...

Քաղցր ու համեղ. Լուկումադես

Քաղցր ու համեղ. Լուկումադես

Հունական այս աղանդերը՝ լուկումադեսը, իրենից սովորական փքաբլիթներ է ներկայացնում, փոքրիկ գնդիկներ՝ պատրաստված սովորական խմորիչով խմորից: Բայց չնայած բաղադրիչների հասարակ լինելուն, այսպիսի փքաբլիթներ պատրաստելու համար ժամանակ ու համբերություն է պետք: 

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 500 գ ալյուր
  • 1 փաթեթ կամ 7 գ չոր փխրեցուցիչ
  • 1 թ.գ. աղ
  • 300-350 մլ ջուր
  • կարագ՝ տապակին քսելու համար

Օշարակի համար

  • 2 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ մեղր
  • աղացած դարչին

Պատրաստման եղանակը

  1. Խմորիչը բացեք ոչ մեծ քանակության, 38-40 աստիճան ցելսիուս տաքության ջրի մեջ, 5-7 րոպե թողեք մինչև խմորիչն սկսի փրփրել:
  2. Ալյուրն ու աղը խառնեք, լցրեք սեղանի վրա, բլուր արեք: Ալյուրի կենտրոնում անցք բացեք, լցրեք խմորիչով ջուրն ու սկսեք խմոր հունցել՝ քիչ-քիչ ավելացնելով ավելացած տաք ջուրը:
  3. Խմորը հունցեք մինչև էլաստիկ դառնալը՝ մոտ 10 րոպե, վերածեք գնդի, վրան մի փոքր կարագ քսեք, տեղադրեք մաքուր թասի մեջ, սրբիչով ծածկեք և մոտ 1 ժամ թողեք տաք տեղում, թող բարձրանա:
  4. Պատրաստեք օշարակը: Կաթսայի մեջ լցրեք շաքարավազը, 1 բաժակ ջուրը և մեղրը, հասցրեք եռման աստիճանի և 4-5 րոպե եփեք: Օշարակը հանեք կրակի վրայից ու պահեք տաք վիճակում:
  5. Լայն ու խորը կաթսայի մեջ հալեցրեք կարագը:
  6. Ձեռքերը մտցրեք ջրի մեջ, խմորից փոքր մաս պոկեք, ընկույզի չափի գունդ արեք, տեղադրեք տաքացած կարագի մեջ, տապակեք:
  7. Նույն ձևով, անընդհատ շուռ տալով տապակեք մյուս գնդիկները մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի փքաբլիթները տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:
  8. Գնդիկները բլուրի ձևով տեղադրեք մեծ ափսեի մեջ, վրան լցրեք տաք օշարակը, թողեք 15-30 րոպե՝ ներծծվի: Մատուցելուց առաջ վրան դարչին ցանեք:

Խորհուրդ: Դարչինի համն ուժեղացնելու համար օշարակը եփելիս կարող եք նրա մեջ դարչինի փայտիկ ավելացնել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ