Միանշանակ է՝ չհաջողվեց հայտնի ուժերի փորձը ներկայացնել, թե իբր Մարգարիտա Սիմոնյանի քննադատությունը, իսկ իրականում վիրավորանքներով լեցուն գրառման հասցեատերը իշխանություններն են և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի հասարակությունը իրեն համարեց հասցեատերը և արժանավույնս հակադարձեց հայտնի պրոպագանդիստին:
Թերևս սխալ է հասարակության միահամուռ արձագանքը բացատրել միայն այն հանգամանքով, որ իշխանությունները լեգիտիմ են, ուստի ժողովուրդը պաշտպանում է իր իշխանությունը: Լեգիտիմ են աշխարհի շատ կառավարություններ, բայց միշտ չէ, որ նրանց ուղղված մեղադրանքները և վիրավորանքները հասարակություններն ընդունում են որպես իրենց հասցեին ուղղված խոսք:
Իսկ պատճառն այն է, որ Սիմոնյանը, գրառումը վերնագրելով իբրև մեղադրանք Հայաստանի իշխանությունների հասցեին, շատ վտանգավոր շեշտադրումներ է արել Հայոց պետականության վերաբերյալ: Առավել վտանգավորը հետևյալ երկուսն են:
Առաջին. Հայաստանը չի ճանաչում Ղրիմը՝ իբրև Ռուսաստանի մաս: Սիմոնյանը փորձում է այնպես ներկայացնել, թե իբր Ռուսաստանի ղեկավարությունն ունի նման ծրագրեր՝ պարտադրելու Հայաստանի որևէ իշխանության ճանաչելու Ղրիմի բռնակցումը: Աշխարհը շատ արագ փոխվում է և հայտնի չէ, թե մի քանի տարի հետո ինչ խճանկար և ուժերի հարաբերակցություն կունենանք: Բայց այսօր և նաև մոտ ապագայում Ղրիմի ճանաչումը անհնար է Հայաստանի որևէ իշխանության կողմից, եթե իհարկե նպատակը երկրին անդառնալի հարվածներ հասցնելը չէ: Այդ դեմարշը Հայաստանի կարգավիճակը կիջեցնի ավելի ներքև, քան ենթադրում է ֆորպոստի կարգավիճակը: Դա կենթադրի հարաբերությունների ամբողջական սառեցում ոչ միայն Արևմուտքի, այլ նաև աշխարհի հետ:
Երկրորդ. Դուք դատում եք Ռուսաստանի դաշնակից Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն՝ Հայաստանը պետք է զիջի իր սուվերենությունը և չիրականացնի անկախ արդարադատություն: Օրենքից առավել պետք է հայտարարվեն բոլոր նրանք, որոնք համարվում են Ռուսաստանի ազդեցության գործակալներ, նրա շահերի սպասարկողներ և բոլոր նրանք, որոնք քիմիական կապ ունեն Ռուսաստանի ղեկավարի հետ: Սա ուղիղ մարտահրավեր է Հայաստանի սուվերենությանը և չի կարող դիտարկվել միայն որպես կշտամբանք՝ ուղղված Հայաստանի իշխանության հասցեին:
Իսկ հիմա, եկեք այս երկու մեսիջները միավորենք և պարզ կդառնա. եթե Հայաստանի ներկայիս ղեկավարը լիներ Քոչարյանը, ապա Ղրիմը կճանաչվեր իբրև Ռուսաստանի մաս: Դա կործանարար հետևանքներ կունենար Հայաստանի համար, բայց Քոչարյանը այնպիսի վիճակում է գտնվում, որ պատրաստ է ցանկացած խոստում տալ Ռուսաստանին, միայն թե ստանա նրա աջակցությունը: Եվ դա անում է մարգարիտա սիմոնյանների միջոցով: Բայց, բարեբախտաբար, Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն այդ տիկինը չէ: Եվ ներկա պահին նա ավելի շատ խոպան գործ է վերցրել՝ փորձելով առաջ մղել Քոչարյանի շահերի սպասարկումը:
Ռուսաստանում գիտակցում են, որ այս պահին, իրենց դիրքերի և տարածաշրջանում հայկական գործոնի դերի նվազումը ամենևին չի բխում Ռուսաստանի շահերից՝ հաշվի առնելով Թուրքիայի ախորժակները և նկրտումները:
Այնպես որ՝ Հայաստանի իշխանությունը չպետք է տրվի գայթակղությանը և Սիմոնյանին պատասխանելու ընթացքում նրան ասոցացնի Ռուսաստանի պետական շահերի հետ:
Արիս Վաղարշակյան