Այս իշխանությունը մի շարք պակասություններ ունի` կադրային սովից մինչև կառավարման փորձառություն, այս իշխանության բախտը մի շարք հարցերում չի բերել` գլխավորապես քոչարյանասերժական այլասերված վարչակազմի ժառանգորդը լինելու, բայց ամենաշատը չի բերել հատկապես ընդդիմության հարցում: Փաստենք, որ այսօրվա իշխանությունը չունի իրեն համարժեք, այսինքն` լեգիտիմ քաղաքական ընդդիմություն:
Ընդդիմություն հասկացությունը երբեք այնքան չի իմաստախեղվել, որքան հեղափոխությունից հետո: Այնպես չէ, որ մինչ հեղափոխությունն ունեինք էտալոնային ընդդիմություն (մեկ-երկու բացառությունները չհաշված), քանի որ մի միջավայրում, որտեղ իշխանությունը գեներացնում է այլասերման ախտն ու խաթարում քաղաքական դաշտի էկոլոգիան, չեն կարող լինել լիովին առողջ ընդդիմադիր ուժեր. ինչպես որ ծխողների շրջապատում հայտնված չծխողներն են դառնում պասիվ ծխողներ` շնչելով առաջինների արտանետած թունավոր ծուխը: Գուցե հենց այդ պատճառով էլ վերջին երկու տասնամյակում թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության «առողջական վիճակը» չի ունեցել կոնկրետ ախտորոշում ու բնորոշվել է տարբեր մակդիրներով` «իշխանության կցորդ»-ից մինչև «ջեբի ընդդիմություն», «աչքաչափով քննադատող»-ից մինչև «Միշիկի պրոյեկտ» կամ «Սերժի դրածո»: Նման սուբյեկտիվ բնորոշումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, քանի որ նախկինում, ինչպես փորձն է վկայում, քվոտավորվում էր ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը, և եթե առաջինն ուներ բացարձակ ազատություն «խփելու» այնքան, անելու այն, ինչքան ուզում է և ինչ ուզում է, ապա երկրորդի գործելու ազատությունը մինչև այնտեղ էր, որտեղից այն կողմ լեզու ու ձեռք երկարացնելը կարող էր անսպասելի հետևանքներ ունենալ` ծոցագրպանում հայտնված «Իգլայի», խոհանոցում թաքցված ատոմային զենքի ու այլ զինատեսակների տեսքով: Եվ որպես այս ամենի հետևանք` բարև՛, բանտ:
5 հոգով 6 երգ են լացում
Իսկ այն, ինչ այսօր է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, ավելի շատ հատուկ է վայրի բնության օրինաչափություններին: Ընդդիմության դաշտն այսօր զբաղեցնում են ոչ թե մրցակցային, առաքինի, ազնվազարմ քաղաքական ուժերը, այլ դաշտն ուզուրպացրած քաղաքական սպեկուլյանտները, բիճ զառամախտավորները, «դաղալները», կլասիկ «էռոռները», «Հայրենիք»-ի անունից ճամարտակող դասալիքների խառնամբոխը, որի օրակարգը մեկն է` ռևանշը, նպատակը` վերադարձն իշխանության մոնոպոլացմանը, ինչքան ուզել՝ էնքան խփելուն, կոռուպցիային, տնտեսական դաշտի 50/50-ացմանը, իրավական դաշտի անմնացորդ «հրայրացմանը», պետական ունեցվածքի հաշվին միհրանների, միշիկների օֆշորային կալվածքների ընդլայնմանը ու այսպես շարունակ: Խառնամբոխն այս ամեն ինչ անում է, որպեսզի իշխանությունը խորասուզվի ոչ թե հեղափոխական օրակարգը սպասարկելու մեջ, այլ ներքաշվի «ընդդիմադիր պարտիզանների»` օր օրի լպիրշացող սադրանքներին դիմակայելու գործում, որոնք դրսևորվում են տարբեր կերպ` ԱԺ ամբիոնից հայհոյանքներ տեղալով, Մարտի 1-ի գործի քննությունը վիժեցնելու համար «վենետիկների» ու «մոսկվաների» դռներն ընկնել-աջակցություն խնդրելով, 98-ի հեղաշրջման կրկնության սցենարը գեներացնելով, Ալիևի երկարած լեզվի մասին տրակտատներ երկնելով, վերջինիս պատերազմ սկսելու հրավեր ուղարկելով, զանազան սոցիալական արհավիրքների մասին գուժելով, միջազգային գործընկերների ականջին իշխանությունների հասցեին բամբասելով, հեղինակազրկելով: Մի խոսքով` «5 հոգով 6 երգ երգելով»` 6-ն էլ «3 մանեթանոց լացի» լադով ու մոտիվներով:
Գտի՛ր 10 տարբերություն
Կգտնվեն մարդիկ, որոնք այսքանը կարդալուց հետո տարակուսած կբարձրացնեն իրենց ձախ կամ աջ հոնքը` հեռակա արձագանքելով, թե` ընդդիմությունը, որի ներկայացուցիչներից շատերն այսօր իշխանություն են, և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, ժամանակին քարը քարին չէին թողնում Քոչարյանի ու Սարգսյանի վարչակազմերին քննադատելիս, ահա այժմ էլ, նույն տրամաբանությամբ, իշխանությանը քննադատելու էստաֆետը վերցրել է այսօր ընդդիմություն դարձած նախկին իշխանությունը: Իսկ ռևանշի, որպես արգահատելի իրողության մասին խոսակցությունը գուցե շատերը քաղաքագիտության տրամաբանությանը հակասող համարեն, քանի որ ընտրություններում պարտված քաղաքական ուժերը եթե իշխանությունը վերադարձնելու խնդիր չեն դնում, ապա դադարում են «զբաղվել պոլիտիկա»: Նման դիտարկումները թեև տրամաբանական են ու արդարացի, սակայն թե' իրավիճակի, թե' պայքարի նպատակների, ձևի ու բովանդակության առումով այսօրվա ու նախկին ընդդիմությունները անհամեմատելի են: Նախ` նախկինում ընդդիմությունը պայքարում էր տոտալ կեղծիքի ու ընտրական ապօրինությունների գնով իշխանության եկած ոչ լեգիտիմ քաղաքական ուժի ու նրանց արբանյակների դեմ` կիրառելով քաղաքական տեխնոլոգիաներ և պայքարի սահմանադրական եղանակներ` հանրահավաքներ, ցույցեր ու այլ միջոցառումներ:
Երկրորդ` ընդդիմության թիկունքում նախկինում իրենց իրավունքների համար պայքարող ժողովրդական հսկա զանգվածներն էին, իսկ այսօրվա ընդդիմության թիկունքը ատելությամբ լցված ու արյուն տենչացող մարգինալներն են ու քրեաօլիգարխիան, որի ներկայացուցիչներից շատերի նկատմամբ այսօր քրեական հետապնդում է իրականացվում: Իշխանությանը սերտաճած օլիգարխիկ կլանը, որը ժամանակին «փակում» էր ռեժիմի վերարտադրության «հաշիվը», այսօր փաստացի և դե յուրե զրկված է այն քաղաքական «կռիշից», որի ներքո ընդամենը երկու տարի առաջ կառուցում էր իր մեկուսի երջանկությունը, փթթում էր ու բարգավաճում: Այդ նույն քրեաօլիգարխիան այսօր պատրաստ է անգամ «արյունը ծախել»` հանուն ռևանշի ծրագրի իրագործման, որպեսզի վերադարձնի հանգիստ թալանելու և թալանածը ապահով վայելելու երբեմնի կայուն երաշխիքները: Նրանց պետությունը չի հետաքրքրում, այլ` կողոպուտը պետական մակարդակով:
Առողջ ընդդիմությունը` պարտադիր շքեղություն
Անհերքելի է, որ մրցակցային քաղաքական համակարգերում որակյալ կառուցողական ընդդիմություն ունենալը պարտադիր շքեղություն է, որը նաև համակարգի ճկունությունն ու դինամիկան ապահովող կարևոր երաշխիք է: Հաշվի առնելով առկա իրավիճակը, անխոս, առկա է դաշտը կառուցողական ընդդիմության ակտիվությամբ «ծածկելու» հրամայականը, ընդդիմություն, որը կզբաղվի ոչ թե իշխանության լեգիտիմությունը մաշելով, զգոնությունը կեղծ օրակարգերով ու սադրանքներով բթացնելով, այլ կմոտիվացնի այդ լեգիտիմությունը ճիշտ ուղղություններով հասցեավորել-օգտագործելու համար: Իսկ ուղղությունները բազմաթիվ են` դատաիրավական ոլորտի բարեփոխումներից մինչև հարկային օրենսդրություն, արտաքին քաղաքականության գերակա խնդիրներ:
Արձանագրենք, որ կան հատուկենտ քաղաքական ուժեր, մասնավորապես` Հայ ազգային կոնգրես, «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում», նոր ձևավորված Հանուն Հանրապետության նախաձեռնություն, որոնք, ըստ քաղաքագիտական օրիենտացիայի, լինելով ընդդիմություն` մաս չկազմելով իշխանությանը, իրենց բարձրության վրա են, չեն մասնակցում «բորենիների գաղջ խրախճանքին»: Իսկ իշխանությունը, իր ունեցած պակասությունները հաշվի առնելով, հարկ է, որ գիտակցի` ինքն այնքան հարուստ չէ, որպեսզի հրաժարվի առողջ, կառուցողական ընդդիմության «ծառայություններից» օգտվելու շքեղությունից:
Հեղինե Մանուկյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020