...

Քաղաքականության վերանայման հրամայականը

Քաղաքականության վերանայման հրամայականը

Իհարկե ժամանակը չէ: Իհարկե այս ամենին պետք է անդրադառնալ պատերազմից հետո: Բայց նաև պետք է արձանագրել, որպեսզի հետպատերազմյան օրակարգը հստակ լինի:

Հայաստանի մեծահարուստները, համենայնդեպս նրանց մեծամասնությունն անհաղորդ մնաց պատերազմին և դրա արդյունքում ստեղծված ճգնաժամին: Բացառությամբ մի քանի հոգու, մնացածը չցանկացան դատարկել իրենց քսակները և օգնություն տրամադրել հայրենիքին: Այն հայրենիքին, որի շնորհիվ միլիարդավոր դոլարներ են դիզել: Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպես են հարստացել և ինչ պայմաններում:

Եթե հայկական ծագումով հայաստանցի մեծահարուստներից բան պահանջելը պարապ զբաղմունք է, ապա Հայաստանում ապրողները և խոշոր բիզնես ծավալողները պետք է մի փոքր այլ վարքագիծ դրսևորեին:

Բայց ոչ, նրանք նախընտրեցին, օրինակ, 5 դատարկ ֆուռ տրամադրել հավաքված օգնությունը Արցախ տանելու համար: Մի մասը ընդհանրապես այլ կրեատիվ լուծում գտավ. իրենց տիրապետության տակ գտնվող մեդիաներով տեղեկատվություն տիրաժավորել, թե բա չգիտեք՝ այդ մարդիկ ինչեր են արել, պարզապես չեն ցանկանում հանրայնացնել: Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ օգնություն է, որ չարժի հանրայնացնել: Ինչ է՝ զենքը ազատ վաճառվում է և այն էլ ժամանակակից զենքի տեսակները, որ մտան գնեցին և ուղարկեցին ճակատ: Հեքիաթ պատմել պետք չէ: Գուցե մի քանիսն ուտեն խայծը, բայց մտածող մարդկանց մոտ դա միայն քմծիծաղ կառաջացնի:

Խնդիր ունի նաև իշխանությունը և պետք է արձանագրել, որ դա նրա դանդաղկոտության և անհեռատեսության պատճառով է: Թավիշը պետք էր դեն նետել 2018 թվականի ամռանը և սկսել թալանված միջոցների կոնկրետ վերադարձ: Մաքսիմալիստական թվեր չհնչեցնենք, բայց գոնե մեկ միլիարդը լրիվ իրատեսական թիվ էր: Այդ գումարով հնարավոր կլիներ գնել ԱԹՍ-ների մեծ խմբաքանակ, և այսօր լուրջ վնասներ կհասցվեին թշնամու զինանոցին: Դրա փոխարեն 2.5 տարի անց ունենք դեռ չաշխատող ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք, որը դեռ մի դոլար չի վերադարձրել պետական բյուջե:

Պատերազմի ավարտից հետո անմիջապես, հաջորդ օրվանից պետք է վերանայվի թավիշը, նոր քաղաքականություն որդեգրվի, որը արագ կապահովի բանակի էական վերազինում: Ներդրումային դաշտի, բիզնես մթնոլորտի և այլ ճոխությունների մասին ժամանակավորապես պետք է մոռանալ՝ առաջնային դարձնելով բանակի զինամթերքի համալրումը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   989 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ