մեկ այլ երկրի» հետ որևէ պայմանագիր ստորագրելու։ Հնարավո՞ր է արդյոք «արագորեն առողջացնել հասարակությունը», որի համարյա 90 տոկոսը 44-օրյա պատերազմից հետո ձայն տվեց և խորհրդարան անցկացրեց այն 3 ուժերին, որոնց հետևողական արկածախնդրության արդյունքում էր երկիրը հասցվել այդ վիճակին։ Տեսականորեն հնարավոր է, բայց հաստատ՝ ոչ արագորեն։ Նույնն էլ՝ պետական ինստիտուտների և կրթական համակարգի դեպքում։

Այլ կերպ ասած՝ պրն Մանուկյանի «ծրագիրն» ընդամենը գեղեցիկ փաթեթավորված խաբկանք է։ Սպասենք այլ «ծրագրերի»։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   955 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ