...

Քաղաքական ուժերը կվերածվեն ՏԻՄ-երի շահերի սպասարկուների

Քաղաքական ուժերը կվերածվեն ՏԻՄ-երի շահերի սպասարկուների

Հունիսի 18-ին ԱԺ-ն ընդունեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգի փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթը։ Առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ, որին մասնակցելու են կուսակցությունները և դաշինքները:

«ՉԻ» զրուցակիցը Համայնքների միության նախագահ Էմին Էրիցյանն է:

- Դուք օրենքի ընդունման վերաբերյալ կոչով էիք հանդես եկել: Նախ՝ օրենքի փոփոխության կարիք կա՞, և նոր օրենքն արդյունավետ կդարձնի՞ ՏԻՄ-երի կառավարումը:

- Կոչի նպատակն էր, որ տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքապետերը, ավագանու անդամները, համայնքային ծառայողները, հանրությունն ընդհանրապես համարժեք պատկերացնեն այս փոփոխությունների արմատական լինելը։ 24 տարի շարունակ մենք ունեինք ՏԻՄ-երի ընտրական համակարգ, որը 180 աստիճանով փոխում ենք։ Սրանք քաղաքական փոփոխություններ են, որոնք դրականի հետ ունեն նաև բացասական կողմեր: ՏԻՄ-երի արդյունավետությունն ավելի շատ պայմանավորվում է համայնքների աշխատակազմերի կարողություններով, երկրում լիազորությունների ապակենտրոնացման մակարդակով և դրանց համապատասխան տեղական իշխանությունների ֆինանսական ապահովվածությամբ։

- Համայնքի ղեկավարի ընտրության մոդելի փոփոխությունն ի՞նչ խնդիրներ է առաջացնելու:

- Ուղիղ ընտրությունները սովորաբար ավելի ժողովրդավարական են, քան անուղղակի ընտրությունները։ Համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունները վերացնելով, Հայաստանում, փաստորեն, վերացնում ենք ուղիղ ընտրություններն ընդհանրապես։ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, վարչապետն ու նախագահը՝ Ազգային ժողովի կողմից։ Ուղիղ ընտրությունները նշանակում է ուղիղ պատասխանատվություն բնակչության առջև։ Մինչդեռ անուղղակի ընտրակարգում համայնքապետի համար առաջնահերթ կլինի պատասխանատվությունն ու հաշվետվողականությունն իր կուսակցության առջև։ Ի վերջո, մեր բնակիչները կձևավորեն ավագանի, սակայն, համայնքի ղեկավարի ընտրության վրա ընտրողների ազդեցությունն անուղղակի է դառնում։ Համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունները մեծ հաջողությամբ կարելի էր համատեղել ավագանու համասնական ընտրակարգի հետ։

- Կարծիքներ կան, որ այս օրենքով ՏԻՄ-երին փորձում են ենթարկել պետական իշխանությանը: Համամի՞տ եք:

- Ամենևին։ Այսօր կառավարություն-մարզպետ-համայնքապետ կառավարման շղթան (կենտրոն-համայնքներ փոխհարաբերությունները) շատ ուղղաձիգ (երբեմն ավտորիտար) է։ Այդ փոխհարաբերությունների ավտորիտար բնույթը գալիս է խորհրդային տարիներից ու ավանդույթի ուժով է։ Համայնքի ղեկավարի անուղղակի ընտրակարգի հետևանքով կունենանք պատկեր, երբ այս կամ այն համայնքի մասին խոսելիս ասելու ենք. այս համայնքը կոմունիստներինն է, մյուսը՝ դաշնակներինը և այլն (անունները պայմանական են)։ Դա կնշանակի, որ ազգային մակարդակում միջկուսակցական փոխհարաբերությունները նույնությամբ պրոյեկտվելու են համայնքներ ու կառավարություն փոխհարաբերությունների վրա։ Սա ինստիտուցիոնալ ճգնաժամի ռիսկերից է, որոնք հաշվի չեն առնվել։

- Նշել էիք, որ այս փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ քաղաքական ուժերը կդառնան տեղական ինքնակառավարման շահերի, ապակենտրոնացման լոբբիստներն ազգային մակարդակում, մինչդեռ Աժ-ում օրենքին կողմ քվեարկած պատգամավորները պնդում են, որ այս օրենքի նպատակն այն է, որպեսզի հաղթահարվի մաֆիոզ կլանների դիմադրությունը:

- Մեր քաղաքական գործիչները անարդարացիորեն «մաֆիոզ կլան» են համարում, օրինակ, որևէ գյուղական բնակավայրում մեծաթիվ ներկայացուցչի ընտրվելու երևույթը։ Դա շատ բնական երևույթ է, այդպես է նաև Գերմանիայում, Ավստրիայում ու ցանկացած երկրում։ Ինքնակառավարումը ծագում է, երբ մարդիկ մեկ վայրում համատեղ բնակություն են հաստատում, ու նման երևույթները շատ բնական են։

Բացի այդ, նույն համամասնական ընտրակարգը չի շրջանցելու այս երևույթը։ Նույն կուսակցությունները, հաղթանակի հասնելու ձգտումով, փոքր, ոչ ուրբանիզացված համայնքներում փնտրելու են հենց նման (մեծ ազգության ներկայացուցիչ, փորձառու, ազդեցիկ) թեկնածուներ։

Լոբբիզմի տեսանկյունից, այո, կուսակցությունները կլծվեն այս գործին, քանի որ կուսակցական համայնքապետերն ու ավագանու անդամները կուսակցությունների ներսում կձևավորեն այդ պահանջն ու առաջ կմղեն այդ շահերը։

Հիշեցնեմ, որ տեղական ինքնակառավարում, ցավոք, մենք ունենք ձևականորեն։ Փաստացի Հայաստանը կենտրոնացված երկիր է, որտեղ լիազորությունների մեծ մասը կենտրոնական իշխանության ձեռքում է, բնակիչների վճարած հարկերի միայն 2.1 տոկոսն է մնում տեղական իշխանություններին։

- Որոշ փորձագետների կարծիքով, նոր օրենքը հեշտացնում է համայնքի ղեկավարին հանելու պրոցեսը: Արդյոք այդպե՞ս է:

- Դա ամենևին էլ դրական չէ տեղական ժողովրդավարության ու արդյունավետ ինքնակառավարման տեսանկյունից։ Համայնքի ղեկավարը պետք է հնարավորություն ունենա գործել սեփական պատասխանատվությամբ։

- Այս օրենքի հետ կապված ևս մեկ խնդրահարույց հարց բարձրացվեց: Քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարող մասնակցել ՏԻՄ ընտրությանը: Ինչո՞ւ նրանց մասնակցության հնարավորությունը մերժվեց:

- Խնդիրն ավելի լայն է։ Սահմանափակվում է տեղական ինքնակառավարմանը անհատների մասնակցելու իրավունքը։ Սա այն պարագայում, երբ Հայաստանում կուսակցությունները դեռ այնքան ինստիտուցիոնալիզացված ու կայացած չեն, որ ներկայացված լինեն համայնքներում։ Լավագույն լուծումը կլիներ ավագանու խառը ընտրակարգը՝ համամասնական և մեծամասնական։

Քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությունը փոխզիջում կարող էր լինել, բայց քաղնախաձեռնություններն էլ կայուն սուբյեկտներ չեն կարող լինել։ Բոլոր դեպքերում, ժողովրդավարության տեսանկյունից մտահոգիչ իրավիճակ է։

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ