...

Ռևանշ մեկ մարդու դեմ

Ռևանշ մեկ մարդու դեմ

Կորոնավիրուսի համավարակը, բացի առողջապահական լրջագույն խնդիր լինելուց, նաև հավակնում է դառնալ քաղաքական անչափ կարևոր ու շահավետ գործոն, որից իրենց բաժին շահն են փորձում քաղել անհաշտ ընկերները` իշխանությունն ու ռևանշի ճամբարը:

Վերջինի ակնկալիքը հայտնի է բոլորին` ամեն գնով, նույնիսկ երկրի հեղինակությանը, ազգային անվտանգությանը հասցվելիք վնասի, ընդհուպ` վարակի հետևանքով մահացածների դիակները շահարկելով հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Ուշադրություն դարձնենք, որ ռևանշիստների պահանջը ձևակերպված է ոչ թե «իշխանափոխություն»` որպես համալիր քաղաքական միջոցառում, որը ենթադրում է օրենսդիր, գործադիր, դատական մարմինների փոփոխություն, այլ մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի հեռացում, այսինքն` կառավարության գլխատում, ինչից հետո իշխանությունն ուզուրպացնելը կլինի ընդամենը տեխնիկայի հարց: (Պետք չէ խաբվել Ծառուկյանի այն ձևակերպմանը, թե կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի: Իրականում նրա կռիվը մեկ մարդու դեմ է): Ռևանշի խայտաբղետ ճամբարում շատ լավ գիտեն, որ եթե այսօր կառավարությունը հրաժարական տա ու արտահերթ ընտրություններ նշանակվեն, ժողովուրդը նրանց ոչ միայն երկրորդ անգամ է ուղարկելու «քաղաքական աղբանոց», այլև կոնսերվացնելու է պետական-անվտանգային էկոմիջավայրին վաղուց սպառնացող այդ աղբավայրը: Ընդ որում այդտեղ են հայտնվելու նաև այն քաղաքական ուժերը, որոնք այսօր խորհրդարանում են հայտնվել հեղափոխության վերմակը ճիշտ ժամանակին իրենց վրա քաշելու շնորհիվ: Այս ամենին զուգահեռ հնչող գոռգոռոցները, որ իբրև թե իշխանության վարկանիշը ամեն օր գահավիժում է կորոնավիրուսով վարակվածների աճին զուգընթաց, պետք է մեկնաբանել հայտնի ասացվածքի համատեքստում` արջն իր ահից է գոռում:

Ինչպես ազատվել «Կալիգուլայից»

«Պերեվառոտի» շտաբի պարոններն ու աղջիկ-պարոններն այնքան են տարված Նիկոլին «քցելու» սևեռուն գաղափարով, որ մոռացել են ամենակարևորի` «ինչպեսի» մասին: Նրանցից ամենագաղտնապահը` Արթուր Վանեցյանը, առաջինն ազադարարեց «կառավարությանն ու Ն. Փաշինյանին անվստահություն հայտնելու» մասին, բայց հետո որոշ բացբերաններ հուշեցին «տավարիշչ» Վանեցյանին խայտառակ չլինելու համար բացել ՀՀ սահմանադրությունն ու կարդալ 115 հոդվածի մասնավորապես 4-րդ կետը` «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել»: Հասկանալով, որ այժմ անվստահություն հայտնելը հակասահմանադրական է, խաղի մեջ մտած Ծառուկյանն առաջ քաշեց կառավարության հրաժարականի պահանջը: Կառավարության հրաժարականի հարցը նույնպես կարգավորվում է Սահմանադրությամբ: Ըստ 158-րդ հոդվածի` կառավարությունը ՀՀ նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Հասկանալով, որ Փաշինյանին հրաժարական պարտադրելու որևէ իրական ու ծանրակշիռ գործոն առկա չէ, ռևանշիստների անելիքն այս ընթացքում ուղղված էր մեկ խնդրի` նրանից ստանալ ադամանդի, ծխախոտի, զենքի կոռուպցիոն առուծախերի մեջ թաթախված «ապիկարի» կերպար, որի գլխին պետք է ջարդել նաև կորոնավիրուսի հետևանքով արձանագրվող մահերը: Ահաև ժողովրդին 2018-ին «հարիֆացրած» «արյունարբու Կալիգուլային» հեռացնելու համար ռևանշիստները փորձում են հանրային պահանջ ձևավորել, հույս փայփայելով, որ նա իր խոսքի տերը կլինի: Մասնավորապես այս. «Այն պահին, երբ զգամ, որ չունեմ ժողովդի վստահությունը, ոչ մի րոպե ավել չեմ մնա կառավարությունում»:

Ներթիմային «դեզինֆեկցիա»

Համավարակով պայմանավորված արտահերթ դրության երկարացումը (այն հերթական անգամ երկարացվելու է) պատեհ առիթ է, որպեսզի ախտահանիչ, «հակապարազիտային» միջոցառումներ իրականացվեն նաև իշխանության ներսում: Որ իշխանական թիմը մոնոլիտ չէ, ինչպես Սարգսյանի ու Քոչարյանի օրոք էր, ինչի հետևանքով վարչապետի պատվանդանը ենթակա է սեյսմիկ վտանգի, ստիպված է եղել փոքր-ինչ այլ ձևակերպմամբ խոստովանել ինքը` վարչապետը` ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և` ես ջարդելու եմ այդ դիմադրությունը:

Օրերս ուժային կառույցների ղեկավարների ազատումն աշխատանքից պետք է դիտարկել ջարդիչ-ախտահանիչ միջոցառումների համատեքստում: Պատահական չէ այն, որ նրանցից երկուսը` ԶՈՒ ԳՇ պետն ու ոստիկանապետը Փաշինյանի համերկրացիներն են, և այսպիսով նա փորձում է փոխհատուցել ուժայինների հանդեպ իր վստահության պակասորդը: Ու ոչ միայն իր: (Դժվար է չնկատել նաև մի կարևոր հանգամանք` Փաշինյանը վերջին շրջանում ընդդիմադիրների գրոհներին պատասխանում է հիմնականում մամուլի խոսնակի ու աներորդու` Հրաչյա Հակոբյանի բերանով, ինչը ևս յուրայինների պակասորդի մասին է վկայում):

Ի դեպ, «դեզինֆեկցիոն» հրատապ միջոցառման կարիք ունի հատկապես ԱԺ-ն, որը ռևանշի իրականացման ամենահավանական էպիկենտրոնն է: Մամուլում քանիցս գրվել է, որ Փաշինյանը թիմակից խորհրդարանականների «սև ցուցակ» է կազմել, որոնց պատեհ իրավիճակում պետք է ստիպի մանդատները վայր դնել: Եթե սա դավադրապաշտության ժանրից չէ և նման ցուցակ իրոք գոյություն ունի, ապա կասկած չկա, որ ցուցակագրվածները պատեհ առիթը բաց չեն թողնի ռևանշի շտաբին «30 արծաթի» դիմաց ծառայություն մատուցելու համար:

Հեղինե Մանուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1190 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ