...

Քոչարյանը և Սարգսյանը շտապում են. պետք է օգտվել դրանից

Քոչարյանը և Սարգսյանը շտապում են. պետք է օգտվել դրանից

Քաղաքական դաշտում հեղափոխությունից հետո գրեթե ոչինչ չի փոխվել: Միայն հիմնական դերակատարներն են փոխվել տեղերով: Հեղափոխություններին հատուկ քաղաքական դաշտի ամբողջական տրանսֆորմացիա, մերժված ուժերի թատերաբեմից հեռանալ և իրավիճակին բնորոշ այլ փոփոխություններ տեղի չեն ունեցել:

2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները շատ արագ հանգուցալուծվեցին, և որոշ ուժեր կարողացան խնամքով թաքցնել իրենց էությունը՝ հետագայում ռևանշի ուժերին ծառայելու նպատակով: Սկզբում նրանք փորձեցին թիկունք կանգնել Սերժ Սարգսյանին՝ երրորդ ճանապարհ փնտրելով կամ փողոցի շարժումը օրենքից դուրս հայտարարելով, բայց օրեր անց հասկացան՝ պարտիան տանուլ է տրված: Դա նաև բխում էր նախկին ռեժիմի շահերից, քանի որ այդ ուժերի բացահայտ օգտագործումը նրանց պարզապես դարձնելու էր թնդանոթի միս, գործածության համար այլևս անպիտան: Հայտնի կլանը որոշեց նրանց օգտագործել այլ տեղում: Նրանք գործուղվեցին կառավարություն, որպեսզի ներսից խոչընդոտեն և սաբոտաժի ենթարկեն նոր իշխանությունների քաղաքականությանը: Բայց հոկտեմբերին տակտիկական սխալ արեցին հաշվարկների մեջ, ինչից օգտվեց իշխող ուժը և նրանց դուրս մղեց կառավարությունից: Վերջին ուժը՝ «Լուսավոր Հայաստանը», ընդամենը երկու ամիս ավել մնաց կառավարությունում և ընտրությունների արդյունքում վերադարձավ ի շրջանս յուր: 

Եթե 2018-ի գարնան իրադարձությունները մի փոքր երկարեին, իսկ Փաշինյանը չձգտեր օր առաջ վերցնել իշխանությունը, այդ ուժերը ավելի մեծ թափով էին վարկաբեկվելու և ավելի լուրջ իմիջային կորուստներ էին արձանագրելու: Ճիշտ է, այսօր զավեշտալի է հնչում Նաիրա Զոհրաբյանի արտահայտությունը, թե «մենք չլինեինք, Նիկոլը վարչապետ չէր լինի», բայց վերոհիշյալ սցենարի դեպքում անգամ այդ խոսքերը չէին լինի: 

Վերջին մի քանի օրերին ակներև դարձավ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն այլևս ժամանակ և ռեսուրս չունեն տուն-տունիկ խաղալու ու այդ ուժերին հնարավորություն տալու որպես խորհրդարանական ցիվիլ ընդդիմություն ներկայանալու համար: Եվ նրանց ստիպեցին տարբեր ճակատներով անցնել հակահարձակման՝ ներդրում, կոռուպցիա, հայոց լեզու և այլն: Գործող իշխանությունը կպարտվի, եթե միայն պաշտպանվի: 2018-ին բաց թողնված պահը ներկայումս պետք է իրագործվի: Դաշնակցությունում տիրող բարքերը, այն է՝ ներքին տեռորը կուսակիցների հանդեպ, ոչ թե պետք է դառնա իշխանության ներկայացուցիչների հումորի առարկա, այլ արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը: Ծառուկյանի բիզնեսը պետք է ենթարկվի տոտալ ստուգումների, և հասարակությունը հասկանա նրա իրական կշիռը Հայաստանի տնտեսության մեջ: 

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3754 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ