Առնվազն 1.5 տարի է, ինչ մենք լսում ենք, որ երկրի քաղաքական ղեկավարությունը և Նիկոլ Փաշինյանը մասնավորապես դժգոհ են իրավապահ համակարգի աշխատանքից: Հատկապես դժգոհ են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման քանակից, տեմպից ու որակից:
Բայց, թերևս ժամանակն է, որ իրավապահ մարմինները և քննչական ծառայությունները մասնավորապես դժգոհեն քաղաքական իշխանությունից: Դժգոհեն, որ իրենք հանցագործություններ են բացահայտում, քաղաքական և տնտեսական կոռուպցիայի մեծածավալ դրվագներ են ի հայտ բերում, բայց քաղաքական իշխանությունը չի ապահովել այնպիսի մթնոլորտ, որպեսզի դատարանները չվիժեցնեն այդ հանցագործությունների հետագա բացահայտումը և դատապարտումը:
Պատկերացնենք՝ վաղը ընտրություններ են: Գործող իշխանությունը հիշեցնելու է, որ նախկինները հանցագործ էին, թալանչի, կոռուպցիոներ և այդպես շարունակ: Նախկինները կարող են շատ հանգիստ հակադարձել՝ ո՞ւր են դատավճիռները: Երկու տարուց ավել է, իշխանություն եք, ինչո՞ւ դատարանով չի ամրագրվել մեր հանցագործ լինելը:
Նախկին իշխանությունները իրենց ակտիվում ունեին մի քանի հանցագործություն, որոնց վերաբերյալ հասարակությունը կասկածներ չուներ: Միակ խնդիրն այն էր, որ քանի նրանք իշխանություն են, այդ հանցագործությունների համար պատիժ չեն կրի:
Մինչև 2018 թվականը հասարակության գերակշիռ մասը չէր կասկածում, թե ով է իրականացրել Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը: Հասարակությունը չէր երկմտում՝ կեղծում են ընտրությունները, թե ոչ: Հասարակությունը համոզված էր, որ ապրիլյան պատերազմից առաջ այնքան են թալանել բանակը, որ նաև դա է 120 երիտասարդի զոհվելու պատճառ հանդիսացել:
Բայց երկու տարի անց ոչինչ չի արվել Հոկտեմբերի 27-ի գործը անգամ մի փոքր տեղից շարժելու համար:
Մարտի 1-ի մասով կան մեղադրյալներ, բայց բուն դատավարությունը չի էլ սկսվել: Իսկ բացահայտումների մասով կան ընդամենը չնչին ձեռքբերումներ: Օրինակ 0038 հրամանի մասին մինչև հեղափոխությունն էլ հայտնի էր և միակ բացահայտումը թերևս մատյանի ձեռքբերումն է, որն ապացուցում է՝ ում ինչքան փող է բաժանվել:
Ապրիլյան պատերազմի մասով քննիչ հանձնաժողովը ավելի շատ սպիտակեցնում և արդարացնում է Սերժ Սարգսյանին, քան բացահայտում հանցագործների գործողությունները և անգործությունը:
Իսկ ընտրությունների մասով՝ Ծառուկյանի դեպքից հետո, իմաստ էլ չունի անդրադառնալ ամենամեծ ընտրակեղծարար ուժին՝ ՀՀԿ-ին և այդ ոլորտում նրա բազմափորձ ղեկավար Սերժ Սարգսյանին:
Նախկին իշխանությունները անգամ ամենալավ երազում չէին կարող պատկերացնել, որ կարող են մաքրվել այդ հանցագործություններից: Չենք պնդում, որ մաքրվել են, բայց լուրջ կռվաններ են ձեռք բերել վիճարկելու իրենց մեղսագրվող հանցագործությունները:
Արիս Վաղարշակյան