...

Քոչարյանին ազատելը կնշանակի սադրանքների ու ցնցումների երկրորդ ճակատ բացել

Քոչարյանին ազատելը կնշանակի սադրանքների ու ցնցումների երկրորդ ճակատ բացել

Առաջիկա ներքաղաքական զարգացումների կոնտեքստում չափազանց կարևոր է լինելու, թե այսօր ինչ որոշում կկայացնի դատարանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: Եթե դատարանը բավարարի պաշտպանների միջնորդությունը, և Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, դա միայն Մարտի 1-ի գործի դատավարության վիժեցում չի ենթադրի: Այլևս անհնար կլինի մեղադրել դատավորներին, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարի մայիսին: Այլևս անհնար կլինի նոր կոչերով հանդես գալ և հասարակությանը համախմբել դատական իշխանության դեմ:

Վեթինգից հրաժարումը, դատական համակարգում անցած մեկ տարում որևէ շոշափելի բարեփոխման բացակայությունը և հակառակը՝ վարչապետի շուրթերով արձանագրված միտքը, թե դատական իշխանությունում էլ կան հայրենասեր և արդարադատությանը նվիրված անձինք, անհնար կդարձնեն հասարակության որևէ   կոնսոլիդացիա դատական իշխանության ու հատկապես դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ:

Եթե Քոչարյանը ազատվի, հաջորդ պահից այնպիսի քանակության դավադրության վարկածներ են շրջանառվելու, որ իշխանությունը չի հասցնելու անգամ դրանք արձանագրել և համակարգել: Հաստատապես դա չի լինելու հասարակության միայն մի քանի օրվա ցասում և դժգոհություն, շատ շատերը գալու են այն համոզման, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, ուստի նրա հետ ճանապարհ գնալն անհեռանկարային է:

Միայն Քոչարյանի կալանքը չփոխելու դեպքում է հնարավոր դիմակայել Միքայել Մինասյան-Էդմոն Մարուքյան-Արթուր Վանեցյան իրավաբանորեն չձևակերպված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող դաշինքի առաջիկա   հարվածներին ու սադրանքներին: 

Հակառակ պարագայում, Քոչարյանը, հայտնվելով ազատության մեջ, ուժի սեփական դեմոնստրատիվ քայլերն է   անելու, որպեսզի տատանվողները ձգվեն դեպի իրեն և ոչ թե դեպի Միքայել Մինասյանն ու նրա սատելիտները: Այս թիմերի միջև կա մրցակցություն, որը հիմա չի արտահայտվում, քանի որ ունեն մեկ ընդհանուր թշնամի: Դիրքերի բարելավման դեպքում այդ մրցակցությունն ավելի ակներև է դառնալու: Ուշագրավ է, որ երբ Միքայել Մինասյանը   թվարկում է գործող իշխանության մեղքերը և առաջ քաշում ուլտիմատիվ պահանջներ, մոռանում է Քոչարյանին և   միայն նրա աջակիցների հիշեցումից հետո է մեկ բառով պատասխանում՝ «վստահ», Քոչարյանն էլ պետք է   ազատվի:

Անշուշտ իշխանության վրա կա ճնշում, այդ թվում՝ արտասահմանից: Անշուշտ այդ ճնշումն առնչվում է նաև   Հայաստանին վերաբերող մի շարք կարևորագույն խնդիրներին, սակայն իշխանությունը պետք է գիտակցի, որ կալանքի փոփոխումը չի նվազեցնելու ճնշումը, հակառակը՝ այն աճելու է երկրաչափական պրոգրեսիայով:

Մի քանի ժամից պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով կգնա իշխանությունը, և կունենանք արդյոք սադրանքների   ու ցնցումների բացված նոր երկրորդ ճակատ:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1136 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ