Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հերթական բացարկն են ներկայացրել: Այս անգամ նրանց սրտով չէ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը: Իսկ «ինչում» են մեղադրում դատավորին: Պարզվում է՝ նրա եղբայրը հավանել է Սերժ Թանկյանի գրառումը, որում աշխարհահռչակ երգիչը իր գոհունակությունն է հայտնում Քոչարյանի՝ նորից քրեակատարողական հիմնարկում հայտնվելու փաստի վերաբերյալ:
Օրեր առաջ Քոչարյանը հայտարարեց՝ հիվանդ է այն հասարակությունը, որ ուրախանում է կալանավորումներից: Այսինքն՝ ինքն էլ խոստովանեց, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է նրան տեսնել կալանավայրում: Հակառակ պարագայում բացարձակ իմաստ չուներ վիրավորել ամբողջ հասարակությանը, կթիրախավորվեր միայն իշխանությունը: Եվ եթե հասարակությունը ցանկանում է Քոչարյանին տեսնել ճաղերի հետևում, ապա ինչպես գտնել հայաստանցի դատավոր, որ Քոչարյանի կալանքը ավետող գրառում հավանած բարեկամ չունենա: Այդպիսի բարեկամներ ցանկության դեպքում կարելի է գտնել անգամ դատավորներ Ռշտունու և Ազարյանի շրջապատում:
Հաջորդ բացարկների առիթ կլինեն դատավորների ընկերներից մեկի կողմից ՀԴՄ պահանջելը, մորուք պահելը, Իջևանով անցնելը և վերջապես երբևիցե «Հայկական ժամանակ» կարդալը:
Չկա նաև որևէ ընդհանրություն նախորդ դատավորին դատախազության կողմից բացարկ հայտնելու հետ: Նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բացարկ հայտնեց, որովհետև ԱԱԾ-ում կա հարուցված քրեական գործ, որի հիմքում կա կասկած առ այն, որ նա մասնակցել է առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից որոշում գրելուն: Հիշեցնենք, այդ որոշման արդյունքում Քոչարյանը ազատ արձակվեց, իսկ գործն ուղարկվեց ՍԴ: Ուրիշ դատավորի կողմից որոշում գրելուն մասնակցելու կասկածանքը համարժեք չէ հարազատի կողմից ինչ-որ գրառում հավանելուն:
Համաշխարհային քրեական իրավունքում դժվար թե գտնվի նման նախադեպ: Անձը արդեն մեկ տարուց ավել է, ինչ կալանավորված է, սակայն ամեն ինչ անում է, որպեսզի բուն դատավարությունը չսկսվի: Բացարկներ է հայտնում, հիվանդանում, բայց չի ցանկանում, որ դատական գործընթացը սկսվի, որպեսզի ապացուցի իր անմեղությունը: Տպավորություն է, որ Քոչարյանը ցանկանում է անցնել Դյումայի հերոս Էդմոն Դանտեսի ռեկորդը, որը 14 տարի անցկացրեց բանտում, առանց դատավճռի:
Քոչարյանը խելագար չէ, նա ունի հույս, և այդ հույսի անունն է ՍԴ: Իշխանությունը օր առաջ պետք է նրան զրկի այդ հույսից և ստիպի կենտրոնանալ առաջին ատյանի դատարանի դատավարության վրա:
Արիս Վաղարշակյան