...

Քաղաքական դերակատարները ստիպված են բացել խաղաքարտերը

Քաղաքական դերակատարները ստիպված են բացել խաղաքարտերը

Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հնչեցրեց հերթական գնահատականը և առաջարկեց իրավիճակին համահունչ լուծումներ: Անկախ նրանից, թե ինչպես դրան կարձագանքեն իշխանությունները և Քոչարյան-Սարգսյան տանդեմը, նախագահի խոսքը հերթական անգամ զուլալելու է քաղաքական դաշտը: Քաղաքական հիմնական դերակատարները ստիպված են լինելու բացել իրենց խաղաքարտերը, և հանրությունը հասկանալու է, թե լոզունգների ու հռչակագրերի հետևում ով ինչ նպատակներ է հետապնդում:

Իշխանությունը պետք է հստակեցնի՝ ունի՞ ծրագիր և կամք իրավիճակը կայունացնելու: Ապրիլյան պատերազմի   վերաբերյալ հետաքննող հանձնաժողով ստեղծելիս նպատակ ունեցե՞լ է իսկապես վերացնելու բանակի թերությունները, թե՞ պարզապես փորձում է օգտագործել որպես մահակ նախկին ռեժիմի դեմ: Պետք է կողմնորոշվի՝ իսկապես փորձո՞ւմ է հասկանալ Սերժ Սարգսյանի և գեներալիտետի թերացումները, թե՞ պարզապես շոու է անում՝ նպատակ ունենալով շեղել ժողովրդի ուշադրությունը այս պահի ավելի առաջնային խնդիրներից: Իսկ այս պահին Սարգսյանին հանձնաժողով հրավիրելը հենց այդ տպավորությունն է ստեղծում: Մեկ տարի է այդ հանձնաժողովը աշխատում է, բայց տեսանելի արդյունք չկա, չեն եղել միջանկյալ զեկույցներ, և ոչինչ չի խանգարում Սերժ Սարգսյանին հրավիրել ԱԺ՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելուց հետո:

Խորհրդարանական ընդդիմությունը, որ առավոտից երեկո իբր բարձրաձայնում է մարդկանց սոցիալական վիճակի մասին, ստիպված է թուղթ ու գրիչով, առանց աղմուկի աշխատել իշխանության հետ, եթե իսկապես մտահոգ է մարդկանց սոցիալական վիճակի համար: Բայց կարող է և չաշխատել ու շարունակել 3000 դրամանոց օգնություն բաժանել մի հարյուր հոգու և հեռուստատեսային ճոխ ռեպորտաժներ պատրաստել այդ մասին:

Ի վերջո պետք է կողմնորոշվի նաև Սերժ Սարգսյանը: Ինքը շարունակո՞ւմ է կցված մնալ Քոչարյանի սայլին, թե՞ կդառնա ինքնուրույն միավոր: Սարգսյանը պետք է գիտակցի, որ այդ սայլի վրա որքան էլ փող դնեն, որքան էլ թյունինգ անեն, միևնույն է՝ սայլի հատակը փտած է և երկար ճանապարհի դեպքում հաստատ ճանապարհի կեսին   է թողնելու:

Ամեն դեպքում, իրողությունը, որ իշխանությունն ավելի ողջախոհ է, քան հայտնի տանդեմը, կասկած չի   հարուցում: Ուրեմն րոպե առաջ, առանց վարանելու պետք է կյանքի կոչի առաջարկները՝ հաշվի չառնելով   քաղաքական համակրանքները և հակակրանքները:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2542 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ